Աշոտ Մարկոսյանին կալանավորել են․ նրանից պահանջում են ցուցմունք գրել Արման Սահակյանի դե՞մ
Պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը կալանավորված է։ Այսօր նրան զանգահարել են դատախազությունից և հրավիրել են քննչական մարմին։ «Նա դասի է եղել, դատախազության ներկայացուցիչները նրան զանգահարեցին, և նա գնաց», - հայտնեց մեզ Աշոտ Մարկոսյանի կինը՝ Ալմաստ Գասպարյանը, հաստատելով մեր ստացած տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մարկոսյանին դեկտեմբերի 2-ին ձերբակալել էին։ Նա կասկածվում էր Ամասիայի ջրային համակարգն ու հարակից կառույցները, որոնք կառավարությունը գնահատել է մոտ 200 մլն դրամ, 22 մլն-ով «Անի» ԲԲԸ-ին օտարելու մեջ։ Դեկտեմբերի 4-ին դատարանը նրան ազատ արձակեց՝ ձերբակալության որոշումը չեղյալ անելով։ Աշոտ Մարկոսյանին բաց թողեցին։ Այսօր դատախազությունը կրկին դատարան է մտել՝ այս անգամ կալանավորելու միջնորդությամբ, և այս անգամ միջնորդությունը դատարանը բավարարել է՝ այլ դատավորի որոշմամբ։ «Ես շատ հուզված եմ, չեմ ուզում խոսել այդ մեղադրանքի մասին, - ասաց Ալմաստ Գասպարյանը, - ամենաաբսուրդն այն է, որ գործարքը, որը պետշահերի պաշտպան դատախազը համարում է վնասակար պետության համար, իրականում շահեկան է եղել։ Ահռելի ներդրում է կատարվել և դեռ պետք է կատարվեր այդ հին, 1972 թվականի մաշված ջրանցքի վրա։ Նոր գնահատում չի արվել։ Ինչպե՞ս կարող էր այն 244 մլն-ից ավելի արժեք ունենար, եթե դրա կադաստրային արժեքը «զրո» է։ Ինչո՞վ են բազմապատկել, որ 244 մլն են ստացել»։ Փաստորեն, Աշոտ Մարկոսյանը, որը Ջրային օրենսգրքի վերաբերյալ հաստ գրքեր է գրել, որի առաջին դիսերտացիան հենց այդ թեմաներով է եղել, հանկարծ դիլետանտ ձևով մեղադրվում է ջրային օրենսդրության խախտման մեջ։
Աշոտ Մարկոսյանի ընկերներից լուր էինք ստացել, որ քննիչները նրանից պահանջել են, որ ցուցմունք գրի պետգույքի վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի դեմ։ Ալմաստ Գասպարյանից փորձեցինք ճշտել այս լուրը։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Գիտեմ, որ Գալուստ Սահակյանի կամ որևէ մեկի կողմից նրա նկատմամբ ճնշում չի եղել», - պատասխանեց նա։ Ըստ Մարկոսյանի կնոջ, պրոֆեսորը վրդովված ու զայրացած է եղել կատարվածով։
Կարծիքներ