Հաշտեցումների շղթա

Հաշտեցումների շղթա

Վերջին չորսուկես տարին եղել է մեզ անհաշտելիի հետ հաշտեցնելու ծանր գործընթաց: Մեզ նախ հաշտեցրին հայհոյանքի եւ չարության դրսեւորումների հետ, երբ բարձր ամբիոններից հնչում էին ատելության խոսք, ծեփելու, պառկեցնելու, պատժելու լեքսիկոն, իսկ մենք լռում էինք: Սկզբում այդ լեքսիկոնը մեծ թվով մարդկանց դուր էր գալիս, որովհետեւ արդարության հաստատման տպավորություն կար դրանում:

Ասում էին` Նիկոլը թալանչիներին, ընտրակեղծարարներին է պատժում, թալանն է հետ բերում: Անգամ մտածող մարդիկ չէին մերժում այդ պահվածքը եւ չէին փորձում թիրախում հայտնված մարդկանց իրավունքները պաշտպանել: «Դրանց հասնում է», համընդհանուր եզրահանգման էր եկել հասարակությունը:

Հետո պարզվեց, որ դա արդարության հաստատման հետ ոչ մի կապ չունի` ուղղակի թրի տակով չանցած մարդկանց են պատժում, ունեզրկում: Հետո մեզ հաշտեցրին պարտության մտքի հետ: Հաղթողի ու քաջի կերպարը խլեցին մեզնից, եւ մենք այդ հաբն էլ կուլ տվեցինք: Հաշտեցրին նաեւ մեր զավակներին հողին հանձնելու, տասնյակ հազարավոր կիլոմետրերով տարածք թշնամուն հանձնելու մտքի հետ, եւ մենք մոռացանք, որ որոշում կար` «Հող հանձնողին, հանձնել հողին»:

Սկզբում վրդովվում, խելագարվում էինք, որ թշնամին գերի է տանում մեր հայրենակիցներին, պահանջում էինք, որ բոլոր միջոցները գործադրվեն նրանց հետ բերելու համար, հետո այդ մտքի հետ էլ հաշտվեցինք, եւ որպեսզի հաշտեցումը շատ ցավոտ չլինի, մեզ ներշնչեցինք, որ գերի ընկնողներն իրենք են մեղավոր` թող չհանձնվեին: Հետո մանր-մունր հաշտեցումներ էլ եղան: Օրինակ, որ նախարարը կարող է մեկուկես միլիոն աշխատավարձ ստանալ, իսկ նույն նախարարության շարքային աշխատողը` նրանից 10 անգամ պակաս, որ կարող են յուրայիններին բարձր պրեմիաներ գրել, օտարներին` գրոշներ: