Թեժ պայքար՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռի համար
Արդեն մի քանի տարի է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրեն չունի: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակար է նշանակվել Կարեն Մնացականյանը, ով 6 ամիս առաջ մասնակցեց տնօրենի թափուր հաստիքի համար նշանակված մրցույթին եւ չհաղթեց: Շրջակա միջավայրի նախարարությունը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դեկտեմբերի 1-ին մրցույթ է հայտարարել:
Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Կարեն Մնացականյանը եւ Սեւանի ավագանու անդամ՝ Աշոտ Նադարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Հանրապետություն» կուսակցությանը որոշել է մարզերում ակտիվանալ եւ իր կուսակիցներին պաշտոնների նշանակել, որ հող պատրաստի հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Ազգային պարկի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա փորձ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի մայիսի 14-ի N 140-Լ հրամանի հավելվածով հաստատված շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության գործունեության հիմնական առարկայով և նպատակներով, մասնավորապես՝ կազմակերպության գործառույթներով սահմանված բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ:
Աշոտ Նադարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն ունի՞ համապատասխան աշխատանքային փորձ, կամ երբևիցէ աշխատե՞լ է տվյալ ոլորտում.
«Ունեմ 2 բարձրագույն կրթություն, ես ավագանու անդամ եմ 2016 թվականից: 2018 թվականից՝ վարչապետի որոշման համաձայն, ավագանու անդամի պաշտոնը համարվում է հանրային ծառայություն իրականացնող պաշտոն: Եթե ոլորտին ծանոթ չլինեի, չէի մասնակցի», -ասաց նա:
Մեզ հասած տեղեկություններով, մրցույթին մասնակցելու հարցը քննարկել եք Ձեր կուսակցությունում եւ ստացել եք կուսակցության դաբրոն, այդպե՞ս է:
«Կուսակցության հետ կապ չունի, ես չգիտեմ, որ դաբրոյով են մասնակցում կամ տնօրեն նշանակում, մրցույթ է նշանակված եղել, ես էլ մասնակցում եմ»:
Իսկ տնօրենի ԺՊ Կարեն Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մասնակցում եմ մրցույթին` այս անգամ ավելի լավ պատրաստված: Թեստավորման փուլը կանցկացվի դեկտեմբերի 1-ին, եթե այս փուլը հաղթեցի, ապա դեկտեմբերի 8-ին կմասնակցեմ հարցազրույցին: Չգիտեմ, թե ովքեր են մասնակցում, եւ ով է լինելու իմ մրցակիցը, միայն մի բանում համոզված եմ, որ հաղթահարելու եմ առաջին փուլը»:
Թե տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայանալիք մրցույթին քանի հայտ են ներկայացրել, նախարարությունից ասացին. «Գրավոր հարցում ուղարկեք՝ կպատասխանենք»:
Կարծիքներ