Կասկադի ծառերը դատապարտված են հատման

Կասկադի ծառերը դատապարտված են հատման

Երևանի քաղաքապետարանը մահվան է դատապարտել Կասկադի տարածքում, Թամանյան 1 հասցեում գտնվող հաստաբուն ծառերը։ Դրանց բներին քաղաքապետարանի կանաչապատման վարչությունը ահռելի տեղեկատվական թերթիկներ է փաթաթել, որոնց վրա ընդամենը գրված է, որ համաձայն մասնագիտական եզրակացության, ծառերը ենթակա են հատման /փոխարինման/։ Հարևանությամբ գտնվող սրճարանի աշխատողների վկայությամբ, ծառերն ամենեւին էլ հիվանդ չեն, այլ կանաչում են ամեն գարուն, մինչդեռ քաղաքապետարանի մամուլի քարտուղարն ասում է, որ եթե ծառերը հանում են, ուրեմն, դրանք կամ հիվանդ են, կամ ծեր։ Իսկ Երևանի կանաչապատման վարչությունից պնդում են․ «Եթե կանաչապատման աշխատակիցներն են, ուրեմն ոչ կենսունակ և չորացած ծառեր են հատվում, դրանք փոխարինվելու են նորերով»:

Բնապահպան Սիլվա Ադամյանին հարցրեցինք, թե արդյոք իրավունք ունի քաղաքապետարանը առանց բացատրության, կտրի կանաչող ծառերը։«Գիտեմ, որ հիմա տենդենց կա Երևանի քաղաքապետարանում, այնպիսի ծառեր տնկել, որոնք ավելի քիչ են հիվանդանում, ավելի դիմակայուն են։ Բայց որքանով են նրանք սխալ կամ ճիշտ, սա մասնագիտական հարց է։ Մի բան կարող եմ ասել, որ եթե իրենք փոխարինում են այլ ծառով, իրենք պարտավոր են նույն թերթիկի վրա նշել, թե ինչ տեսակի ծառ է, քանի տարեկան է, և որ էսինչ պատճառով այն փոխարինվում է նոր ծառով։ Այ սրա մասով խախտում կա»։ 

Մենք գտանք դատապարտված ծառերի այլ լուսանկարներ, որտեղ դրանք դեռ կանաչ են ու շքեղ։