«Հրապարակ». Բացահայտվե՞լ է, թե՞ բացահայտվելու է

«Հրապարակ». Բացահայտվե՞լ է, թե՞ բացահայտվելու է

Երեկ Երեւանի մանկական զբոսայգում` նախկին Կոմայգում, տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Սեդա Սաֆարյանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները: Նկատենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները, որոնք Մարտի 1-ի անմիջական շահառուներն են, հուշարձանի բացմանը ներկա չէին, ավելին` Լեւոն Զուրաբյանն ու Աշոտ Սարգսյանը մոտեցել էին Մյասնիկյանի արձանին, որտեղ ավանդաբար ծաղիկներ են դնում՝ հիշելով Մարտի 1-ը, սակայն այնքան ժամանակ սպասեցին Մաշտոցի պողոտայում, մինչեւ իշխանավորներն այգուց հեռանան:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Մարտի 1-ի գործը բացահայտվել է, բայց մեղավորները չեն պատժվել»: Իսկ մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, մեզ հետ զրույցում գործի բացահայտման մասին ասաց. «Նոր դատախազ է եկել, սայլն արդեն տեղից շարժվել է: Վստահ ենք, որ նոր դատախազն ամեն ինչ անելու է: Հսկող դատախազը եւս նոր է: Այնպես որ, ամեն ինչ լավ է լինելու: Հսկող դատախազի` Հայկ Հովհաննիսյանի հետ ենք հանդիպել: Խոսել ենք նաեւ փաստաբանի` Տիգրան Եգորյանի հետ: Ասել-խոսել ենք, ամեն ինչ նորմալ է»: