«Հրապարակ». Ուրեմն Նիկոլ Փաշինյանի դեմ մի քանի գործ պետք է հարուցվի

«Հրապարակ». Ուրեմն Նիկոլ Փաշինյանի դեմ մի քանի գործ պետք է հարուցվի

Արցախի հանձնմանը զուգահեռ, իշխանություններն ընդդիմադիրների նկատմամբ սեպտեմբերի 19-ից հետո «վհուկների որս» սկսեցին: Այդ օրերին ֆեյսբուքյան քիչ թե շատ հայտնի օգտատերերը փողոց դուրս գալու, պայքարելու կոչեր էին անում, իրենց վրդովմունքը հայտնում, ուստի հայտնվեցին իրավապահների թիրախում. Նարեկ Մալյան, Տաթեւիկ Վիրաբյան, Անի Կարապետյան եւ այլք: Երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ «Անի Կարապետյանի կողմից զանգվածային անկարգություններ կատարելուն, ատելություն եւ թշնամանք հրահրելուն ուղղված կոչեր հնչեցնելու վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է»: «Հաշվի առնելով նշված ժամանակաշրջանում հասարակության մոտ առկա գերլարված, հուզական վիճակը՝ Անի Կարապետյանի հնչեցրած կոչերն ունակ են եղել ազդել իր լսարանի՝ հետեւորդների վրա: Նշված հանցավոր արարքների կատարման համար Անի Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»: 

Նշենք, որ Անի Կարապետյանը պատրաստվում է մայրանալ: Այսինքն, այս իշխանությունը կարող է մե՛կ հղի կին սպանել` վրաերթի ենթարկելով, մե՛կ քրեական գործ հարուցել եւ դատել: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում այսօր իրավապահ համակարգում, անթույլատրելի է։ «Քննչական կոմիտեն հայտարարում է, որ այս գործով չունի անելիք այլեւս, այն ուղարկել է դատախազին, դատախազն էլ կորոշի` գործը դատարա՞ն ուղարկել, թե՞ կայացնել այլ որոշում, օրինակ` քննիչին վերադարձնել, որպեսզի նախաքննությունը շարունակվի: Դատարան չուղարկելու հավանականությունը համարում եմ զրո: Մենք շուտով ականատես կլինենք, թե ինչ հաղորդագրություն է տարածելու դատախազությունը: Կարծում եմ` այդ հայտարարությունն այն մասին է լինելու, որ այս գործն ուղարկվում է դատարան: Մեղադրանքը 2 հոդվածով է` զանգվածային անկարգությունների հրահրում եւ թշնամանքի հարուցում: Նարեկ Մալյանի դեմ էլ նույն հոդվածով է գործ հարուցվել, ի դեպ, նույն այս հոդվածով կալանավորել էին Արմեն Գրիգորյանին, ով մահացավ դատարանի դահլիճում: Առհասարակ, այդ հոդվածով դատական պրակտիկան շատ փոքր է, ընդամենը 4-5 դեպք: Բացառությամբ մի գործի, մնացյալ բոլորը վերաբերում են իշխող քաղաքական ուժին: Սա եւս մեկ ապացույց է, որ վերոնշյալ հոդվածն օգտագործվում է քաղաքական ընդդիմախոսների դեմ` այլ նպատակ չկա»,- ասում է իրավապաշտպանը: 

Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ ասում է, որ Կարապետյանը փողոցներ կաթվածահար անելու կոչ է արել, ինչը, փաստորեն, հանցանք են համարել, եւ Մելիքյանն ասում է. «Եթե փողոց կաթվածահար անելը հանցագործություն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի դեմ մի քանի գործ պետք է հարուցվի: Այս մասով օրենք չի փոխվել` 2018-ին էլ էր այն գործում, հիմա էլ»: Անի Կարապետյանին կարելի՞ է քաղհալածյալ համարել, եւ կարո՞ղ են կալանավորել, Մելիքյանն ասում է. «Իհարկե, օրենք խախտելն այս իշխանություններին խիստ բնորոշ վարքագիծ է, սակայն այստեղ կան հստակ երաշխիքներ` խափանման միջոց փոխելու համար պետք են նոր հանգամանքներ: Պետք է փաստ արձանագրվի, որ անձը ոչ իրավաչափ վարքագիծ է դրսեւորել, օրինակ՝ խուսափել է քննությունից, կատարել է հանցանք եւ այլն»: