Եթե այդ ուժը լինի Նիկոլ Փաշինյանը, դա արդեն ժողովրդի շահերից բխող դաշինք կարող է լինել․ Անահիտ Ադամյան

«Հրապարակը» զրուցել է բազմամյա լրագրող Անահիտ Ադամյանի հետ, որը շուրջ 10 տարի եղել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Թեև Ադամյանը անկուսակցական է, սակայն այս ընտրություններին առաջադրվել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով․
- Ինչո՞ւ որոշում կայացրիք «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրվել, ի՞նչ ընդհանրություններ ունեք այդ կուսակցության հետ։
- Մի պարզ պատճառով, որովհետև «Հանրապետություն» կուսակցությունն այսօր արտահայտում է այն 2 գլխավոր խնդիրները, որոնք կանգնած են ՀՀ-ի առաջ՝ անվտանգության ապահովում և աշխատատեղերի ստեղծում։ Սրանք փոխպայմանավորված խնդիրներ են և մեկը առանց մյուսի չի լինի։ Ի տարբերություն այդ խնդիրները իրենց ծրագրերում առաջադրող մյուս կուսակցությունների, «Հանրապետություն» կուսակցությունը նաև առաջադրում է այդ խնդիրները լուծելու հստակ մեխանիզմները։ Ընդամենը այդ պատճառով։
- «Հանրապետություն» կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում չի բացառել Նիկոլ Փաշինյանի հետ կոլաիցիան։ Եթե այդ կոալիցիան տեղի ունենա և Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, դա կնպաստի մեր անվտանգությանը։
- Գիտեք՝ եկեք «եթեներով» չխոսենք, մինչև հունիսի 20-ը դեռ երկար ժամանակ կա, բազում իրադարձություններ կարող են լինել, և միայն խորհրդարանում ուժերի դասավորությունից կարող է բխել, թե որ կուսակցությունը որի հետ կարող է համագործակցել, և, այո, եթե դա իրոք լինի հասարակական- քաղաքական պահանջ, «Հանրապետություն» կուսակցությունը կարող է համագործակցել ուժերի համապատասխան համամասնություն ունեցող քաղաքական ուժերի հետ։ Եթե այդ ուժը լինի Նիկոլ Փաշինյանը, դա արդեն ժողովրդի շահերից բխող դաշինք կարող է լինել։ Եթե «Հանրապետություն» կուսակցությունը մտնի խորհրդարան, ինքնանպատակ չի մտնելու, մանդատ ստանալը, չեմ կարծում, թե հիմա որևէ թեկնածուի համար խնդիր է, որովհետև այս պահին խորհրդարան մտնելը և իշխանության համար հայտ ներկայացնելը մի տեսակ կամիկաձեների խնդիր է դարձել՝ նկատի ունենալով, թե Հայաստանում և ՀՀ-ի շուրջ ինչ իրավիճակ է ստեղծվել։
- Եթե ուժերի համամասնությունը, օրինակ, «Հայաստան» դաշինքի օգտին լինի կամ «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հանրապետությունը» կոալիցիա կկազմի՞։
- Կարծում եմ, որ ոչ։
- Ինչո՞ւ։
- Որովհետև այստեղ կան գաղափարական տարաձայնություններ։
- Ինչի՞ շուրջ են այդ տարաձայնությունները։
- Ինքներդ էլ այդ հարցի պատասխանը ինձնից լավ գիտեք։ Մի դաշինք, որը Հոկտեմբերի 27-ի մԻջով է անցել, և Հոկտեմբերի 27-ի հանցագործներին մինչև հիմա «ուչասկովիի» մակարդակով չի գտել, մի դաշինք, որը փառավորապես տապալեց Հոկտեմբերի 27-ի դատավարությունը՝ դատավոր Սամվել Ուզունյանին օրը մեկ հիվանդացնելով ու առողջացնելով և այլն։ Դուք կարծում եք, որ այդ դաշինքի հետ «Հանրապետություն» կուսակցությունը կարող է ընդհանուր գաղափարական հենման կետե՞ր գտնել։
