Ընթերցողն ու չընթերցողը

Ընթերցողն ու չընթերցողը

Մեր ընթերցողը մի քանի կատեգորիայի է բաժանվում: Մի մեծ խումբ խելացի, գրագետ, լայնախոհ, տեղեկացված զանգված կա: Զանգված, որից ես ամաչում եմ մեր հրապարակումների մակերեսայնության ու որակի համար, որոնք եթե հոդված գրեին, մեզնից տասնապատիկ լավ կգրեին, բայց ստացվել է այնպես, որ տեղեկատվության պահանջը բավարարելու համար իրենք են մեր հրապարակումները կարդում: Այս զանգվածը նաեւ մեծահոգի է` չի հայհոյում լրագրողներին, շատ բան չի պահանջում, ըմբռնումով է մոտենում բոլոր վրիպումներին, որովհետեւ հասկանում է, թե ինչ բարդ պայմաններում ենք աշխատում, եւ որքան դժվար է պաշտոնական տեղեկատվությանն այլընտրանքային տեղեկություն ստանալը, խորքային վերլուծություններ անելը, իշխանական մեքենայի դեմ դուրս գալը: Այս զանգվածը, որպես կանոն, քոմենթ չի գրում` միայն կարդում է, անպայման գնահատում է սուր խոսքը, գրագետ հոդվածը, լրագրողական բարձրորակ աշխատանքը:

Ընթերցողների մի զանգված էլ կա, որ ահավոր հումոր ունի, խորաթափանց է ու գրագետ եւ չի զլանում մեկնաբանություն թողնել իրեն դուր եկած կամ դուր չեկած հրապարակումների տակ: Անհնար է առանց ժպիտի ընթերցել այս քոմենթները, դաս չքաղել դրանցից: Երբեմն անգամ տեղեկատվություն ենք նրանցից ստանում, նոր հոդվածի թեմա են մեզ հուշում, առաջարկություններ են անում․ դա էլ է շատ արժեքավոր:

Եվ, իհարկե, կա նաեւ «չընթերցողների» մի բանակ, որոնց մեջ շատ են ֆեյքերը կամ իշխանության «վարձու աշխատողները»։ Սրանք, որպես կանոն, արձագանքում են նյութի վերնագրին կամ նկարին: Եթե ընդդիմության ներկայացուցիչ է, անիծում ու հայհոյում են, եթե Փաշինյանն ու մոտիկներն են` օրհնում ու գովաբանում: Սրանց դժվար է ընթերցող անվանելը, սրանք կոնկրետ գործ են անում: Սրանց ես ընթերցողի «խոտան» եմ անվանում: