Վարչապետը երեւի մուռ ա հանում․ Առուշ Առուշանյանը՝ 6 ամիս կալանքի տակ

Վարչապետը երեւի մուռ ա հանում․ Առուշ Առուշանյանը՝ 6 ամիս կալանքի տակ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդեն վեց ամիս է՝ կալանքի տակ է։ Այս ընթացքում նրա փաստաբանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանն այն անփոփոխ է թողել։ Ամեն ինչ սկսվեց 2021-ի ամռանը, երբ իշխանության համար ճակատագրական օրերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, Առուշանյանը հստակ դիրքավորվեց «սեւերի» դաշտում եւ Սյունիքի մյուս համայնքապետերի հետ մտավ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակ, նա դաշինքի 32-րդ համարն էր։ Իշխանությունը սկսեց ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնելու գործընթացը։

Իսկ Սյունիքի համայնքապետերի ընդդիմադիր կեցվածքը պատահական չէր՝ նախորդ ժամանակաընթացքում Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական կողմն անցակետեր էր տեղադրել, զավթել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը եւ մետր-մետր առաջ էր գալիս, դրանից առաջ էլ Սեւ լճի տարածք էր ներխուժել, եւ սյունեցիների դժգոհությունները միանգամայն հասկանալի էին։ Այդ շրջանում նաեւ խոսակցություններ էին գնում, որ սյունեցի քաղաքական գործիչներին մեկուսացնում են, որ Սյունիքից ճանապարհներ կամ հող տալու հետ կապված աղմուկ չբարձրացնեն, չպայքարեն։ Սյունիքի պաշտպանողականությունն են թուլացնում։

Հենց ընտրություններից անմիջապես հետո էլ Առուշ Առուշանյանը կալանավորվեց, նրան մեղադրեցին «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։ Դատական նիստերն ընթանում են դատարանի Գորիսի նստավայրում, սակայն պարբերաբար հետաձգվում են, խափանման միջոցն էլ, անկախ միջնորդություններից, դատավոր Գասպարյանը չի փոխում։

Առուշանյանի մտերիմները քաղաքական հետապնդում են համարում այս գործընթացները։ Դատարանն արդեն անցել է ապացույցների ուսումնասիրությանը։ Որոշել է սկզբում քննել ամբաստանյալներին, երկրորդ փուլում վկաների հարցաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կկատարվի:

Գործով անցնող հիմնական վկան՝ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել: Նա նշել է, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։

Կալանքի տակ գտնվելու ժամանակ Առուշանյանը «Առուշ Առուշանյան» դաշինքով մասնակցեց ՏԻՄ ընտրություններին եւ կրկին ընտրվեց Գորիսի քաղաքապետ։ «Առուշ Առուշանյան դաշինքի» հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը պարտվեց ընտրություններում։ Ապա Առուշանյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից, որպեսզի զբաղեցնի Գորիսի քաղաքապետի պաշտոնը։ Դա էր պատճառը, որ ՍԴ որոշման հիման վրա մյուս համայնքապետերն ազատ արձակվեցին, իսկ Առուշանյանը մնաց կալանքի տակ։

«Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ինչ նպատակով են ամիսներ շարունակում իր որդուն կալանքի տակ պահում, Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը պատասխանեց․ «Վերեւից հրամանն իջած է, որ պետք է պահեն։ Երեւի մուռ ա հանում, ի՞նչ ա անում, ի՞նչ ունի հետը կիսելու։ Վարչապետին, կառավարությանը պետք է հարցնել՝ ի՞նչն է պատճառը, ինչի՞ են պահում»։

Հայրը որդուն տեսնում է նիստից նիստ՝ դատարանում, Առուշանյանի հետ տեսակցություններն արգելված են․ «Մեզ թույլատրված չի, որ տեսակցություն լինի։ Դատարանը թույլատրեց, հետո մահանա բերեցին քովիդը, տենց, էլի, չենք կարողանում տեսնել»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե նա կալանավայրից ինչպես է կառավարում համայնքը. «Նամակով պատասխանում է։ Պարզ է, որ իր ներկայությունը կարեւոր է, բայց որ այսպես է, ի՞նչ կարող ենք անել»։

Մեր դիտարկմանը, որ ստացվել է այնպես, որ բացի իր որդուց, Սյունիքի բոլոր համայնքապետերը ազատության մեջ են, Առուշանյանի հայրն ասաց. «Որ բոլորին բաց են թողել, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ հասել են իրենց ընտանիքներին, երեխաների մոտ։ Բայց, որ Առուշին պահում են, ի՞նչ են ուզում դրանով ասել, այսինքն՝ ուզում են ի՞նչ ապացուցել»։