- Նիկոլ Փաշինյանն էլ Արցախի 75 տոկոսն է տվել, մոտ 5 հազար զոհ տվել ու երկիրը բերել այս իրավիճակին, իր հետ գաղափարական հենման կետեր գտնո՞ւմ եք։
- Ժողովրդի մեջ մի բան կա՝ պարտությունը գցեցին Նիկոլ Փաշինյանի գրպանը։
- Դուք դրան անկեղծ հավատո՞ւմ եք։
- Ես դրան չեմ հավատում, բայց ես արձանագրում եմ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ․․․, դատելով այս ամբողջ ընթացքում 3 նախագահների հայտարարություններից, Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ մաքրել հայ դիվանագիտության «Ավգյան ախոռները», և եթե Դուք հիշում եք՝ Հերակլեսի համար այդ սխրանքը սխրանք չհամարվեց։ Սա սխրանք չէր, սա փաստ էր, եկեք Նիկոլ Փաշինյանին չհայտարարենք ճիվաղ, դավաճան, կապիտուլյանտ և այլն։ Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ այդ հայտարարություն անողները՝ բոլորս հայ ենք, մենք բոլորս այսօր շատ նեղ իրավիճակում ենք, մեզ պետք է համախմբում, մենք հակառակն ենք անում, մենք շարունակում ենք իրար «պադնոժկա» տալ, ինչի՞ համար։ Եթե դու ունես սահման և չես կարողանում սահմանդ պաշտպանել, եթե դու ունես քո ինքնիշխանության ամրապնդման խնդիր, ինչո՞ւ այդ հարցի շուրջ չկա համախմբում, այլ շարունակում ենք միմյանց անցած օրվա, անցած իշխանության․․․ հասել ենք Առաջին Հանրապետության, Երկորդ Հանրապետության իշխանություններին, չգիտես ինչո՞ւ՝ բոլորս գտնում ենք նրանց սխալները, նրանց պարտությունները, թերությունները։ Լավ, այդ մարդիկ մի լավ բան չե՞ն արել ։
- Հիմա Նիկոլ Փաշինյանը ի՞նչ լավ բան է արել։
- Ես Նիկոլի դատապաշտպանը չեմ, ոչ էլ իր թեկնածության առաջադրողն եմ, թող ՔՊ-ն պատասխանի , թե Նիկոլը ինչ է արել։ Ես կարող եմ ասել, թե «Հանրապետությունը» ինչ է արել , ի՞նչ է անելու և ի՞նչ է անում։
- Ե՞վ։ Ի՞նչ է արել «Հանրապետությունը»։
- Դրա համար ես պետք է հիմա երկար ժամանակ ունենամ ներկայացնելու «Հանրապետություն» կուսակցության ծրագիրը, բայց կարճ ասեմ՝ «Հանրապետություն» կուսակցությունը այն քաղաքական ուժն է, ոչ, 20 տարի քաղաքական ասպարեզում լինելով, երբեք հանուն քվեի, հանուն պոպուլիզմի չի դավաճանել իր սկզբունքները և չի գնացել կոմպրոմիսների այս կամ այն քաղաքական ուժերի հետ։ «Հանրապետություն» կուսակցությունը կենսունակ կուսակցություն է, այն իրոք իր տեսած պրոբլեմների լուծման մեխանիզմներն առաջարկող կուսակցություն է։ Այո, կարող են շատերի համար այդ խնդիրները վիճելի լինել։ Օրինակ՝ «Հանրապետությունն» ասում է, որ եթե գա իշխանության, առաջին հերթին բացելու է հանքարդյունաբերությունը, և ՀՀ բոլոր հանքերը սկսելու են աշխատել, ինչո՞ւ, «Հանրապետություն» կուսակցությունը էկոլոգիային դե՞մ է, ոչ, պարզապես մենք բանակ պիտի ունենանք, այդ բանակը օդի՞ց է իջնելու։
- Պատրաստվու՞մ եք անդամագրվել կուսակցությանը։
- Ճիշտն ասած՝ իմ անկախությունը որպես լրագրող, պահպանելու շատ մեծ ցանկություն ունեմ, որովհետև ես մշտապես շարունակելու եմ նաև իմ լրագրողական գործունեությունը։
Կարծիքներ