«Հրապարակ». Այո, կա նոր կուսակցություն հիմնելու գաղափար

«Հրապարակ». Այո, կա նոր կուսակցություն հիմնելու գաղափար

Մամուլում հրապարակումներ եղան, որ Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն առաջիկայում պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել: Ըստ մամուլում առկա հրապարակումների` Հայկ Մարությանը, տեսնելով, որ չի կարողանում միանձնյա ղեկավարել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակով նա եւ իր թիմն անցան Երեւանի ավագանի, որոշել է սեփական կուսակցություն հիմնադրել։

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դեռեւս որեւէ հստակ որոշում չկա, սակայն նոր կուսակցություն հիմնադրելու մասով կան քննարկումներ, իսկ այն լուրերը, թե Մարությանը հակասություններ ունի «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավարության հետ, Աբգարյանը հերքեց՝ պնդելով հետեւյալը. «Ընդամենը կուսակցություն բացելու մտադրություն կա, ոչ մի կոնկրետ բան: Դեռ ոչ մի բան հստակեցված չէ: Կարծում եմ, շատ նորմալ է, որ այն ուժը, որը երկու անգամ ընտրությունների է մասնակցել, գալիս է այն գիտակցման, որ ճիշտը նոր կուսակցություն հիմնադրելն է, որպեսզի շուրջդ հավաքվեն քո գաղափարակիցները: Դա շատ բնական գործընթաց է: Ինչ վերաբերում է «Ազգային առաջընթաց» կուսակցությանը, ապա որեւէ հակասություն չկա: Բնական է, որ կա նոր կուսակցություն հիմնադրելու գաղափար»: