Սոթքի ոսկու հանքի շահագործումը կասեցվում է

Սոթքի ոսկու հանքի շահագործումը կասեցվում է

Սոթքի ոսկու հանքի աշխատանքները լրիվ դադարեցվում են, այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց հանքի աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մենք գրել էինք, որ հանքի աշխատակիցները փորձել են գնալ աշխատավայր, սակայն ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել աշխատակիցների ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարել էին: Մի քանի օր շարունակ փորձեր էին արել գնալ աշխատավայր, սակայն կրակահերթը թույլ չէր տվել, որ աշխատանքները սկսեն: Եւ աշխատակիցները նույնիսկ փորձում էին բողոքի ակցիա կազմակերպել Երևան-Սևան ավտոմայրուղու վրա:

Մեր լուրից հետո` մի քանի օր առաջ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպել էր հանքի աշխատակիցներին, խնդրելով սպասել մինչև երեքշաբթի՝ ապրիլի 25-ը, որպեսզի կարողանան կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Այսօր մարզպետը կրկին հանդիպել է Սոթքի հանքի աշխատակիցներին եւ տեղեկացրել է, որ հանքի շահագործումը կասեցվում է` այլևս հանքը չի աշխատելու:
Հանքի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետն իրենց տեղեկացրել է, որ աշխատողները կստանան այս ամսվա աշխատավարձի 1/3-ը, 40 աշխատակից աշխատանք կստանան ինչ որ ռուսական գործարանում, իսկ մնացած աշխատողները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն: Մեր տեղեկություններով, Սոթքի ոսկու հանքում աշխատում էր ավելի քան 800 մարդ` հիմնականում Վարդենիս համայնքից: