«Հրապարակ». Ադրբեջանցիները հայկականություն տեսնելով՝ միշտ փորձել են վնասել, ջարդել խաչքարերը

«Հրապարակ». Ադրբեջանցիները հայկականություն տեսնելով՝ միշտ փորձել են վնասել, ջարդել խաչքարերը

Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր եւ Սիսիանում՝ ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ նորից մի քանի տարօրինակ թեմաներ բարձրացրեց, որոնց կարեւորությունը մեր երկրում թերեւս քչերը կհասկանան: Նա կրկին խոսեց մարդկանց հագուկապի, մատանիների, այլ աքսեսուարների մասին, որոնք չպետք է դառնան քննարկման առարկա՝ ով ինչ ուզի, պետք է հագնի, կրի եւ այլն։ Սա շորտիկների, կոֆե խմելու, գունավոր շորեր հանգնելու երկրորդ մասն է, ըստ էության՝ մի անգամ նա արդեն վերջերս խոսել է այդ մասին։ Ըստ ամենայնի, հագուստի թեման նրան հանգիստ չի տալիս։ Ապա անդրադարձել է խաչքարեր դնելու թեմային՝ հայտարարելով. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ոչ, զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»:

Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ հող է նախապատրաստում խաչքարերն ապամոնտաժելու, եկեղեցիները հանձնելու եւ, առհասարակ՝ հերթական ազգային ավանդույթի դեմ է արտահայտվում: Մանավանդ Արցախը հանձնելուց հետո, որտեղ կային մեծաքանակ մշակութային արժեքներ՝ վանական համալիրներ, խաչքարեր, հուշակոթողներ, որոնք հիմա ադրբեջանական բարբարոսները ոչնչացնում են, այս ելույթներն անմեղ բան չեն։ Վաղը հայկական խաչքարերը պղծող ու ավերող հրոսակները նրա խոսքերին են հղում տալու, թե՝ տեսեք, ՀՀ վարչապետն էլ է դեմ խաչքարերին: 

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ խաչքարերը մեր ազգային ինքնության կարեւորագույն բաղադրիչներից են, դրանք համարել անկարեւոր ինչ-որ իրեր, Պողոսյանի կարծիքով, առնվազն ոչ հայեցի մտածողության արդյունք է. «Այն, որ խաչքարը տգեղացնում է երկիրը, թյուր տեսակետ է, ինչպե՞ս կարող է խաչքարն ավելորդ իր համարվել: Այն մեր ազգային ինքնության, մեր մշակութային ես-ի կարեւորագույն դրսեւորումներից է, դա ոչ հայեցի մտածողության արդյունք է, սխալ կարծիք, որը ես կիսել չեմ կարող: Խաչքարը մեր մշակութային ժառանգության նմուշներից է, եւ շատ լավ է, որ խաչքարեր քանդակելու գործը մինչ օրս արդիական է: Ի վերջո` խաչքարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, այն այնքան կարեւոր է մեզ համար, որ իր տեղը գտել է նաեւ այնտեղ: Այն բացառիկ արժեք է, իհարկե՝ այն տարբեր կիրառություններ ունի, երբեմն նաեւ հիշատակի համար է օգտագործվում, ի դեպ, վերջին շրջանում այն նաեւ օգտագործվում է որպես շիրմաքար: Ցեղասպանության զոհերին, պատերազմների նահատակներին նվիրված շիրմաքար է նաեւ խաչքարը, շատ ուրախալի է, որ նաեւ Հայաստանից դուրս տեսնում ենք խաչքարեր` այս կամ այն իրադարձությանը, այս կամ այն անձին նվիրված միջոցառման ժամանակ: Խաչքար ասվածը, որպես քրիստոնեական հուշարձան, 9-րդ դարում է մեծ տարածում գտել։ Մինչեւ ուշ միջնադար, կարող եմ ասել, որ այն այնքան արժեքավոր է հայ ժողովրդի համար, որ թե՛ խորհրդային շրջանում եւ թե՛ անկախության տարիներին նույնպես կարեւորվեց այդ հուշարձանը: Ինչպես վիշապաքարերն են կարեւորված Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ՝ խաչքարերը, հատկապես քրիստոնեական մուտքի հետ կապված: Շատ լավ կլիներ, որ մեր վարպետները շարունակեին նույն ջանասիրությամբ պահպանել խաչքարերը, դրանք մեր հավատի, մեր մշակույթի կարեւոր տարրերից են։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդ փաստը կասկածի տակ դնել: Ի դեպ, ադրբեջանցիները հայկականություն տեսնելով խաչքարերի մեջ՝ մշտապես փորձում են վնասել, ջարդել, պղծել դրանք: Արծվի քանդակին էլ են այդպես վերաբերվում, որովհետեւ արծիվը նույնպես ասոցացվում է հայկականության եւ հայի հետ: Խաչը քարի վրա նույնպես հայի եւ հայկականության մասին է: Ասում են նաեւ, որ խաչքարը խաչդաշ է, ինչն աղվանական մշակույթի դրսեւորում է»: