Բոլորս անպաշտպան ենք

Բոլորս անպաշտպան ենք

Մի երկրում, որտեղ անպաշտպան է դատավորն ու քաղաքական գործիչը, անպաշտպան են բոլորը։ Մենք անպաշտպան ենք իշխանական կամայականությունների առաջ, որը մի օր կարող է որոշել, որ օրենքների շրջանցմամբ պետք է փոխի Սահմանադրական դատարանի նախագահին ու Սահմանադրությունը, մյուս օրը՝ երկրի նախագահին ու կառավարման կարգը, երրորդ օրը՝ ընտրված համայնքապետին ու տեղական ինքնակառավարման քարտեզը։ Իսկ վերջում, անշուշտ, հերթը հասնելու է սովորական քաղաքացուն, բոլորին անխտիր՝ շարքային ուսուցչից մինչեւ դասախոս, բժշկից մինչեւ գիտնական, որոնց մի գեղեցիկ օր կարող են կրճատել ու անգործ թողնել։ Մենք անպաշտպան ենք  իրավական առումով․ մի երկրում, որտեղ մեկ տարի երկրի նախկին նախագահն է՝ առանց դատ ու դատավճռի, կալանավորված, ով ասես կարող է այդ վիճակում հայտնվել․ գյուղի դպրոցի տնօրենից մինչեւ դպրոցի հավաքարար։ Մի երկրում, որտեղ ոստիկանությունն ասֆալտին փռելու հարցում մրցում է ԱԱԾ-ի հետ, եւ կարող են ցանկացած մեկին բերման ենթարկել ու ժամերով, երբեմն՝ օրերով, պահել մեկուսարանում, հետո էլ անհիմն կալանքի սանկցիա կորզել վախեցած դատավորներից, ոչ մեկը պաշտպանված չէ «Կապեզեում» եւ «Նուբարաշենում» հայտնվելու հեռանկարից։

Մենք անպաշտպան ենք նաեւ առօրյա կյանքում։ Մեզ կարող են խաբել խանութում, ծխախեղդ անել տաքսիում, ժամերով սպասեցնել բանկում, անջատել ինտերնետը, բայց գանձել վարձավճարը, ուշացնել թոշակն ու աշխատավարձերը, մեր կողքի անբանին մեզնից երեք անգամ ավելի վճարել, երթեւեկության կանոնները խախտելու համար երկու անգամ պատժել, հոսանքն ու գազն անջատել՝ առանց նախապես զգուշացնելու։ Մենք անպաշտպան ենք նաեւ սոցիալական ցանցերում․ մի սովորական տգետ ու մեծաբերան կարող է մեզ վիրավորել, եւ մենք նրան չենք կարողանա պատժել։