Մեր ողբերգությունը

Մեր ողբերգությունը

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ ծավալվող հայրենադավության ու հայրենապաշտության թեման շարունակում է ակտուալ մնալ: Դա բնական է, որովհետեւ եթե վերանանք այլ հանգամանքներից, ապա թեմայի նոր արծարծման առիթ տվողն է շատ հայտնի եւ որոշակիորեն ազդեցիկ, հետեւաբար, քննարկումը թեժացել ու կարեւորվել է հենց նրա ազդեցիկությանը համարժեք: Բացի այդ` մեր հայրենակցի վրդովված խոսքը պայթել է հայրենասիրական էյֆորիան դեռ չհաղթահարած հանրության մեջ համարյա իբրեւ թշնամական ռումբ, որին համարժեք արձագանքելը դարձել է շատերի սրբազան պարտքը: 

Եվ մենք նորից մոռանում ենք, որ այդ թեման մեր ժողովրդին միշտ ներքին տարաձայնությունների տանող հավերժական թեմա է. Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանց նրա` մի հնօրյա «լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկապես, երբ թեմայից դուրս ենք մղում բոլոր ուղեկցող կոմպոնենտները, մնում է սոսկ այս պարզ հարցադրումը` Ռուսաստանի հետ` այո՞, թե՞ Ռուսաստանի հետ` ոչ: Ես ինձ դասում եմ այն մարդկանց թվին, ով վերապահ է «այո» կամ «ոչ» ասելու համար: Իմ մտածողությանն ու ներըմբռնողականությանն ավելի պատշաճում է «չգիտեմ»-ը, որ համազոր է «Աստված գիտեմ»-ին: Ափսոսում եմ, իհարկե, որ չունեմ այո կամ ոչ ասելու խիզախությունը, մանավանդ որ գիտեմ` «ոչ» ասողները որոշակի իրավիճակներում իրենց հերոսական են զգում, իսկ «այո» ասողները` անբացատրելիորեն, բայց նաեւ որոշակիորեն մեղավոր: 

Իսկ Մարգարիտա Սիմոնյանին շատ մի՛ քարկոծեք, նրա զգացմունքային, խիստ ավելորդ շեշտադրումներով գրառումից աշխարհաքաղաքական հետեւություններ մի՛ արեք, նրա գիրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական տեսակետ մի՛ հռչակեք ու, առավել եւս, մարդուն կախաղան հանել մի՛ շտապեք: Ճակատագրական մի պահի նա իրեն դեռ այնպես կպահի (հուսացե՛ք այդ պահը. դա առավել քրիստոնեավայել կլինի), որ կփոշմանեք նրա ազգանունից յան-ը հեռացնելու ձեր կոչերի համար: Ի դեպ, որի իրավունքը ձեզնից ոչ մեկին տրված չէ: Բոլորիդ միասին էլ՝ տրված չէ: 
… Կոտորած, փախեփախ տեսած ալաշկերտցի իմ Սերոբ պապը հայ-թուրքական սահմանին, որ իմ ծննդավայրից հեռու չէ, ասում էր «թուրքի բերան» կամ «ռսու գրանից»: Նրա ընկալման մեջ նույնիսկ սահմանի ընկալումն էր օտարացված:
«Հայ» բառը չկար: 

Եվ գուցե այստեղ է մեր ողբերգությունը: