Ինչո՞վ է զբաղված մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը

Ինչո՞վ է զբաղված մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով 10 տարի պաշտոնավարեց մշակույթի նախարարի պաշտոնում, հիմա էլ ձեռնամուխ է եղել հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդմանը։ Նա իտալական «Դանթե Ալիգիերի» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն է, եւ նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկը, որի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Բուխարու սրահում։ Առիթից օգտվելով՝ մի քանի հարց ուղղեցինք Հասմիկ Պողոսյանին։

- Տիկին Պողոսյան, ինչո՞վ է զբաղվում նորաստեղծ «Դանթե Ալիգիերի» ՀԿ-ն, որը Դուք եք ղեկավարում։

- Քանի որ ես հասարակական սեկտորից եմ եկել պետական, միշտ ցանկություն ունեի վերադառնալ հասարակական հատված, եւ այնպես ստացվեց, որ առաջարկությունը ստացա երկրից, քանի որ միշտ շփվել եմ «Դանթե» ասոցիացիայի հետ, որը գտնվում է Հռոմում։ Սկզբում մի փոքր հապաղեցի, բայց անցյալ տարի՝ տարվա վերջ, արդեն համաձայնեցի, ու սկսեցինք այդ գործընթացը, հունիս ամսին կազմակերպությունը գրանցվեց։ Դա նմանատիպ մի կազմակերպություն է, ինչպես որ Գյոթեի ինստիտուտը կամ British Council-ը, ազգային մշակույթի ինստիտուտ, որի հիմնական գործառույթը իտալերենն ու իտալական մշակույթը տարածելն է աշխարհով մեկ։ Դա ինձ շատ հոգեհարազատ էր, եւ կար նաեւ հետաքրքրություն դաշտում։ Այդ ամենը դրդեց նրան, որ այդ կազմակերպությունը ստեղծվի, եւ շատ շուտ կազմակերպության շուրջ հավաքվեցին երիտասարդներ։ Մենք արդեն բացել ենք մեր ֆեյսբուքյան էջը։ Նաեւ անմիջապես միացանք այն գործընթացին, որը սկսվել էր «Յունիկ» կազմակերպության ձեւավորման հետ կապված, որը միավորեց բոլոր այդ ազգային, մշակութային ինստիտուտները, եւ թվով 8 հիմնադիրներ եղան։ Ըստ էության, զուգահեռաբար կան ե՛ւ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի գործառույթները, ե՛ւ «Յունիկ» կազմակերպության, որտեղ արդեն մի քանի երկիր միասնական ծրագրեր են անում, եւ եվրոպական ֆիլմերի այս փառատոնն էլ այդ ծրագրերից մեկն է։ Մենք շուտով կսկսենք մեր դասընթացները, որոնք լինելու են էքսկլյուզիվ այն իմաստով, որ յուրաքանչյուր ոք կարող է իր հետաքրքրությունը, նախասիրությունը գտնել։ Մաքսիմալ փորձելու ենք իտալական մշակույթը ներկայացնել Հայաստանում՝ բնականաբար, բաց չթողնելով այն հատվածը, որը վերաբերում է հայերին, հայկականությանը։

- Ժամանակին, երբ դեռ անգամ նախարար էիք, շատ էր խոսվում, որ հնարավոր է եվրոպական որեւէ երկրում, այդ թվում՝ Իտալիայում, դեսպան նշանակվեք, հետո՝ օպերային թատրոնի տնօրեն։ Փաստորեն, դրանցից եւ ոչ մեկը չիրականացավ։

- Տեսնում եք։ Ես միշտ էլ ասել եմ, որ հասարակական կազմակերպություններից եմ դուրս եկել եւ ուզում եմ վերադառնալ, որովհետեւ հասարակական կազմակերպությունը մարդուն տալիս է այն հնարավորությունները, որ ոչ մի պետական աշխատանք չի տալիս, ամեն մեկն իր տեղն ունի, եւ այդ իմաստով միշտ էլ մտածել եմ, որ պետք է այս կարգի մշակութային եւ հասարակական կառույց։ Այս առաջարկությունն էլ ստացա շատ անսպասելի, բայց մյուս կողմից էլ շատ հպարտ եմ, որ դա ինձ առաջարկվեց, եւ սիրով կշարունակեմ ծառայել իմ ժողովրդին։

- Վստահ եմ՝ հետեւում եք մշակութային դաշտի փոփոխություններին՝ որպես մշակույթի նախկին նախարար․ ի՞նչ դրական եւ բացասական միտումներ եք նկատում, լինի դա նախկին նախարար Արմեն Ամիրյանի, թե ներկայիս նախարար Լիլիթ Մակունցի օրոք։

