«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
- Ներքաղաքական օրակարգի դատարկությունը Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկություններով եւ իր թիմի պատգամավորներին մանդատից զրկելով է որոշել լցնել: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռեւս համառում է` մանդատը վայր չի դնում, իսկ Նարեկ Զեյնալյանը` ուժային կառույցների ղեկավարների նման, հլու-հնազանդ ենթարկվեց Փաշինյանին եւ մանդատը վայր դրեց: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում:
- Հովիկ Աղազարյանի թեման ինձ համար շատ անլուրջ թեմա է, դա իրենց ներքին խնդիրն է: Ավելի կարեւոր հարց է ԲԴԽ նախագահի պաշտոնանկությունը, իսկ պատգամավորների հարցն այլ է, քանի որ քաղաքական մեծամասնությունն իր թիմակցի առջեւ կարող է նաեւ նման խնդիր դնել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում:
- Բայց վարչապետն ի՞նչ իրավունք ունի ժողովրդի քվեն ստացած պատգամավորի ձեռքից մանդատ վերցնել:
- Կներեք, ոչ, այդ պատգամավորը հայտնվել է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այնպես որ՝ թիմն ունի այդ իրավունքը: Դա քաղաքական թիմի որոշումն է, վարչապետը համոզված է, որ իր կայացրած որոշումը թիմը պաշտպանելու է, հետեւաբար՝ սա դառնում է քաղաքական հարց:
- Բայց դա օրենքի սահմաններից դուրս է:
- Գուցե էթիկապես է սխալ, բայց եթե Հովիկ Աղազարյանը չլիներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ նրանց վարչապետի թեկնածուն, այսօր կլինե՞ր պատգամավոր:
- Գուցեեւ:
- Բայց գուցե նաեւ` ոչ: Նրա՝ այնտեղ լինելու հիմնական պատճառը ՔՊ-ի հաջողություններով է պայմանավորված եղել: Այնպես որ, թիմը կարող է նաեւ նման հարց դնել: Կարելի է վիճել, ասել` ինչո՞ւ եք այդպես կոպիտ անում նման բաներ, բայց ասել, որ դա սխալ է, այդպես չէ: Դա կուսակցության ներքին խնդիրն է: Այլ հարց է՝ Աղազարյանը կհամաձայնի՞, թե՞ ոչ: Այ, օրինակ, նրան ստիպել չեն կարող: Այսօր Աղազարյանին ասում են` դու ինչ-ինչ քայլեր ես արել, որոնք սխալ են, եւ պետք է հեռանաս, սա, ըստ էության, քաղաքական հարց է: Այլ հարց է, եթե ասենք` այդ հարցը չպետք է միջանձնային հարաբերությունների վրա ազդեր: Այս ամենի մեջ ինձ ամենաշատն անհանգստացնում է այն հարցը, որ դատարանների շրջափակումից հետո նորից անկախ դատական իշխանության վրա հերթական բիրտ ու անթույլատրելի ուժն է կիրառվում: Սա է ամենակարեւորը: Փաշինյանն ասում է` չեմ հորդորել, այլ խնդրել եմ Կարեն Անդրեասյանին, բայց, կներեք, կա խնդրանքը մերժելու գին, որ մահ արժե: Կարեն Անդրեասյանը գուցե մտաբերել է այն հրապարակային հայտարարությունը. «Խի կարո՞ղ է ինչ-որ դատավոր ինձ ասել «ոչ»»: Սա դատավորների նկատմամբ ուղղակի սպառնալիք է: Այսինքն` եթե «ոչ» ասեն դատավորներն իրեն, ապա…. Գուցե Անդրեասյանը հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ նրա «խնդրանքը» չի մերժել եւ հրաժարականի դիմում է գրել: Եթե մերժեր, «ապա»-ն կարող էր գործել:
- Այսինքն` ի՞նչ կարող էր անել Փաշինյանը նրան:
- Գործ կարելուց սկսած, ամեն ինչ: Աննա Դանիբեկյանի նկատմամբ ի՞նչ արեցին: Այդ մարդը մինչեւ վերջ ծառայեց իրենց, բայց տեսանք, որ, փաստորեն, ինչ-որ մի պահից նրա գլխին ամպեր կուտակվեցին: Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Անգամ Փաշինյանին անվերապահ ծառայություններ մատուցած մարդիկ` Վահե Ղազարյան, Քյարամյան, Սասուն Խաչատրյան, հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից: Նրանք անվերապահ ծառայել են Փաշինյանին, եթե անգամ նրանց նա կարող է առանց հիմնավորման հեռացնել, ապա ամեն ինչ հնարավոր է: Ասում է` շնորհակալ է նրանցից, բայց եթե շնորհակալ է, ինչո՞ւ հեռացրեց աշխատանքից:
- Ի դեպ, ուժային կառույցներում ղեկավար են նշանակվում կանայք: Փաշինյանը կանանց վրա է այժմ շեշտադրումներ անում:
- Վարչապետը մի նման ֆրազ ասաց. «Նոր նշանակված անձինք հեղափոխության ֆիլտրով են անցել եւ ունեն հանրային հեղինակություն»: Կներեք, բայց ո՞վ է նրանց ճանաչում, որ խոսում է նրանց հեղինակության մասին: Ինչպե՞ս կարող է նրա նշանակած կադրի հեղինակությունը բարձր լինել:
- Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ նման փոփոխություններ եղան:
- Փաշինյանին լրագրողը այդ բոլոր հարցերն ուղղեց, եւ ես այդ լրագրողին հեչ չեմ նախանձում, քանի որ ոչ մի պատասխան չէր բավարարում լրագրողին, հետեւաբար՝ նաեւ լսարանին, սակայն լրագրողը ոչինչ անել չէր կարող:
- Ի դեպ, երբ Դուք վարչապետ էիք, լինո՞ւմ էին դեպքեր, երբ պատգամավորներին մանդատից զրկեին, ԲԴԽ նախագահ հեռացնեին:
- Պատգամավորների մասով չեմ հիշում նման բան: Պաշտոնանկություններ եղել են իմ ժամանակ, բայց՝ փաստարկված:
- Ի՞նչ դեպքեր են եղել:
- Իմ՝ վարչապետ եղած ժամանակ աշխատած, օրինակ, պետնախարարից էի շատ դժգոհ` Չիֆթալարյանից, որը դիմում գրեց ու հեռացավ: Ես ունեի կոնկրետ փաստեր, որ նա ձախողում է, ես ասացի` կա՛մ դիմում եք գրում եւ գնում եք, կա՛մ ես փաստերի հիման վրա հեռացնում եմ աշխատանքից: Կար նաեւ հացամթերումների նախարարություն: Արձանագրեցինք, որ ձախողում են աշխատանքը, ոչ ստանդարտ լուծումներ էին պահանջում, խնդիրներ առաջացան: Նախարարը չարդարացրեց իրեն, եւ ես շատ հանգիստ, նիստի ընթացքում ասացի, որ նրա կարողությունները չեն բավարարում` նրա ներկայությամբ: Նա էլ հեռացավ շատ հանգիստ: Խնդիրը, հավանաբար, այստեղ ձեւի մեջ է: Փաշինյանն ասում է, որ համակարգային փոփոխություններ են հեռացված նախարարներն արել, ամեն ինչ լավ է, բայց հանկարծ մի գիշերվա մեջ հեռացվում են աշխատանքից, այն էլ` նամակի միջոցով: Նման բան չի կարող լինել: Սա արդեն խոսում է այն մասին, որ հիմնավորումները կեղծ են: Կամ գոնե՝ համոզիչ չեն ո՛չ հեռացողների, ո՛չ էլ հասարակության համար: Կառավարումը հեշտ գործ չէ, ես եղել եմ վարչապետ, ամեն ինչ իմ կաշվի վրա զգացել եմ ու շատ բաների նայում եմ այդ կոնտեքստում: Բայց, կներեք, արդեն հանրության հանդեպ վիրավորանք է սա: Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանն առաջնորդվում է հետեւյալ մոտեցմամբ` նույնիսկ ամենանվիրված մարդիկ ինձ համար երկարաժամկետ երաշխիքներ չունեն: Հետեւաբար, անգամ նրանք պետք է մի օր հեռանան: Համատարած կոռուպցիա է, հետեւաբար՝ ով պաշտոնի նշանակվեց, քանի որ չկա երաշխիք, որ աշխատանքը երկարաժամկետ է լինելու, հնարավորիս քերթելու է: Այսինքն` Փաշինյանի գործողությունները ձեւավորում են կոռուպցիայի ռիսկեր: Նա խթանում է կոռուպցիան: