Թող լռե մունջը, անդամալույծը

Թող լռե մունջը, անդամալույծը

Ռուսամետներն ու Խորհրդային կարոտախտով համակվածներն ասում են՝ Հայաստանն Արևմուտքի գաղութն է։

Արևմտամետները, ՆԱՏՕ-ականները, սորոսականներն ու վայրի նեոլիբերալներն ասում են՝ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է։

Այս երկու տկարամիտ կողմերը՝ հոգևոր թզուկները, միասին վերցված իսկապես ճշմարիտ են, Հայաստանն, անշուշտ, բազմատեր գաղութ է, բայց սրանց գզվռտոցն այդպես էլ թույլ չտվեց նկատել թուրքական 30-ամյա ներկայությունը Հայաստանում, որի տարածվածության ու խորացվածության մասշտաբները չեք էլ կարող պատկերացնել։ Իսկ պատկերացնել չեք կարող, որովհետև մտավոր մակերեսայնությունը և որկորայնությունը խեղդել են ձեզ։ Արդյունքում՝ դեպի կազմաքանդում սլացող վերջին հանրապետություն ու ինքնասպանության գնացող մի բուռ ժողովուրդ։

Գիտե՞ք, որ ապրելու իրավունքը միայն ծնվելով ու վերածնվելով չի տրվում։ Իրենց ներկան անցյալի դասով չկերակրող ազգերը չեն ստանում ապագայի իրավունք, չե՛ն ստանում։ Գոնե վերջին 100 տարում փորձեցի՞նք վաստակել արևի տակ մեր տեղն ունենալու այդ իրավունքը, ուրիշների պես հորինեցի՞նք մեր ազգային երազանքը, գոնե մեկ ժամ ազգովին ճգնեցի՞նք դրան հասնելու համար... Ունակ եղա՞նք, կամեցա՞նք ստեղծել մեր Թուրանը, մեր Սիոնը, մեր Մետաքսի ճանապարհը, մեր American dream-ը, մեր Наша держава-ն... Ո՛չ ունակ եղանք, ո՛չ էլ կամեցանք։ Այժմ, եթե ժամանակը բարեհաճ գտնվի, կա՛մ կունենանք նոր՝ ազգայնական, օրակարգ՝ դուրս գալով արտաքին կառավարումից և առաջնորդվելով ներցեղային բարոյականով, կա՛մ կշարունակենք ուրախանալ լավ որակի ասֆալտով, որը թուրքը սիրով կվայելի, իսկ եթե հրաժարվենք ազգայնական օրակարգից, ուրեմն կլռենք հավիտյան... սակայն «թո՛ղ լռե մունջը, անդամալույծը, կամ` որոց քաղցր է թշնամու լուծը, բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ` ե՛կ, անվախ ելնենք թշնամու առաջ. գոնե մեր փառքը մահով հետ խըլենք ու այնպես լռենք»:

Մշակութաբան Դավիթ Պետրոսյան