Գնացեք, կես ժամ հետո եկեք, էլի տաս հատ կտամ․ ձվի վաճառքի սահմանափակումն ու Երևան Սիթիի՝ «վերին արտի ցորենը»

Գնացեք, կես ժամ հետո եկեք, էլի տաս հատ կտամ․ ձվի վաճառքի սահմանափակումն ու Երևան Սիթիի՝ «վերին արտի ցորենը»

Այն, որ ձուն անցյալ տարվա համեմատ թանկացել է 50-60 տոկոս, փաստ է։ Սակայն անհասկանալի է խանութներում ձվի դեֆիցիտի պատճառն ու վաճառքի սահմանափակումը։ Երեկ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկում, երբ   հսկիչ վաճառողուհուց ձու խնդրեցինք, զգուշացրեց, որ 10 հատից ավել չի կարող տալ։  «Դե քանի որ մեզ մոտ մի քիչ էժան է, տեսնում եք՝ 79 դրամ, էնպես պիտի անենք, որ բոլորին հասնի, էդպես են հանձնարարել էլի, եսիմ»,- մեր զարմանքին ի պատասխան՝ ասաց նա, իսկ արդեն ձվերը տոպրակը տեղադրելիս փոքր-ինչ ծածուկ շշնջաց․

«Գնացեք, մի կես ժամ հետո եկեք, էլի տաս հատ կտամ»։ Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե տրամաբանության որ շրջանակում տեղավորվեց ձվի վաճառքի սահմանափակումը, եթե նույն գնորդն ընդամենը րոպեներ հետո կարող է նույն քանակությամբ ձու գնել։ Իսկ ահա սուպերմարկետից դուրս մի տիկին էլ մեզ խորհուրդ տվեց․ «Երևան Սիթիից եմ գնել ձու, մի քիչ թանկ է, բայց դե 100 հատ էլ ուզես, կտան, գնացեք էնտեղ։ Տիկինն իրավացի  էր․ Երևան Սիթիում՝ ձու ինչքան ուզես, իսկ յոդացված 10 ձվի արժեքը՝ 1100 դրամ։ Մեր հարցին՝ ինչպես է, որ այնտեղ ձվի վաճառքի սահմանափակում չկա, գինն է արդյոք պատճառը, աշխատակցուհին անլուրջ պատասխանեց․ «Մենք վերին արտի ցորենն ենք» ։

Նշենք, որ երեկ Tert.am–ի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, անդրադառնալով ձվի շուկայի գնի բարձրացմանը, ընդգծել էր, որ միջնորդներն են թանկացրել ձուն։ «Հիմա դրա համար սահմանափակում ենք մտցրել, որ ամեն մեկին 15 ձվից ավելի չվաճառեն, և դա չի նշանակում, որ ձուն քիչ է։ Այդ սահմանափակումը պետք է զսպի, նախկինում չկար շուկայում վերահսկողություն, այսօր արդեն զգացվել է, որ այդ գործիքը զսպել է, բոլոր խանութներում գինն իջել է։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թող ուսումնասիրի, գտնի ինչն էր պատճառը, նա ամբողջ ցանցը, շղթան պետք է ուսումնասիրի։ Ընկերությունները ՏՄՊՊՀ–ին ամեն օր բացթողման հաշիվ-ապրանքագրերն ուղարկում են, իրենք հիմա պետք է ճշտեն, որ եթե 60–63 դրամով բաց են թողնում, ո՞նց է լինում 85 դրամ։ Մենք հիմա առաքիչներին էլ ենք կրճատել, որ ուղղակի ձուն առանց միջնորդի գնա ցանց»,- ասել էր  նա։