Սովորություն չունեմ դատարաններով հարցերս լուծելու

Սովորություն չունեմ դատարաններով հարցերս լուծելու

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու դեմ պայքարողներին միացել էր նաեւ մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելով եւ հայտարարելով, որ հոկտեմբերի 1-ից կդադարեցնի կլինիկական գործունեությունը։ Ըստ որում, ոչ միայն բոլոր բժիշկները, այլեւ բուժքույրերն ու մայրապետերը։ Բժիշկներին միացել են նաեւ շահառու ՀԿ-ներ՝ «Առողջության կամուրջ Արմենիա», «MENQ ENQ», «Օգնեմ» հիմնադրամները, «Ֆոնդ 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որոնք բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին․ «․․․մեր բարեգործական գործունեությունը եւ հիմնադրամները մանկական ուռուցքաբանության ոլորտում ստեղծվել են լիակատար հուսահատությունից դեռեւս նախորդ իշխանությունների օրոք, երբ նեպոտիզմը, տվյալների կեղծումը, կոռուպցիան ուղղակիորեն սպառնում էին կենտրոնի փոքրիկ հիվանդների կյանքին, իսկ հաճախ՝ նաեւ տխուր ճակատագրական դեր խաղում:

2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո մենք մեծ հպարտությամբ եւ առողջապահական ոլորտում իրավիճակի փոփոխության հույսով միացանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Զուգահեռաբար, կենտրոնի ներկայիս տնօրեն Սամվել Դանիելյանի կողմից պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո մենք եռակի ուժով շարունակեցինք մեր մասնավոր հիմնադրամների գործունեությունը»։ Մենք զրուցեցինք Սամվել Դանիելյանի հետ։ Դատարան դիմելո՞ւ եք։ «Չէ, ի՞նչ դատարան, կարող է մարդը երկարացնում է, կմտածեմ դիմել-չդիմելու մասին, բայց սովորություն չունեմ դատարաններով հարցերս լուծելու։ Ես իմ ճշմարտության բաժինն ունեմ, որը երեւի շատ հստակ է»։ Բժիշկներին չե՞ք հորդորել չդիմել այդ քայլին՝ հաշվի առնելով այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկներն էլ Սամվել Գրիգորյանի հետ դուրս եկան, բայց ո՛չ վարչապետը, ո՛չ Թորոսյանն ուշադրություն չդարձրին բողոքներին։ Հիմա էլ չեն կարողանում աշխատանք գտնել։ Դանիելյանն ասաց, որ իրավունք չունի խոչընդոտելու մարդկանց սահմանադրական իրավունքի իրացմանը։ Իսկ որ Արսեն Թորոսյանն իր քայլից հետ չկանգնի՞… Դանիելյանն արձագանքեց․ «Փորձենք, որ այս անգամ հետ կանգնի բոլորիս կողմից հարգված ու սիրված Արսեն Թորոսյանը։ Հուսա՛նք»։ Իսկ նախարարությունից որեւէ պարզաբանում ստացե՞լ եք։ Բժշկական շրջանակները կարծում են, որ իրական պատճառը Դանիելյանի անկախությունն է կադրային ու ֆինանսական քաղաքականության մեջ։ Նաեւ ասում են՝ կենտրոնի ղեկավարի պաշտոնը խոստացվել է արյունաբանականի բժիշկ-ուռուցքաբաններից ոմն Երվանդ Հակոբյանի։

ՀԳ 1․ Նշենք, որ կլինիկայի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի նկատմամբ։ Ինչպես մեկնաբանեցին բժշկական շրջանակներից՝ սա պարզ համընկնում է, եւ այս երկու իրադարձություններն իրար հետ որեւէ կապ չունեն։ Ավելին, պնդում են, որ Դաղբաշյանի ու Դանիելյանի հարաբերությունները փայլուն չեն։ 

ՀԳ 2. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ Աննա Հակոբյանը ստատուս գրեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների նախագահի լիազորությունները։ Մինչ մարդիկ տարակուսած էին, թե որն է պատճառը, այս խոհանոցին ծանոթ մեկը հուշեց, որ պատճառը Արյունաբանականի տնօրենի հարցն է, այդ քայլով տիկին Աննան մեղմ «շանտաժի» է ենթարկում ամուսնուն, որ Դանիելյանը, ի հեճուկս Արսեն Թորոսյանի, մնա։ Քիչ ուշ տեղեկացանք, որ շանտաժն արդյունք է տվել Փաշինյանը հայտարարեց․ «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը»: