«Դոսյե»-ն համագործակցում է թուրք-ադրբեջանական մեդիա-հարթակի հետ

«Դոսյե»-ն համագործակցում է թուրք-ադրբեջանական մեդիա-հարթակի հետ

Ռուսական «Դոսյե» կենտրոնի նյութերը մեծ աղմուկ բարձրացրին Հայաստանի քաղաքական կյանքում։ Դրանց արձագանքեց նաեւ ԱԱԾ տնօրենը։ «Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում, եւ ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»,- ասել էր Արգիշտի Քյարամյանը։ Մինչդեռ ոմանք կարծում են, որ հենց ՀՀ ԱԱԾ-ն է այդ նյութերի արտահոսքն ապահովում։

«Դոսյեն» պատկանում է Վլադիմիր Պուտինի ակտիվ քննադատ, Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարար, այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկուն։ Սեպտեմբերի 18-ին հրապարակվեց զեկույցի՝ Հայաստանին առնչվող հատվածը, որում պնդում կար, թե «Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում», եւ որ  թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության, գործակալական ցանց է գործում։ Կուրատորը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովն է: «Գործակալների» շարքում են ԱԱԾ նախկին տնօրեններ Կառլոս Պետրոսյանի, Գեորգի Կուտոյանի անունները, Հայաստանում որպես ռուսական ազդեցության գործակալներ են նշվել նաեւ Հայկ Բաբուխանյանը, Արամ Սաֆարյանը, Արտաշես Գեղամյանը, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, Երեւանում ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, փորձագետ Վազգեն Մանուկյանը։ Այսինքն՝ հիմնականում ռուսամետ գործիչներ, որոնց անունը փորձում են հիշատակել որպես պետական դավաճանների, որոնք պետական շահը ստորադասում են օտարին։

Զեկույցում ներկայացվում է, որ «Ռուսաստանի ընկերները չեն վախենում գաղտնազերծումից», քանի որ Հայաստանի ԱԱԾ-ն վաղուց «Լուբյանկայի մասնաճյուղ» են անվանում, իսկ ղեկավարությունում մշտապես «սկանդալով ուղեկցվող կադրային խնդիրներ են»․ 
Ըստ «Դոսյե»-ի, գեներալ Չերնովի ենթակաները հատուկ ուշադրությամբ հետեւում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որին ռուսական հատուկ ծառայություններն օպերատիվ կեղծանուն են տվել՝ «Մորուք»: Նրանցից մեկը` ոմն Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. «Մինչեւ օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց:

Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Թե ով է այդ Միշան, եւ որն է կոշտ սցենարը` չի հստակեցվում: Մեկ այլ զեկուցագրում նույն Մաքսիմովան գրում է. «Ստացվում է` Փաշինյանն իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք՝ ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արեւմտամետ ձրիակերների բացահայտեց»:

Չերնովի թղթերում հայտնաբերել են նաեւ «Կանդիդատ» («Թեկնածու») ծածկանվամբ մեկին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի էլ անձնագրի պատճենն է հայտնաբերվել։ Հիշատակված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք ԱԱԾ ղեկավար Կառլոս Պետրոսյանը, ով ՌԴ քաղաքացիություն է ստացել՝ հատուկ կարգով, եւ Մոսկվայի Կոմպոզիտորների տանը հաջողել է բնակարան գնել 200 միլիոն ռուբլով՝ ավելի քան երկուսուկես միլիոն դոլարով: Նա նաեւ առանձնատուն է ստացել մերձմոսկովյան Մալախովկայում՝ անձամբ Պուտինի կարգադրությամբ: «Թե որ ծառայությունների դիմաց՝ դժվար է կռահել, քանի որ Պուտինի այդ որոշումը գաղտնի է եղել»,- նշում է կայքը: Հիշատակված են նաեւ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը, Արթուր Վանեցյանը, ով «ԱԱԾ-ի ղեկավար աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, եւ հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում՝ ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ»:

Կրեմլի հետ սերտորեն աշխատում է նաեւ Լազարեւյան ակումբը, որը համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Շատերի համոզմամբ, զեկույցի հիմնական նպատակը հայ-ռուսական առանց այն էլ փխրուն հարաբերությունները քանդելն ու հակառուսական տրամադրություններ առաջացնելն է։ Իսկ ոմանք ավելի հեռուն են գնում՝ կանխատեսելով լյուստրացիա։ Գործընթացները եւ մասնավորապես ԱԱԾ տնօրենի հայտարարությունը հուշում են, որ այս խմորը շատ ջուր կքաշի, առնվազն «ռուսական շպիոններ» անվան տակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներ կարող են սկսվել։

Գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտությունների), Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը, ում անունը եւս վկայաբերվում է նշված զեկույցում, մեզ հետ զրույցում նշեց, որ զեկույցն առնչվում է մեր երկրի անվտանգային խնդիրներին, եւ ճիշտ կլիներ այն հայաստանյան տիրույթում հրապարակելուց առաջ քննարկել մասնագետների հետ։ «Զեկույցն իր մեջ մեծ զգայունություն է պարունակում, որովհետեւ դուք գիտեք, որ վերջերս՝ մոտ տասն օր առաջ, Թուրքիան Ադրբեջանի հետ ստեղծեց համատեղ մեդիա հարթակ, եւ այդ մասին ցուցադրաբար հրապարակվեց։ Կա որոշակի տեղեկույթ, որ թուրք-ադրբեջանական պլատֆորմը համագործակցում է Խոդորկովսկու պորտալի հետ»,- ասաց պրն Քոթանջյանը՝ ընդգծելով, որ, ըստ իր աղբյուրների, «Դոսյե»-ի զեկույցն էլ այդ ընդհանուր հարթակի համագործակցության տիրույթում է։ Մեր դիտարկմանը՝ բայց զեկույցը նաեւ ՀՀ իշխանություններին է ձեռնտու, ասաց․ «Այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետության  միջազգային անվտանգության խնդիրներն են, ոչ թե իշխանությանը կողմ կամ դեմ լինելը»։ Պաշտոնաթող գեներալը չմանրամասնեց, թե ինչպես է հնարավոր զեկույցով ազդել մեր երկրի անվտանգային խնդիրների վրա, ասաց միայն, որ դրանք կարող են առաջ բերել «հակառուսական տրամադրություններ, պրոթուրքական տրամադրություններ, ամերիկյան տրամադրություններ»։

Հարցրինք նաեւ իր եւ ՌԴ իշխանությունների ներկայիս փոխհարաբերությունների մասին, մասնավորապես՝ արդյոք ինքն «աշխատո՞ւմ» է ՌԴ-ի համար, ի՞նչ աղբյուրների է ինֆորմացիա փոխանցում։ «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Դա ամենաանշնորհք եւ ոչ մաքուր մանիպուլյացիաներից մեկն է, թե իբր ինֆորմացիա եմ փոխանցում եւ այլն։ Բայց ես խորհուրդ եմ տալիս՝ շատ զգուշորեն վերաբերվել, որպեսզի չվնասենք Հայաստանին, հայությանը»։ Լավ, իսկ ինչո՞ւ է հենց Ձեր անունը նշվում։ «Գիտեք, ես տարբեր դպրոցներում աշխատած եւ վերապատրաստված մարդ եմ՝ ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Ռուսաստանի նախագահին կից ակադեմիայում, Հարվարդում, այնպես որ՝ դա ինձ համար նորմալ վիճակ է։ Հիմա էլ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ կապ ունեմ՝ որպես գիտնական, իմ գործընկերների հետ ես կապը պահում եմ, ես գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եմ»։