Սասուն Միքայելյա՞նն է կանգնած ստուգումների հետևում

Սասուն Միքայելյա՞նն է կանգնած ստուգումների հետևում

Արդեն 10 օր է՝ ստուգումներ են ընթանում Հրազդանի բժշկական կենտրոնում: Մեր տեղեկություններով՝ ոստիկանները, դռնեդուռ ընկած, հիվանդներին հարցուփորձ են անում՝ արդյոք ստացե՞լ են իրենց հասանելիք դեղորայքը: Նշենք, որ «Հրազդան» ԲԿ-ն երկար տարիներ ղեկավարում էր Ռոբերտ Սահակյանը, ով իր հարազատներին աշխատանքի էր տեղավորել ԲԿ-ում: Մարզպետարանի իրականացրած ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ էին հայտնաբերվել, ինչի հետեւանքով նախկին տնօրենը խիստ նկատողություն ստացավ, ապա թերությունները չշտկելու համար ազատվեց աշխատանքից: 

Նա ամեն գնով փորձում էր, որ իր պաշտոնը զբաղեցնի որդին՝ Կարեն Սահակյանը: ԲԿ-ի տնօրենի մրցույթում, սակայն, հաղթող ճանաչվեց Մեղրաձորի ամբուլատորիայի վարիչ Լիլիա Կարապետյանը, ով արդեն մեկ տարի է՝ պաշտոնավարում է: Ըստ մեր աղբյուրի՝ ԱԱԾ-ն այժմ ստուգումներ է սկսել Հրազդանի ԲԿ-ում, եւ այդ ստուգումներն ուղղորդված են: Հրազդանում խոսում են, որ իշխանական պատգամավոր, պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանն իր ծանոթին ուզում է տեսնել ԲԿ-ի տնօրենի պաշտոնում: Ի դեպ, Միքայելյանն իր մտերիմներին աշխատանքի տեղավորելու գործընթացը հաջողությամբ առաջ է տանում: Նա իր ծանոթներին տեղավորել է «Կոտայքի ԳԳՄ»-ի Հրազդանի մասնաճյուղում, նախկին Արդշինբանկի կառավարիչ Կարինե Մանասյանին բաժին է հասել Յունիբանկի Հրազդանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: Թե ինչ ստուգումներ են կատարվում Հրազդանի ԲԿ-ում, տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ԲԿ-ի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ: 

- ԱԱԾ-ի կողմից ԲԿ-ում ստուգումներ են կատարվում, ի՞նչ խախտումներ են արձանագրվել: 

- Մեզ մոտ ուսումնասիրություններ է կատարել ոչ թե ԱԱԾ-ն, այլ 6-րդ վարչությունը՝ ստացած օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ: Ստուգման արդյունքում արձանագրել են հետեւյալ խախտումները, որ 1 հիվանդ 16 հազար դրամ արժողությամբ դեղորայք չի ստացել, եւ 5 աշխատակիցներ իբրեւ պարգեւավճարներ չեն ստացել, եւ պետությանը հասցվել է 600 հազար դրամ վնաս: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ՝ կպարզվի նախաքննության ընթացքում: Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 09.11.2017 թվականի թիվ N 1402-Ն որոշման՝ դեղատոմսում նշվում է դեղի քիմիական անունը, իսկ դեղատանը հիվանդը ստանում է բրենդային անունով դեղորայք: Աշխատակիցներն էլ ստացել են պարգեւավճար, դա նույնն է, ինչ 13-րդ աշխատավարձը: Ես կրկնում եմ՝ այն խախտումները, որ արձանագրել են, իրականում այդպես չեն: Ինչո՞ւ վերջին 5 տարիների ընթացքում ԲԿ-ում 6-րդ վարչությունը ստուգումներ չի իրականացրել, ինչո՞ւ է սա արվում հենց այս ժամանակահատվածում, միգուցե այս ստուգումները նպատակային են: 

- Կարծում եք՝ ստուգումներն ուղղորդվա՞ծ են ինչ-որ անձանց կողմից: 

- Անկեղծ՝ չեմ կարող Ձեր հարցին պատասխանել: Նախաքննություն է կատարվում, կունենամ հստակ պատկեր եւ եթե հասկացա, որ ստուգումներն ուղղորդված են իմ անձի դեմ, այդ ժամանակ ես հաստատ կբարձրաձայնեմ: Ներեցեք, այս պահին ես այսքանը կարող եմ ասել: 

- Նախկին տնօրենն իր հարազատներին աշխատանքի էր տեղավորել պատասխանատու պաշտոններում, նրանք հիմա աշխատո՞ւմ են: 

- Այո, որեւէ մեկին աշխատանքից չեմ ազատել, ես դեմ եմ վենդետա ասվածին:

ՀԳ. Վերջերս խիստ լարվել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունները: Մամուլը գրեց Միքայելյանի որդու՝ Սեւակ Միքայելյանի եւ մարզպետի ընդհարման մասին, իսկ իրենք հերքեցին: Իրականում այդ միջադեպը տեղի է ունեցել, սակայն մարզպետի հետ վեճի է բռնվել ոչ թե Սեւակ Միքայելյանը, այլ Սասուն Միքայելյանի վարորդը: