Դուք ավելի լավ է հարց տաք, թե երիտասարդ աղջիկ է, որտեղի՞ց նրան այդքան գիտելիք

Դուք ավելի լավ է հարց տաք, թե երիտասարդ աղջիկ է, որտեղի՞ց նրան այդքան գիտելիք

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախի գյուղապետ Արայիկ Մկրտչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ նրան մեղադրանք է առաջադրվել դիրքը չարաշահելով՝ դստեր օգտին քարոզչություն իրականացնելու համար։ Մի քրգործ էլ որպես համայնքապետ թույլ տված ենթադրյալ չարաշահման մասով է հարուցվել։

Աննա Մկրտչյանի՝ Ազգային ժողովում ցուցաբերած ակտիվության, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հասցեին սուր ելույթներից հետո համացանցում տարատեսակ ֆեյք օգտատերերի կողմից կեղծ լուրեր տարածվեցին, թե Մկրտչյանի հորը՝ Արայիկ Մկրտչյանին ձերբակալել են, հետո էլ, թե նա փախել է երկրից։ Երեկ մենք զանգահարեցինք Մկրտչյանին, եւ պարզվեց, որ նա Հայաստանում է, ոչ մի տեղ չի «փախել», զբաղվում է համայնքապետի իր աշխատանքով։

«Ես ամեն օր ստաբիլ իմ աշխատանքին եմ։ Ավագանի, իհարկե, չունենք, բայց համայնքն օրենքով ինչ լիազորություններ որ ունի, էդ բոլոր պայմաններով աշխատում է»,- ասաց Արայիկ Մկրտչյանը։

- Ձեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, եւ Ձեզ մեղադրանք է առաջադրվել, որի հիմնական էությունն այն է, որ Դուք, չարաշահելով Ձեր լիազորություններն ու դիրքը, Ձեր դստեր օգտին քարոզչություն եք իրականացրել ու Ձեզ ենթակա կառույցի աշխատողներին պարտադրել եք Ձեր դստեր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկել։

- Ներկայացված է էդպես, բայց ոչ մի պարտադրանք չի եղել իմ կողմից, առավել եւս, որ դա եղել է «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ում, ընդհանրապես մեզ հետ առնչություն չունի, բացի վարչական տարածքում գտնվելուց, եւ իմ ոչ մի խոսքի մեջ չի երեւում, որ, գիտե՞ս ինչ, ես սենց կանեմ, նենց կանեմ, եթե ձայն չտաք։ Ընդհակառակը, ես էնտեղ ասել եմ, որ էդ մարդիկ (ավագանու անդամները) ձախողել են մեր համայնքի զարգացումը, որը կառավարության ծրագրով հաստատված էր, աշխատանքի կեսից սկսեցին ձախողել, եւ մինչեւ հիմա համայնքն իր կողմից հասանելիք սուբվենցիոն ծրագրերի գումարը վճարել է, եւ մինչեւ հիմա պետությունն էդ սուբվենցիայի իր հասանելիք մասը չի տրամադրում, որ մենք էդ շինարարների ծախսերը փակենք։

- Այդ գործով Ձեզ կանչե՞լ են հարցաքննության, քրգործն ի՞նչ փուլում է գտնվում, քննչական գործողություներ կատարվե՞լ են։

- Դե, դրանք ավարտվել են, եւ մեղադրանք են առաջադրել, հիմա սպասում ենք, որ մտնի դատարան։ Մենք, իհարկե, ժամանակ ունեինք, որ բողոքարկեինք, որպեսզի դատախազը չհաստատեր քննիչների կողմից էդ մեղադրանքը, բայց առայժմ չգիտեմ՝ ինչ էտապում է դա։ Հիմա սպասում ենք, որ մտնի դատական փուլ։

- Ձեզ, ի դեպ, չձերբակալեցին եւ չկալանավորեցին, մինչդեռ Արմեն Չարչյանին, որին նույնպես նմանատիպ մեղադրանք է առաջադրվել, կալանավորել են։ Ի՞նչ եք կարծում, դա ինչո՞վ է պայմանավորված։

- Նրանով է պայմանավորված, որ քննիչները ներքին համոզմունք ունեն, որ ոչ մի պարտադրանք չի եղել իմ կողմից։ Եվ դա օրենքն էլ է ապացուցում, որ ես պարտադրել նույնիսկ չէի կարող, որովհետեւ նրանք ընդհանրապես ինձ ենթակա մարդիկ չեն։

- Մեկ այլ քրգործ էլ է հարուցված Ձեր դեմ, եթե չեմ սխալվում, ինչ-որ չարաշահումների թեմայով։

- Այո, էլի գործ կա հարուցված, իբրեւ թե մեկին 70 սմ վիտրաժ սարքելու համար բանավոր թույլտվություն եմ տվել։ Այսինքն՝ դա էլ պաշտոնական դիրքի չարաշահում է, թե ինչ է։ Էդ մասով էլ է հարուցված քրգործ։

- Ձեր դուստրը՝ որպես պատգամավոր, մեծ ակտիվություն ցուցաբերեց, ու դրանից հետո իշխանությունների կողմից արշավ սկսվեց թե՛ Ձեր, թե՛ Ձեր դստեր նկատմամբ։ Դուք սա համարո՞ւմ եք Ձեր դստեր ընդդիմադիր գործունեության հետեւանք։

- Ուրեմն, սկսած 2018 թվականից՝ իրենք եւ իրենց կողմից ընտրված ավագանու անդամներն սկսել են պայքարելը՝ աշխատանքի խոչընդոտներ, չգիտեմ, կեղծ ստորագրություններ հավաքել, կեղծ մեղադրանքներ եւ այլն, եւ այլն։ Էս վերջերս մի քիչ ավելի ինտենսիվացել է, ճիշտն ասած՝ չգիտեմ, դա իմ դստեր ակտիվությա՞ն հետ է կապված, թե՞ իրենց գործելաոճն է այդպիսին։

- Դուք այդ թեմայով խոսե՞լ եք Աննայի հետ, ոմանք ողջունում են նրա ակտիվությունը, ասում են՝ ինչ համարձակ աղջիկ է, մի մասն էլ քննադատում է նրան, որ չի կարելի նման կերպ վարվել, հատկապես իրենից տարիքով մեծերի հանդեպ։

- Ուրեմն, ես եւ իմ ընտանիքը բավականին պահպանողական ընտանիք ենք։ Ես, ճիշտ է, նման բաներ չեմ սիրում, բայց իմ աղջկա գործունեությունը երբեք փոքրի ու մեծի հետ կապված չէ։ Իմ աղջկա գործունեությունը, ես ինչքան գիտեմ, կապված է հայրենիքի ու մեր երկրի ճակատագրի հետ։ Իսկ որ որեւէ մեկին վիրավորական արտահայտություն անի, վիրավորի, բացառվում է։ Իմ դուստրն էնքան կիրթ ու դաստիարակված երեխա է, որ ամեն ինչը կարողանում է հասկանա եւ դրանով առաջնորդվի։

- Օրինակ, Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ է անվանում, որն իրենք համարում են վիրավորանք։

- «Կապիտուլյանտ» բառը հայհոյա՞նք է, ինչ է։ «Կապիտուլյանտը» գործունեության արդյունքը գնահատող եզրույթ է, իմ կարծիքով։

- Նաեւ քննարկվեց Ձեր դստեր հայտարարագիրը, որ 26 տարեկան աղջիկ է, բայց մի քանի հողամաս ունի հայտարարագրած, բավականին մեծ ունեցվածք, 10-12 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա ունի` Kia Sportage, 5 մլն դրամ, 6 հազար ԱՄՆ դոլար, 3 հազար եվրո կանխիկ գումար։ Դուք ինչպե՞ս կբացատրեք, իրեն որտեղի՞ց այդքան գույք եւ գումար, եթե այս տարիներին բիզնեսով չի զբաղվել, բարձր վարձատրվող աշխատանք չի ունեցել։

- Նախ՝ ինքը որոշակի աշխատանք ունեցել է։ Երկրորդը․ ինքը մեր ընտանիքի առաջնեկն է, սիրելի եւ լավ բալիկը, էլ չեմ ասում, որ գեներալին հավասար պապիկ է ունեցել՝ գնդապետ Աշոտ Գրիգորյանը, որը նրա մայրական պապիկն է։ Իսկ հայրական պապիկն էլ մեր գյուղի հազար տարվա բնակիչ է եղել։ Երկրորդն էլ՝ մենք մեծ գերդաստանի ընտանիք ենք, եւ էդ, ինչ որ կարդում եք էդ ցուցակով, դրանք իրենցից էդքան էլ մեծ բաներ չեն ներկայացնում։

- Այսինքն՝ նկատի ունեք, որ Ձեր, Ձեր հոր եւ աներոջ նվերնե՞րն են իրեն։

- Դա իմ մայրիկի կտակներն են, որ ասել է՝ իմ բալին լավ նայեք, իմ բալեն ոչ մի բանի պակասություն չպիտի ունենա։ Ինքը ժառանգության բաժիններից մաս ունի, մեզ հետ սեփականաշնորհման իրավունքից է օգտվել։ Մի հատ տուն ունենք գյուղում, մի հատ էլ ժառանգություն ենք ստացել։ Նենց որ, էդքան մեծ բաներ չեն դրանք։

- Բայց հայտարարագրում մի քանի կտոր հողամասի սեփականատեր է, օրինակ՝  0․045 հա՝ Քասախ համայնքի Զ․ Անդրանիկի փ․ 48 հասցեում, 0․04116 հա եւ 0․02 հա այլ հասցեներում, 0․40092 հա՝ Քասախ համայնքում․․․

- 0․045 հեկտարն ինչքա՞ն քառակուսի է, գիտե՞ս՝ 400 քմ է, իսկ 400 քմ-ն շա՞տ է։

- Դե, օրինակ, ես փորձել եմ ունենալ այդ չափի հողամաս, եւ հնարավորություններս չեն ներել։

- Ես էլ փորձել եմ Range Rover ունենալ՝ չեմ կարողացել, դա չի նշանակում, որ չափանիշ է դա։

- Նաեւ 0․0584 հա հողամաս ունի Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում։

- Այո, 500 քմ։ Դուք ավելի լավ կլինի, որ էդ երեխայի գիտելիքի մակարդակը որոշեք, չափեք, հարց տաք, թե բավականին երիտասարդ աղջիկ է, որտեղի՞ց նրան այդքան գիտելիք։ Այ, դա ավելի ցանկալի կլիներ։

- Եթե Դուք հետեւում եք նիստերին, նկատած կլինեք, որ ցանկացած պատգամավորի հայտարարագրած անգամ 100 դոլարի եկամուտը հարցնում  են՝ որտեղից է, փորձում են դրա տակ «կոռուպցիա ու թալան» հայտնաբերել, նորմալ է, որ Ձեր դստեր հայտարարագիրն էլ է ուշադրության արժանացել։

- Ես էդտեղ նորմալ բան չեմ տեսնում, ավելի լավ է երկիրը ճիշտ ուղու վրա դնեն, երկիրը կառուցեն, քան նմանատիպ բաներով, բամբասանքներով ու չգիտեմ ինչով զբաղվեն։