- Ես տեսնում եմ, որ նախաձեռնություններ կան, որոնք շարունակվում են, նախաձեռնություններ կան, որ կասեցվում են, ու, ի դեպ, ասեմ, շատ բնականոն եմ դա գնահատում, որովհետեւ մարդիկ գալիս են իրենց տեսակետներով, ու բոլորն են այդպես գալիս։ Է էլ ժամանակին եկել եմ իմ տեսակետներով եւ ինչ-որ բաներ մերժել եմ, ինչ-որ բաներ՝ շարունակել։ Կարծում եմ՝ միշտ պետք է հնարավորություն տալ, որ մարդիկ կարողանան աշխատեն։ Ամեն պարագայում, ես շատ գնահատում եմ այն կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են, այսինքն՝ հնարավորություն տալ բոլոր երեխաներին հաղորդակից լինել մշակույթին, կարծում եմ՝ շատ կարեւոր մոտեցում է, քաղաքական ուղղություն, որն այսօր որդեգրված է։ Խոսքս աբոնեմենտային համակարգի մասին է, որի պիլոտային ծրագիրը մի 3-4 տարի առաջ մեկնարկեց, բայց հիմա դա ընդգրկել է ամբողջ հանրապետությունը, եւ դրա համար շատ ուրախ եմ։ Միշտ կան բաներ, որոնք շարունակվում են, կան երեւույթներ, որ ինչ-որ պահի կանգ են առնում, եւ համարում եմ դա շատ նորմալ։

- Շատ նախարարներ, այդ թվում՝ մշակույթի ներկայիս նախարարը, ներգրավվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակներում։ Ձեզ որեւէ առաջարկ եղե՞լ է՝ ընդգրկվելու այս կամ այն քաղաքական թիմի կազմում։

- Գիտեք, ես միշտ եղել եմ անկուսակցական բոլոր ժամանակներում, այսինքն՝ որեւէ ձեւով իմ սկզբունքները չեմ կարող փոխել, ես ունեցել եմ իմ մոտեցումը, ես ամբողջովին մշակույթի մեջ եմ, ամեն մեկն ինքն է իր ճակատագիրն ընտրում, ինչ-որ մեկը կարող է համաձայնել, դա լինի իր համար նորմալ։ Ես երբեք չեմ եղել կուսակցական, երբեք ակտիվ չեմ ներգրավվել եւ հիմա էլ իմ բնականոն կյանքը շարունակում եմ, որեւէ բան չի փոխվել։ Յուրաքանչյուր մարդ իր ընտրությամբ կարող է մասնակցել, չմասնակցել, դա արդեն մարդու ցանկության եւ իրավունքների շրջանակում է։

- Ամիսներ առաջ դատախազությունում գործ հարուցվեց պատմամշակութային հուշարձանների չարաշահումների հետ կապված, որտեղ շոշափվում էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, ու այդ չարաշահումները Ձեր օրոք են եղել՝ 2014-16թթ․։

- Ես դրա վերաբերյալ ոչ մի կոնկրետ տեղեկություն չունեմ, թե ինչին է վերաբերում, եւ ինչի մասին է խոսքը գնում, ինչքան հիշում եմ՝ այդ խոսակցությունը բավականին վաղուց էր։

- Այսինքն՝ այդ գործի շրջանակներում Ձեզ չեն հրավիրել հարցաքննության։

- Ոչ, ես տեղյակ չեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը գնում, եւ արդեն բավականին ժամանակ է անցել, կարծում եմ՝ եթե պարզաբանված չլիներ, ինչ-որ ձեւով տեղյակ կլինեինք։ Ես որեւէ տեղեկություն չունեմ։

- Վերջին ամիսներին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը կողմ քվեարկեց 7 կառույց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելուն․ ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը։

- Եթե գիտամեթոդական խորհուրդն արդեն որոշում է, համարեք, որ գործի կեսն արված է, որովհետեւ կառավարությունը, ըստ էության, վերահաստատում է մասնագիտական խորհրդի որոշումը։ Չեմ կարող ասել բոլորի դեպքում, որովհետեւ ուշադիր չեմ եղել, թե կոնկրետ որ հուշարձաններն են վերցրել, բայց ամեն պարագայում ուզում եմ ասել, որ այդտեղ խնդիր գոյություն ունի, եւ չենք կարող այդ խնդրի կողքով անցնել ու ասել, որ այդ շինությունների մասով հարց չունենք, ուրեմն ամեն ինչ կարող ենք դրանց հետ անել։ Դրա համար միգուցե դա մի միջոց է, որի շնորհիվ որոշակիորեն ավելի ուշադիր եւ մտածված որոշումներ հետագայում կընդունվեն։ Ամեն պարագայում, հուշարձանի շահը պետք է փորձենք միշտ դարձնել գերակա։