Շիրակում ականատես կլինենք հետաքրքիր պայքարի

Շիրակում ականատես կլինենք հետաքրքիր պայքարի

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներով բավականին հետաքրքիր պատկեր կարող է արձանագրվել: Այստեղ ամենաշատ՝ 15-ական վարկանիշային թեկնածուներով են ներկայացված ՀՅԴ-ն եւ «Իմ քայլը» դաշինքը: ԲՀԿ-ն ունի 14, ՀՀԿ-ն՝ 13 թեկնածու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն Շիրակում ներկայացված է ոչ առաջին էշելոնի դեմքերով, հիմնական պայքարը, ամենայն հավանականությամբ, կծավալվի առաջին երեքի միջեւ` «Իմ քայլը», ԲՀԿ եւ ՀՅԴ:

Շիրակի մարզում առաջատարներին ավանդաբար հետապնդող ՀՅԴ-ն այս անգամ պատրաստվում է արժանի դիմակայության, թեեւ դաշնակցական թեկնածուների կարծիքով՝ քաղաքական պայքար, որպես այդպիսին, չի լինելու, այլ ծավալվելու է անձնավորված պայքար: Ըստ նրանց՝ հեղափոխական ալիքի վրա քաղաքական ծրագրերի պայքար չի կարող լինել:

Այդուհանդերձ, ՀՅԴ-ն Շիրակում ներկայացված է կարող ուժերով, այդ թվում՝ ի դեմս ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր,  բնապահպանության նախկին փոխնախարար, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Հակոբ Մաթիլյանի, որը, շիրակցիների կարծիքով, ընտրվելու մեծ շանսեր ունի Արթիկի տարածաշրջանում:

Հակոբ Մաթիլյանը ծնունդով Արթիկ քաղաքից է, աշխատավորական ընտանիքից: Նրան ճանաչողները նշում են, որ չնայած երկար տարիներ աշխատել է Երեւանում եւ Արցախում, կապը հայրենի քաղաքի հետ չի խզել եւ վայելում է լայն խավերի՝ ոչ միայն դաշնակցականների հարգանքն ու աջակցությունը: Մաթիլյանին հաջողվել է ձեւավորել նախընտրական լուրջ թիմ՝ ինչպես կուսակցական, այնպես էլ համակիր շրջանակներից: Սպասվում է, որ իր կենսագրության եւ փորձառության շնորհիվ հենց նրան էլ կհաջողվի ՀՅԴ-ի համար ամենաշատ ձայներն ապահովել այս մարզից: 

Նշենք նաեւ, որ Հակոբ Մաթիլյանը ՀՅԴ համամասնական ցուցակի 18-րդ համարն է, առաջադրված է նաեւ ռեյտինգային ընտրակարգով: