Հասարակությունն է մեղավոր
Զրուցակիցս շատ բան տեսած, երկար կյանք ապրած մարդ է՝ ժամանակին պաշտոններ զբաղեցրած, մտավոր աշխատանք կատարած։ Բողոք-զարմանքս այն մասին, թե կարճ ժամանակում այս ո՜նց մեծամտացան նոր իշխանավորները, պահվածքի-խոսքի-վարքի ի՜նչ տրանսֆորմացիաների ենթարկվեցին, չի ընդունում։ Ասում է՝ իշխանությունը գայթակղիչ բան է, քայքայող-մեծամտացնող։
Շատ մեծ հոգեկան ուժ պետք է ունենա մարդը, աչքը կուշտ լինի, կայացած ու խելացի, որ հասկանա՝ քծնանքն ու բազում արտոնությունները պաշտոնի հետ գալիս ու գնում են, դրանցից զարմանալ եւ պաշտոնին ուղղված հանրային վերաբերմունքը սեփական արժանիքներին վերագրել կարող են միայն ապուշներն ու չտեսները։ Բայց դե, սրանք երիտասարդ են եւ, մեծ հաշվով, մեղավոր չեն, որ այսքան արագ փչանում են՝ ասում է նա։ Մեղավորը շրջապատն է, հասարակությունը, որն ամեն ինչ անում է պաշտոնյային փչացնելու, հրեշ դարձնելու համար։ Ստացվում է, որ հասարակությունը մեծ եռանդով այլասերում է իր իշխանավորին, հետո նույնքան եռանդով սկսում երազել նրանից ազատվելու մասին եւ երբ մի կերպ ազատվում է իշխանության համն առած ու բազում արտոնություններից ոչ մի կերպ հրաժարվել չցանկացող պաշտոնյաներից, մեծ բերկրանք է ապրում։
Տարրական գիտակցություն է հարկավոր՝ հասկանալու համար, որ պաշտոնյան հանրային ծառայություն իրականացնող մարդ է, նրան կարելի է պահանջներ ներկայացնել, բայց սիրաշահել ու շողոքորթել ոչ մի դեպքում չի կարելի։ Քծնանքն ու չափից դուրս մեծարումը փչացնում են պաշտոն զբաղեցնողին, եւ մենք ինքներս մեր գլխին չարիք ենք ստեղծում։ Մի՛ փչացրեք այս երիտասարդներին, մի՛ փակեք նրանց քննադատողների բերանը, ջերմոցային պայմաններ մի՛ ստեղծեք նրանց համար, որ վաղը գլխներիդ չխփեք ու չասեք՝ այս մոնստրներին ո՞նց ծնեցինք։
Կարծիքներ