Գումարի համար չէր այս ամենը, որ հիմա փորձեն դրանով ինձ գնել

Գումարի համար չէր այս ամենը, որ հիմա փորձեն դրանով ինձ գնել

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշմամբ, Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանի՝ նույն համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվել է անվավեր։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա սեպտեմբերին, համալսարանի ռեկտորի ԺՊ-ի հրամանով, Ց․ Ակոպյանն ազատվել էր աշխատանքից, ինչը, ըստ Ակոպյանի, պայմանավորված էր իր քաղաքական եւ քաղաքացիական հայացքներով։

Մեզ հետ զրույցում Ց․ Ակոպյանն ասաց, որ չնայած հրամանը ճանաչվել է անվավեր, բայց, դատարանի վճռի համաձայն, իր նախկին պաշտոնում վերականգնում չի լինելու։ «Հրամանն անվավեր է ճանաչվել, նշվել է, որ սխալ է ազատվել գործից, որ նախատեսվում է կես տարվա պարապուրդի գումար, գումարած 6 ամսվա ավել աշխատավարձ, բայց ասում է՝ քանի որ անհնար են նրանց միջեւ աշխատանքային հարաբերությունները, ընդ որում՝ չի բերում որեւէ փաստ, ասում է՝ աշխատանքի վերականգնումը հնարավոր չէ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ դատավորի վրա ճնշում է եղել, եւ ուզում են այնպես անել, որ իմ վերադարձը Բրյուսով չլինի։ Սա չեմ ընդունելու որպես վերջնական վճիռ եւ մեկ ամսվա ընթացքում բողոքարկելու եմ եւ դիմեմ վերաքննիչ, որովհետեւ գումարի համար չէր այս ամեն ինչը, որ հիմա փորձեն դրանով ինձ գնել, պարապուրդի համար վճարեն ու փակեն թեման»,- եզրափակեց նախկին պրոռեկտորը։