Արցախը շարունակում է շրջափակված մնալ, եւ մենք՝ չշրջափակվածներս, անզորությունից ատամ ենք կրճտացնում, սակայն այս իրավիճակից ելքը չենք տեսնում։ Եվ դեռ հարց է, թե ով է ավելի լավ վիճակում՝ Արցախում գտնվող եւ տեղաշարժի ազատությունից զրկված, պարենի, ծխախոտի, շաքարավազի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեֆիցիտն իր մաշկի վրա զգացող հա՞յը, թե՞ երեւանյան առատ խանութներից օգտվող եւ տաք բնակարաններում ապրողը։
Ի՞նչ կարող ենք անել մենք՝ Արցախի համար մտահոգ հայաստանցիներս, որ չենք անում եւ դրանով հայտնվում ենք այն նույն ճամբարում, որում միմիայն իր իշխանությունը պահպանելուն ուղղված քայլեր անող ՔՊ-ականների՝ Արցախի հանդեպ անտարբեր խմբակն է։
Ի՞նչ քայլեր են մեզ հասու՝ որպես հասարակություն, որը չի կարող խաղաղ նայել, թե ինչպես են իր հայրենակիցներին դուրս մղում պապենական հողից, ինչպես են տեռորի եւ հոգեբանական խոշտանգման ենթարկում, ինչպես են ծրագրում ոչնչացնել նրան, դանդաղ մահվան դատապարտել, կոտրել, ստրկացնել։
Ո՞րն է մեր անելիքը, որ երեւաններում նստած՝ սրտի կաթված չստանանք, մեղքի անասելի զգացում չունենանք՝ մեր սիրելի Արցախն անպաշտպան ու անօգնական թողնելու համար։ Առհասարակ, ժողովուրդները պետություն են ստեղծում, իշխանություն ձեւավորում, որ տվյալ տարածքում ապրողների խնդիրները լուծվեն, կյանքը հեշտանա։ Բայց մենք ստեղծել ենք պետություն, որը միայն հարստահարում է մեզ՝ հարկեր գանձելով, սահմանափակումներ դնելով ու դրա դիմաց մեզ ոչինչ չտալով։
Եվ ձեւավորել ենք իշխանություն, որն անկարող է, անմեղսունակ, պորտաբույծ եւ վտանգավոր։ Իհարկե, մեր մեղքն էլ սրանում փոքր չէ. բավարար չենք ջանացել՝ նորմալ պետություն ձեւավորելու, եւ խելք չենք դրսեւորել՝ ժողովրդին ծառայող իշխանություն ընտրելու համար։