Կառավարությունը ՊՈԱԿ-ին գումար է տրամադրել՝ դրոն գնելու համար

Կառավարությունը ՊՈԱԿ-ին գումար է տրամադրել՝ դրոն գնելու համար

«TOUR DE SEVAN 2024»` Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ ձեռք բերելու համար այսօր կառավարության նիստում հատկացվեց 3 մլն 160 հազար դրամ։ Բայց թե կոնկրետ ինչ գնումներ է պատրաստվում կատարել ՊՈԱԿ-ը, կառավարության ղեկավարը չնշեց: «Հրապարակը» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանին մի քանի հարց ուղղեց:

- Կառավարությունը ՊՈԱԿ-ին 3 միլիոն 160 հազար դրամ գումար տրամադրեց: Կոնկրետ ի՞նչ նպատակով:

- Տեխնիկա պետք է ձեռք բերենք:

- Ի՞նչ տեխնիկա:

- Դրոն և կամերա:

- Շենքի փոփոխություն, նորոգում չե՞ն նախատեսվում:

- Այժմ Նալբանդյանի շենքից մի ստորաբաժանում պիտի դուրս գա, որովհետև շենքը, որքանով գիտեմ, մասնավորեցվել է:

- Ո՞ր ստորաբաժանումն է, որտե՞ղ է տեղափոխվում:

- Սփյուռքի ստորաբաժանումը:

- ՊՈԱԿ-ում քանի՞ հաստիք է ավելացել վերջին շրջանում:

- Հաստիքային ավելացումներ արդեն մեկ տարուց ավելի է` չեն եղել:

- Այս պահին ՊՈԱԿ-ում քանի՞ աշխատակից կա:

- 102 հաստիք ունենք` այս պահի դրությամբ:

- Իսկ նոր ստորաբաժանո՞ւմ:

- Մեկ տարուց ավել է` չի ավելացել որևէ ստորաբաժանում:

- Լուրեր են շրջանառվում, որ ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքն առաջիկայում Անժելա Կժդրյանն է կատարելու:

- Ես տեղեկություն չունեմ այդ մասով:

- Իսկ դրոն և կամերա ի՞նչ նպատակով եք գնում:

- Ունենք դրոն, որն արդեն շարքից լրիվ դուրս է եկել, պետք է փոխարինենք նորով, նաև կամերան է մաշվել` տեխնիկապես և բարոյապես: Պետք է փոխարինենք նորով: Օգտագործվում են շուրջ չորս հաղորդումներ նկարելու համար` «Մեր ժամանակների հերոսը», «Արձակուրդը` Հայաստանում», «Ընտրիր հայկականը» և ընթացիկ հաղորդումները: Այդ հաղորդումները հրապարակվում են կառավարության էջով, ինչպես նաև` Հանրային հեռուստաընկերությամբ: