Կառավարությունն ուսումնասիրում է Ամուլսարի վերաբերյալ ուսումնասիրությունը

Կառավարությունն ուսումնասիրում է Ամուլսարի վերաբերյալ ուսումնասիրությունը

Ամուլսարի հանքավայրի էպոպեան  հասել է դրամատիկ վերջնագծին։ Փորձագիտական աշխատանքներ իրականացրած լիբանանյան «ԷԼԱՐԴ» ընկերության զեկույցը, որը շուրջ մեկ ամիս առաջ էր պատրաստ, եւ հրապարակումը ձգձգվում էր, մի քանի օր է՝ ոտքի է հանել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպաններին ու ակտիվիստներին։ Զեկույցից պարզ է դառնում, որ բնապահպանների բարձրացրած աղմուկն անիմաստ է եղել։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերն ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքեւ հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, իսկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի: Հարակից բնակավայրերն էլ, ըստ զեկույցի, գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու։ Շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում։ Մինչդեռ բնապահպանները փորձաքննություն իրականացնող կառույցի նկատմամբ վստահություն չունեն։
Չնայած երեկ հանքի շահագործման ջատագով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հերքեց տեղեկատվությունը, թե «ԷԼԱՐԴ»-ն իր հոր ընկերոջ ընկերությունն է, որին այդ փոխձաքննության համար 400 հազար դոլար գումար է հատկացվել կառավարության պահուստային ֆոնդից, սակայն բնապահպանները շարունակում են պնդել, որ Ամուլսարի հետ կապված փորձաքննությունը կատարելիս «ԷԼԱՐԴ» ընկերությունը կողմնապահ զեկույց է կազմել, միայն «ԼԻԴԻԱՆ»-ի փաստաթղթերն է ուսումնասիրել, ոչ թե դաշտային փորձաքննություն է իրականացրել։

Նրանք երկու օր է՝ Ամուլսարի տարածքում, Ջերմուկում բողոքի ցույցեր են անցկացնում եւ հանդիպում պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի դեպ, դեռեւս անցած տարի Փաշինյանն Ամուլսարի հետ կապված դիրքորոշում էր հայտնել, որ հանքի շահագործել-չշահագործելու հարցը պետք է որոշվի միջազգային կազմակերպության եզրակացությունից հետո։
«Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ ըստ էության մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան պետք է ստանանք: Գոնե ինձ այս երկու հարցն է անհանգստացնում՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սեւանի համար եւ ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի եւ ընդհանրապես՝ ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք ո՛չ դրական, ո՛չ բացասական, այսինքն՝ չեզոք պատասխան չունենք: Կարծում եմ՝ մենք պետք է համաձայնենք այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց այս հարցի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սեւանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սեւանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք»,- ասել էր վարչապետը։ 
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ կառավարությունն այս օրերին ուսումնասիրում է «ԷԼԱՐԴ»-ի զեկույցը, որից պարզ կդառնա, թե ինչ որոշում է ընդունելու։ Ներկայացնում ենք Տրդատ Սարգսյանի հետ մեր զրույցը։
- Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները հայտնի են, չնայած դրան, բնապահպանները  բարձրաձայնում են հանքի շահագործման վտանգավորության մասին, բողոքի ալիք է կրկին բարձրացել։ Ո՞րն է լինելու իշխանության քայլը։
- Իշխանության հաջորդ քայլը կլինի այդ փաթեթն ուսումնասիրելուց հետո, պետք է ուսումնասիրել այդ ընկերության ուսումնասիրությունը, նոր միայն կարծիք հայտնել։ Կառավարությունում հիմա ամբողջությամբ ուսումնասիրում են։
- Իսկ Ձեր դիրքորոշումը ո՞րն է՝  ի շահ տնտեսակա՞ն խնդիրների, թե՞ բնապահպանական։
- Ես իմ անձնական դիրքորոշումը չեմ ներկայացնի, ես ներկայացնում եմ կառավարությունը, որը հստակ հայտարարել է իր կարծիքը, հիմա կուսումնասիրեն, նոր կարծիք կհայտնեն։
- Անվստահություն կա փորձաքննություն իրականացրած ընկերության հարցում, տեղյա՞կ եք՝ ուսումնասիրություններ են արվել միայն «Լիդիանի» փաստաթղթերո՞վ, թե՞ նաեւ հանքի տարածքում։
- Մանրամասներին տեղյակ չեմ, բայց որեւէ պատճառ չկա այդ ընկերությանը չվստահելու։ Ընկերությունը 300 էջանոց կարծիք է հայտնել, հիմա կառավարությունն էլ ուսումնասիրում է դա։
- Դուք համաձայն չե՞ք, որ այս հարցը  կարող է փորձաքար դառնալ ձեր իշխանության համար, ձեր դեմ հանել անգամ յուրայիններին, որոնք ժամանակին պնդում էին, որ չի կարելի շահագործել Ամուլսարը։
- Եկեք սպասենք կառավարության ուսումնասիրությանը, ես չգիտեմ՝ երբ հայտնի կլինի կառավարության կարծիքը, բայց այժմ լայն քննարկում է ընթանում, ի վերջո, ակտիվիստներն էլ են ասում, որ լավ չի ուսումնասիրվել, հիմա կառավարությունը պետք է հասկանա՝ ինչ զեկույց է ներկայացվել։
- Երկու օր է՝ Ջերմուկում բողոքի ցույցեր են անում, Դուք հանդիպե՞լ եք նրանց հետ եւ տեղյա՞կ եք արդյոք՝ Նիկոլ Փաշինյանը կանսա՞ նրանց կոչերին եւ կմեկնի՞ Ջերմուկ։
- Ես չեմ հանդիպել, քանի կառավարությունն ուսումնասիրում է, վաղ է հանդիպելը։ Ես տեղեկություն չունեմ նաեւ՝ Փաշինյանը կգա՞, թե՞ ոչ։