Խաղամոլություն

Խաղամոլություն
Արման Բեգոյան

Հարցազրույց հոգեբան, հոգեթերապեւտ Արման Բեգոյանի հետ․

- Պարոն Բեգոյան, ինչպե՞ս հակիրճ կսահմանեք խաղամոլությունը, որո՞նք են խաղամոլ դառնալու պատճառները, եւ ի՞նչ ընդհանրություններ ունեն խաղամոլները:

- Եթե ավելի պարզ ասենք՝ խաղամոլությունը կախվածությունն է մոլախաղերից: Խաղամոլության հիմնական ցուցանիշն անընդհատ դրանցում ներգրավվածությունն է, որը, որպես կանոն, ժամանակի հետ ավելի է խորանում` իր հետ բերելով սոցիալական, նյութական եւ ֆինանսական խնդիրներ: Կլինիկական տեսանկյունից այն կարելի է բնորոշել որպես կպչուն հակում մոլախաղերի նկատմամբ, մոլախաղերում մասնակցելու կպչուն վարք։ Ժամանակակից հետազոտողները խաղամոլությունը դասում են ոչ քիմիական կախվածությունների խմբին, որովհետեւ խաղամոլության դեպքում կախվածության օբյեկտ է դառնում ոչ թե հոգեակտիվ նյութը, այլ վարքային պատտերնը: Սակայն հետազոտությունների եւ դիտարկումների արդյունքում բացահայտվել է, որ իր հիմնական հոգեֆիզիոլոգիական մեխանիզմներով եւ կլինիկական դրսեւորումներով այն ավելի շատ նման է քիմիական կախվածություններին։ 

Խաղամոլության դեպքում ամենատարածված երեւույթը սուտն է, որի պատճառը խաղալը եւ դրանից բխող խնդիրները թաքցնելն է, մյուսը` չափազանց հնարամտությունը, որն ընթացքում ավելի զարգանում է, քանի որ մարդու ուղեղն անընդհատ մտածում է, թե ինչպես ու որտեղից հայթայթի գումար կա'մ խաղալու, կա'մ պարտքերը փակելու համար: Իսկ զարգացմանը նպաստող գործոնները տարբեր են` սկսած դաստիարակությունից, կոգնիտիվ  գործառույթներից մինչեւ կենսաբանական: 

- Ընտանիքում խաղային կախվածությամբ անձի առկայությունն ինչպե՞ս է ազդում անդամների հոգեկան աշխարհի վրա:

- Որպես կանոն` նրանք ունենում են համակախվածություն: Ինչպես նաեւ բնորոշ են  անհանգստությունը, վախերը, ապագայի հանդեպ անորոշությունը, քանի որ խաղացողի ընտանիքի անդամն ամեն պահի կարող է անսպասելի հայտնվել շատ տհաճ եւ կամ բարդ կենսական իրավիճակում. հանկարծ կարող են տեղեկանալ, որ նորից խաղացել է, պարտվել, կամ հաճախ ընտանիքի անդամներն առնչվում են պարտատերերի հետ, կանգնած են զանազան տագնապային վիճակների առաջ: Կարող են լինել նաեւ դեպրեսիվ վիճակներ, երբ խնդիրը երկար ժամանակ առկա  է ու չի լուծվում:

- Կա՞ն խաղամոլության աստիճաններ, եւ ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ խաղային կախվածություն ունեն հիմնականում տղամարդիկ:

- Այո, թեթեւ, միջին եւ ծանր, որն էլ պայմանավորված է նրանով, թե խաղամոլությանը բնորոշ ախտանշանների ընդհանուր ցանկից որքանն են առկա կոնկրետ մարդու մոտ։ Կան նաեւ խաղամոլության տեսակներ. սոցիալական խաղացողներ, ովքեր խաղում են հաճույքի համար, կան պրոֆեսիոնալներ, ովքեր խաղում են գումար վաստակելու համար, կան ախտաբանական խաղացողներ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում սոցիալական եւ պրոֆեսիոնալ խաղացողները վերածվում են կախվածություն ունեցող ախտաբանական խաղացողների:

Իսկ այն, որ խաղում են հիմնականում տղամարդիկ, սոցիալական կամ մշակութային բացատրություն ունի: Մեր երկրում է, որ տղամարդիկ են հիմնականում խաղում: Ուրիշ երկրներում խաղացող կանանց եւ տղամարդկանց  թիվը գրեթե հավասար է: Սակայն պետք է նշեմ, որ կանայք ավելի արագ են ընկնում կախվածության մեջ եւ ավելի դժվար հաղթահարում այն:

- Ո՞րն է խաղալու դրդապատճառը կամ նպատակը:

