Պարտադիրից անցան կամավորության սկզբունքի

Պարտադիրից անցան կամավորության սկզբունքի

«Հայաստան համահայկական հիմնադրամի» ամենամյա մարաթոնի համար բավարար միջոցներ հավաքագրելու նպատակով տարբեր գերատեսչություններում որոշել էին բոլոր աշխատակիցների աշխատավարձերից փոխանցումներ անել հիմնադրամի հաշվի համարին։ Մասնավորապես ՊԵԿ-ում անգամ դիմումի ձեւ էին մշակել, որ յուրաքանչյուր աշխատակից լրացնի այն եւ ամսական աշխատավարձից որոշակի տոկոս փոխանցի Հիմնադրամի հաշվեհամարին։

Սակայն այս որոշումը որոշակի դժգոհություն էր առաջացրել եւ ՊԵԿ ղեկավարությունը որոշել է հրաժարվել այս նախաձեռնությունից։ Երեկ Պետեկամուտների կոմիտեում նոր գրություն է ստացվել, որտեղ բաժինների եւ վարչությունների պետերին տեղեկացրել են, որ թեեւ «ստացվել են դիմումներ»՝ աշխատակիցներից, որ իրենց հաշիվներից «Հայաստան» հիմնադրամին վճարումներ կատարվեն, սակայն Կոմիտեում որոշել են այդ դիմումներին ընթացք չտալ եւ առաջարկում են՝ աշխատակիցներին, ինքնուրույն կատարել այդ փոխանցումները՝ կամավորության սկզբունքով։