Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք

Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք

Երեկ «Ազգային Ժողովրդավարական Բևեռ»-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, թե տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք, որպեսզի համոզի Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Լուրեր կան, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո Աղավնոն մնում է ադրբեջանական տարածքում։

Թեմայի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Աղավնոյի գյուղապետ՝ Անդրանիկ Չաուշյանի հետ։

- Այդպիսի բան չկա։ Եթե մարդիկ Աղավնո քննարկման են եկել, դա չի նշանակում, որ եկել են ասեն՝ դուրս եկեք, գյուղը հանձնում ենք։ Ինչու միանգամից այդ պաշտոնյայի անունը և խոսակցության մանրամասները չեն հրապարակել։ Թող հրապարակեն, հերթական սուտ լուրն է։

- Այսինքն՝ որպես գյուղապետ, հերքում եք Բեւեռի այս հաղորդագրությունը։

- Անպայման հերքում եմ և պահանջում եմ հերքի նաև սուտ հաղորդագրություն տարածող կողմը։ Չգիտեմ՝ ինչ նպատակներ են հետապնդում նման լուրեր տարածողները։

- Աղավնոյի բնակչության մոտ ինչպիսի տրամադրություն է տիրում՝ հաշվի առնելով, որ անընդհատ լուրեր են տարածվում, թե Աղավնոն պիտի հանձնվի թշնամուն։

- Աղավնոյի բնակչությունը արդեն իսկ իր բնականոն կյանքին է։ Էլի եմ կրկնում, եթե մարդիկ եկել են քննարկման, դա չի նշանակում, որ պիտի գյուղ հանձնվի։ Բան չունեմ ասելու, թող շուտով հրապարակեն այդ մարդու կամ մարդկանց անունները, ովքեր եկել են մեզ համոզելու, որ դուրս գանք գյուղից։ Դե, թող ռիսկ անեն՝ չեն անի, վստահ եմ, որովհետև իրականությանը չի համապատասխանում այդ լուրը։ Ինչ վերաբերում է գյուղի բնակչությանը՝ բոլորի մասով չեմ կարող ասել, թե ինչպիսի վիճակ է նրանց մոտ՝ այսպիսի լուրեր լսելիս, բայց դե նորմալ է՝ մենք ուժեղ ազգ ենք, մեզ չեն կոտրի։

- Ովքեր են եղել այն պաշտոնյաները, ովքեր այցելել են Աղավնո և հանդիպել ձեզ։

- Ես շուտափույթ սպասում եմ, որ այդ պաշտոնյան ևս հանդես կգա հայտարարությամբ։ Ես չեմ ուզում, որ իմ լեզվով ասվի նրա ով լինելը։ Բոլորն էլ գիտեն՝ ով է այդ պաշտոնյան և նա էլ շուտով կհերքի այս լուրը։ Այսինքն, ոնց ենք վերլուծում հիմա, եթե այսպիսի այցելություններ չեն լինում՝ բողոքում ենք, որ պետական  մակարդակով ոչ մի այցելություններ չեն լինում։ Հիմա, որ այցելում են մեզ հետ, քննարկում են, հաշվի նստում մեզ հետ, պիտի նման լուրեր տարածե՞ն։ Այնպես չի, որ այդ մարդիկ գաղտնի են եկել Աղավնո և մեզ հետ գաղտնի հանդիպել։ Նրանք մեզ հետ հրապարակային են հանդիպել, նստել ենք և կիսվել մեր բոլոր մտահոգություններով։ Իսկ մարդիկ այդ հանդիպումը վերագրել են նրա, որ գյուղը ծախված է։ Այսինքն, ո՞նց է ծախված, այդ լուրի պատասխանատվությունը իրենք իրենց վրա կարող են կրել։ Ես զարմանում եմ, որ ինչ-որ մի հայ մտածում է, կասկածանքով է, թե  ինչ-որ մեկը ծախել է գյուղը, թող մի հոգու անուն ասեն փաստացի՝ կգնդակահարենք։