Մուրադովին ասել եմ նախագահի առաջարկությունների մասին․ Բորիս Ավագյանը՝ նախագահի և Մուրադովի հետ հանդիպումների մասին
Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով մի քանի հարյուր հայ ռազմագերիներ Ադրբեջանում են գտնվում։ Վերջերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական գերության մեջ է Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսից 62 զինծառայող։ Շիրակցի գերիների հարցով զբաղվում է Արթիկի փոխհամայնքապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, ով կապի մեջ է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։ Մուրադովն ինքն աձամբ է զբաղվում արդեն բոլոր հայ գերիների վերադարձի հարցով։
Մեր տեղեկություններով՝ երեկ նախագահը պետք է հանդիպեր Ռուստամ Մուրադովի հետ, սակայն հանդիպումը տեխնիկական պատճառներով չի ստացվել։
Շաբաթ օրը նախագայի հետ հանդիպած Բորիս Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կիրակի օրը կրկին հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ, և երկու հանդիպումների ժամանակ էլ առանցքային թեման եղել է Շիրակի մարզի ռազմագերիների վերադարձի հարցը։ «Քննարկել ենք նախագահի աջակցության հարցը գերիների վերադարձի հարցում։ Ցավոք սրտի, խաղաղապահների հրամանատարը չհասցրեց նշանակված ժամին գալ, դրա համար երեկվա հանդիպումը մենք երկուսով (Բորիս Ավագյանը և նախագահը – ՀՐԱՊԱՐԱԿ) անցկացրինք։ Խաղաղապահների հրամատարի հետ հետո հանդիպել եմ ավելի ուշ ժամի, երբ որ արդեն Ստեփանակերտից եկել է Երևան։ Մուրադովին ասել եմ նախագահի առաջարկությունների, աջակցության հնարավորությունների մասին»,- նշեց Արթիկի փոխհամայնքապետը։
Հարցին՝ այսօր ո՞ր գերիներն են վերադառնալու, Ավագյանը պատասխանեց, որ այդպիսի տեղեկություն չունի։ Հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը նշեց, որ չի կարող Շիրակի մարզի գերիների վերադարձի գործընթացի մասին մանրամասներ հրապարակել, քանի որ դա կարող է վնասել գործընթացին։ «Շատ բարդ գնում է առաջ, շատ դժվարություններ կան, բայց դրանք հրապարակման ենթակա չեն։ Միայն կարող եմ ասել, որ նախագահի կողմից ստացել եմ շատ մեծ աջակցություն։ Ինձ առաջարկեց իր հնարավորությունների բոլոր տարբերակները՝ աջակցելու, որ Հայաստան գերիների վերադարձը հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացվի։ Քանի որ մենք նրա հետ եկանք եզրակացության, որ բոլոր այդ քայլերն ու հնարավորությունները պետք է համաձայնեցնել Մուրադովի հետ, ավելի ուշ ժամի հանդիպեցի Մուրադովի հետ և տեղեկացրեցի նախագահի առաջարկների մասին, որոնք կարող են օգտագործվել Մուրադովի համաձայնությունը ստանալուց հետո, եթե գտնի, որ տեղին են, ու պետք է օգտագործել»,- եզրափակեց Բորիս Ավագյանը։
«Հրապարակը» նաև կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Հարցերին՝ արդյո՞ք Մուրադովը հանդիպել է Փաշինյանի հետ, և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել, արդյո՞ք անդրադարձ եղել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձին, պատասխանեց. «Նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ»:
Կարծիքներ