23 միլիոնանոց շենքը գնվել է աճուրդով` աղքատ Հայաստանն ամենաբարձր գինն է առաջարկել

23 միլիոնանոց շենքը գնվել է աճուրդով` աղքատ Հայաստանն ամենաբարձր գինն է առաջարկել

Դեռեւս փետրվարին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը 23 մլն եվրոյով ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք է գնելու Փարիզում։ Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։ Տեղեկացանք նաեւ, որ նշված շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ ամենաթանկ թաղամասերից մեկում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից պատկանել է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Իսկ մինչ այդ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն ընդամենը մի քանի փողոց հեռավորության վրա էր գտնվում այս շենքից: Կառավարության որոշման մեջ գրել էին. «Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատեւ բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 (քսաներեք) միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ, հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն, շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը»: Մինչդեռ այդ գումարը, պարզվում է, ոչ թե իր արժեքից նվազ է, այլ անգամ ֆրանսիացիներին է զարմանք պատճառել:

Հունիսի 6-ին ֆրանսիական Le Figaro-ն հրապարակում է արել այս թեմայով. «Հայաստանը թանկարժեք շինություն է գնել Ֆրանսիայում՝ դեսպանատան համար»: Հոդվածում գրված է, որ վաճառվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ՝ Էստենի մասնավոր առանձնատունը։ Այն ունի 1226 քառակուսի մետր ընդհանուր մակերես։ Բնակելի մակերեսը մոտ 1000 քառակուսի մետր է։ Շենքը երկհարկանի է։ Յուրաքանչյուր հարկի մակերեսը մոտավորապես 500 քառակուսի մետր է։ Այդ առանձնատանը մոտ 60 տարի ապրել է նախկին նախագահը։ Շենքը վաճառվել է անցյալ տարի։ Նոր սեփականատիրոջ անունը չի բարձրաձայնվում։ Դա, սակայն, Nexity-ն չէ, ինչպես հայտարարում է France Cadastre-ը, որն անհայտ մասնավոր ընկերություն է եւ ոչ մի կապ չունի cadastre.gouv.fr-ի հետ։ Իրականում, Շառլ Բեգբեդերն է անշարժ գույքը ձեռք բերել, ով տիեզերքի հետ կապված ստարտափները հովանավորող հիմնադրամի հիմնադիրն է։ Անշարժ գույքը գտնվում է Բենուվիլ փողոցում, Պորտ-Դոֆինից ոչ հեռու՝ Փարիզի 16-րդ շրջանում։ Արժեքը կազմել է 19 միլիոն եվրո։ Audacia ընկերության ղեկավարը, սակայն, այդ տանը երկար ժամանակ չի ապրել։ Մոտ մեկ տարի կամ մի փոքր ավելի ժամանակահատված անց Բեգբեդերն առանձնատունը վաճառել է Pavillon de Lamballe ընկերության միջոցով, որը զբաղվում է այնպիսի անշարժ գույքի ձեռքբերմամբ, վերակառուցմամբ եւ վերավաճառքով, որոնք պատկանում են վերջինիս Gravitation ընտանեկան գրասենյակին եւ Sotheby's աճուրդատանը»։ Ընկերությունը հաստատել է CF News-ի տեղեկությունները՝ պատասխանելով Le Figaro-ի հարցին։

«Գնորդն ուզում էր այն պահպանել, սակայն աշխատանքներն ավելին էին, քան թվում էր։ Առքուվաճառքի պայմանագիրը ստորագրվել է ութ օր անց եւ արդեն պաշտոնապես ձեւակերպված է»,- հայտնել է Paris Ouest Sotheby’s Realty-ի ղեկավար Ֆրանկ Սիլվերը։ Շինությունը վաճառվել է աճուրդով, ՀՀ-ն հաղթել է աճուրդի մի քանի այլ մասնակիցների` ավելի բարձր գին առաջարկելով: Նոր գնորդի համար արժեքն ավելացել է 4 միլիոն եվրոյով։ Իրականում, ինչպես գրում է ֆրանսիական պարբերականը, առքուվաճառքի համաձայնությունը կայացել է դեռ այս տարվա փետրվարին։ Պարբերականը գրում է, որ շինությունը ձեռք է բերել հենց «այդ փոքրիկ հանրապետությունը»` Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում, երեք երկիր է հետաքրքրված եղել շինությամբ, սակայն ձեռք է բերել Հայաստանը՝ մանրամասնել է Ֆրանկ Սիլվերը։ Հայաստանն այդ շենքում տեղակայելու է Ֆրանսիայում իր դեսպանությունը, որը ներկայում գտնվում է Վյետ փողոցում, Փարիզի 17-րդ շրջանում, Մոնսոյի պուրակից ոչ հեռու։ Հայաստանն այնտեղ շենքը վարձակալում էր։ Բենուվիլ փողոց տեղափոխվելով՝ Հայաստանը կհամալրի Լան բուլվարում գտնվող դեսպանատների երկար ցանկը։ Մոտակայքում է նաեւ ռուսական դեսպանատունը: Ահա, այսպիսի բովանդակություն ունի Le Figaro-ի հոդվածը: