Երբ  օգնության է  հասնում Փաշինյանը

Երբ  օգնության է  հասնում Փաշինյանը

Հունիսի 9-ին աբովյանցիները քաղաքապետ կընտրեն: Աբովյանում իրավիճակն օր-օրի ավելի է լարվում` կապված համայնքապետի  ընտրությունների հետ:  Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Գրիգոր Գուլյանի թեկնածությունը պաշտպանելու համար արձակուրդ է վերցրել, եւ իր ողջ լծակները ուղղել իրենց նախընտրած թեկնածուին ամեն գնով քաղաքապետ դարձնելու գործընթացին:  

Աբովյանում   ոչ թե  քարոզարշավ են անում, այլ  «իրար միս ուտում»:   Կոտայքի մարզպետը   շրջում է Աբովյանի փողոցներով,  քարոզարշավ անում, տպավորություն այնպիսին է, որ ընտրվող թեկնածուն նա է: Հետո օրվա վերջում  ֆեյսբուքում տարբեր գրառումներ գրում: Մարզպետի վերջին գրառումը  քարոզարշավից հետո. «Աբովյանը մեր տունն է, ինչպես և քո` քաղաքապետի՛ թեկնածու, սակայն այն որևէ մեկի կալվածքը չԷ՛. Թույլ չե՛մ տա, իր իսկ խոսքերով` «կեղծ բարեպաշտի» դիմակով և գունավոր փուչիկները ձեռքին, ցերեկը Աբովյանի բակերում խաղալ քաղաքացիների անիրազեկվածության և սոցիալ֊մշակութային խոցելիության վրա, իսկ գիշերները` նույն այդ քաղաքացիներին ահաբեկելու, իր կամ մերձավորի` եղած աշխատանքը կորցնելու սպառնալիքի կամ նոր աշխատանքի սին խոստումների միջոցով տոտալ ցուցակագրումներ կատարել և փորձել Աբովյանում պատրանք ստեղծել` թե ամեն ինչ դեռ «մենք ենք որոշում», և «քաղաքը չե՛նք տալու»։
Ու՞մ չեք տալու Աբովյանը, իր ՔԱՂԱՔԱՑՈՒ՞Ն...
Դուք ձեր իսկ կողմից առաջ քաշված դիսկուրսով ևս մեկ անգամ փաստեցիք, որ հիրավի «հին քաղաքական մշակույթի» կրողն եք, և հիմա էլ կենաց ու մահու պայքարի եք լծվել` կառչած մնալու այդ աթոռներին, որոնք հիմնականում ծառայեցվել են ձեր ու ձեր քաղաքական հովանավորների նեղ անձնական շահերին ու միջանձնային/ներկլանային հարաբերությունների սպասարկմանը։
Աբովյանը Հայաստանի Հանրապետությունն Է՛.
Այն ոչ մեկի սեփական կալվածքը ՉԷ՛. և Աբովյանում Քաղաքացի՛ն է որոշելու, թե ով է ստանձնելու այն մեծ պատասխանատվությունն ու դրանից բխող` առաքելությունը, որի կարիքը աբովյանցին ունի դեռ շատ վաղուց։
Այլևս չկա վերադարձ հնին, հինը մերժված է` իր բոլոր դրսևորումներով, իսկ դուք հնի կրողն ու հենարանն եք. և պետք է ՀԵՌԱՆԱ՛Ք. հանուն աբովյանցու, հանուն Կոտայքի, հանուն Հայաստանի Հանրապետության»։ 
Գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանն էլ իր բակային հանդիպումների ժամանակ մարզպետին ասել է, որ ծոծրակդ կտեսնես, իր  ինքնաբացարկը չես տեսնի: Ի դեպ, Աբովյանում   
այս օրերին մարզպետին օգնության են հասնում ՔՊ-ական պատգամավորներն ու  գյուղապետերը,  իսկ վաղը  Աբովյանում կլինի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: