«Հրապարակ». Թեժ մրցակցություն՝ Արտաշատի ավագանու համար

«Հրապարակ». Թեժ մրցակցություն՝ Արտաշատի ավագանու համար

Սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին ավագանին երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի դեմ «բոյկոտ» սկսեց՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահրմամբ։

Մարզպետը ցանկանում է իր թիմն ունենալ մարզկենտրոն Արտաշատի ավագանիում, ի վերջո, ավագանու ոչ բավարար թվի եւ նիստեր չկայանալու հիմքով այն ցրվեց։ Ըստ այդմ էլ թեժ մրցակցություն է սպասվում ավագանու պաշտոնի համար, երկու կողմերն էլ յուրայինների են առաջադրելու, քաղաքապետը՝ քողարկված, իսկ մարզպետը՝ բացահայտ, իրենց մարդկանց։ Մեր տեղեկություններով՝ քաղաքում դեռեւս ազդեցություն ունեցող Աբրահամյանների մարդիկ նույնպես որոշել են ետ չմնալ պայքարից, եւ նրանց թիմից մոտ մեկ տասնյակ առաջադրում կլինի։