- Խաղալու դրդապատճառները տարբեր են: Նույն մարդը, որը սկզբում հաճույքի համար է խաղում, հաղթելիս կարող է բավարարվածություն զգալ, հետագայում, երբ արդեն խաղը դիտարկում է որպես միակ միջոց՝ իր մեծ պարտքերը փակելու համար, խաղալու գործընթացից կարող է էլ հաճույք չստանալ: Իրականում խնդրի բնույթը շատ տարբեր է` կախված նրանից` մարդը խաղում է խաղատներո՞ւմ, թե՞, օրինակ, online խաղադրույքներ է անում: 

- Ինչպե՞ս է որոշվում՝ կա՞ կախվածություն, թե՞ ոչ, եւ մարդն ինչպե՞ս հասկանա՝ իր ընտանիքի անդամն ունի՞ արդյոք խաղային կախվածություն:

- Կան կլինիկական չափորոշիչներ, որոնցով մասնագետները որոշում են` կա խաղային կախվածություն, թե ոչ: Դրանք կարելի է գտնել «Հիվանդությունների միջազգային դասակարգման» մեջ՝ «Սովորությունների եւ հակումների խանգարումներ» ենթաբաժնում` որպես  «Ախտաբանական խաղամոլություն»։ Բայց մյուս կողմից էլ կախվածություն կասկածելու համար բավական է ներգրավվածության փաստը: Ամենեւին պարտադիր չէ, որ մարդն ամեն օր խաղա ու մեծ գումարներով, որ համարվի դա կախվածություն: Նա կարող է շաբաթական մեկ անգամ խաղալ, փոքր գումարով, բայց կախվածություն ունենալ: Կարեւոր է, թե ինչպես է իրեն զգում ու ինչպես է իրեն պահում, կարողանո՞ւմ է չխաղալ, թե՞ ոչ: Կան նաեւ վարքային չափորոշիչներ, երբ խաղամոլության աստիճանն է գնահատվում: Օրինակ`սկսած նրանից, թե երբեւէ եղե՞լ է, որ տնից ապրանք վաճառի՝ խաղալու կամ պարտքերը փակելու համար, վերջացրած, թե վեճեր լինո՞ւմ են տանն այդ թեմայով: Եթե ընտանիքում ունեն ֆինանսական խնդիրներ, կամ ֆինանսները ծախսվում են ոչ նպատակային, քանի որ ամուսինը խաղում է, ու իրենք անընդհատ վեճեր են ունենում, որն ազդում է իրենց հարաբերությունների վրա, սա, հավանաբար, արդեն իսկ կախվածության մասին է խոսում: Սովորաբար այդ նպատակով կիրառվում է նաեւ խաղամոլության գնահատման SOGS (South Oaks Gambling Screen) սանդղակը։

- Իսկ արդյոք կարո՞ղ ենք նկարագրել` ինչպիսին է խաղային կախվածությամբ անձը:

- Շատ անհատական է, բայց, որպես կանոն, կախվածություն ունեցող անձի համար ժամանակի ընթացքում կյանքը սկսում է սահմանափակվել միայն խաղալով եւ այն ամենով, ինչ կապված է դրա հետ: Ժամանակի ընթացքում մարդը, որպես կանոն, կամաց-կամաց հեռանում է իր հիմնական ընկերներից, հարազատներից, ավելի քիչ է շփվում, երբեմն սկսում է ավելի քիչ հետեւել իր արտաքինին, չհետաքրքրվել ընտանիքի խնդիրներով: Մտքերը զբաղված են միայն խաղալով. ո՞նց անեմ, ինչպե՞ս գումար գտնեմ, ի՞նչ խաղադրույք անեմ, գործակիցների հաշվարկներ, մեթոդի վերհանում: Շատ խաղացողներ փորձում են ինչ-որ մեթոդ գտնել, որով կարող են հաղթել: Որոշ խաղացողներ խոսում են այն մասին, որ իրենց հաջողվել է ինչ-որ բանաձեւ դուրս բերել, եւ պարզապես հույզերն են խանգարում, թե չէ հաստատ կկարողանան գումար աշխատել այդ ճանապարհով եւ այլն։

Բացի այդ` բոլոր խաղացողների մոտ կա մտայնություն, որ իրենք կարող են հաղթել մի օր կամ մեծամասամբ հաղթած դուրս գալ, գտնել մի բանաձեւ ու հեշտ փողեր աշխատել: Խաղացողների մի մասն էլ հաճախ մտածում է, որ յուրահատուկ կանխազգացումով են օժտված եւ ավելի հաջողակ են, քան ուրիշները։ Սա, չնայած այն փաստին, որ խաղամոլների մոտ, ի տարբերություն նման խնդիր չունեցող անձանց, առավել թույլ են զարգացած կենսական իրավիճակների կանխատեսման կարողությունները։

Մյուս ընդհանրությունն էլ այն է, որ ֆինանսական խնդիր ունենալու դեպքում խաղացողների մոտ գումար հայթայթելու առաջին տարբերակը խաղալն է: Սա կարծես վարքային մոդել է, որն ուղեղն առաջադրում է որպես հնարավոր առաջնային տարբերակ: 

- Պարտվելու տարբերակը չի՞ դիտարկվում:

- Հարցը նրանում է, որ նույնիսկ հիմքեր չունեն հավատալու, որ իրենք մի օր գուցե շահեն, միեւնույն է` միշտ մի տեղ հույս կա, որ հեսա-հեսա՝ պահը կբռնացնեն ու կշահեն: Շատ հաճախ լինում է, որ մեծ գումարներ ընթացքում շահում են, չկա մի խաղացող, որ գոնե մեկ անգամ մեծ գումար չի շահել: Բայց ես չեմ հանդիպել որեւէ մեկին, ով կարողացել է ընդհանուր առմամբ շահած դուրս գալ: Որովհետեւ, եթե մարդը մեծ գումար է շահում ու որոշում, որ էլ չի խաղալու, մի պահի նորից վերադառնում է, պարտվում է, դեռ մի բան էլ ավելի:

- Կա՞ դինամիկա Հայաստանում խաղամոլության աճի գծով:

- Ասեմ, որ խաղային կախվածությունն ավելի շատ բնորոշ է մեզ նման, զարգացող կամ վատ զարգացած երկրներին: Հայաստանում աճի միտում կա, քանի որ թեեւ խաղատները ժամանակին Երեւանից հանեցին, բայց ավելի հասանելի են այսօր դարձել, ու մեծ գումարներ են այսօր ներդնում բուքմեյքերական ընկերությունները՝ գովազդի համար:

- Արդյոք հնարավո՞ր է ինքնուրույն հաղթահարել խաղերից կախվածությունը, պարտադի՞ր է մասնագետի օգնությունը:

- Տեսականորեն հնարավոր է ինքնուրույն հաղթահարել, բայց մեծամասամբ հաջողված դեպքերը մասնագիտական օգնության միջոցով են լինում: Նախ՝ խաղամոլը  պետք է ցանկանա, որ իրեն օգնեն, պիտի ընդունի, որ ինքն ունի այդ խնդիրը, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ բոլոր փաստերը կան, որ ինքը կախվածություն ունի, բայց չի ընդունում, որ դա կախվածություն է. «Ես խաղում եմ, պարտվում, բայց դա կախվածություն չէ, ես իմ հաճույքի համար եմ անում»: Միայն այն դեպքում, երբ նա կընդունի, որ ունի կախվածություն, եւ պետք է ուրիշի օգնությունը, հնարավոր է ինչ-որ բան անել: Որպես կանոն` ընտանիքի անդամները խնդիրն ինքնուրույն լուծել չեն կարողանում, եթե նույնիսկ կախվածություն ունեցող անձն ուզում է փոխվել, գոնե մասնագիտական ցուցումներ, թեկուզ համապատասխան մասնագիտական ինքնօգնության ձեռնարկի տեսքով, պետք է ունենալ: Սակայն, ամեն դեպքում, առանց մասնագետի հաղթահարելը բավականին բարդ է, քանի որ ժամանակի ընթացքում ուղեղում ձեւավորվում են նեյրոկենսաբանական հիմքեր, որի արդյունքում դժվարանում է պայքարն այդ վարքատեսակի դեմ: 

- Ինչպե՞ս վերաբերվել խաղային կախվածությամբ անձին, որպեսզի հնարավոր լինի նրան օգնել:

- Յուրաքանչյուրը գիտի, թե իր որ հարազատի հետ ինչպես է պետք խոսել: Կարեւոր է, որ հարազատների մոտեցումը վիրավորելով կամ մեղադրելով չլինի, քանի որ այդ դեպքում նրանք ավելի կհեռացնեն խաղացողին իրենցից: Պետք է մոտենալ հասկացողի, ընդունողի ու օգնողի դիրքերից: Անհրաժեշտ է համբերատար, շարունակական, կառուցողական զրույց վարել, օգտվել մասնագիտական ձեռնարկներից, խաղամոլության ինգնօգնության ուղեցույցներից եւ հնարավորության դեպքում համապատասխան մասնագետին դիմելը խրախուսել: Խաղամոլը հաճախ կարող է ընտանիքի անդամներին մեղադրել, որ իրեն չեն հասկանում, չեն վստահում, մեղադրել վերաբերմունքի փոփոխության մեջ, քանի որ ժամանակի ընթացքում փոխվում է վերաբերմունքը նրա հանդեպ եւ որոշ ընտանիքներում` շատ կոպիտ ձեւով: Մարդիկ կան, որ չեն պատկերացնում, թե դա ինչ է` մտածելով, թե կամքի խնդիր է, թուլության դրսեւորում: Կախվածությունից ազատվելը թույլի կամ ուժեղի հարց չէ, այլ ցանկության ու մոտիվացիայի։