Կանայք հեռանում են

Կանայք հեռանում են

Կանանց տեսակարար կշիռն անշեղորեն նվազում է մեր իշխանության մեջ։ Ճիշտ է՝ Ազգային ժողովում նրանք քիչ չեն, բայց երբ կառավարությունում աշխատող կանայք նվազում են, եւ բարձրաստիճան կին պաշտոնյաներին փոխարինում են սորոսյան «կապտամազիկները», դա բոլորովին չի խոսում գենդերային հավասարակշռությունը պահպանելու մասին։

Երեկ միանգամից երկու կին պաշտոնյայի ազատման մասին տեղեկացանք։ Մեկը Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն է, մյուսը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը։

Ուշագրավ է, որ մեր նոր իշխանությունը, որն օրական տասն անգամ սեր է խոստովանում ժողովրդին եւ հավատացնում, որ «իշխանությունը ժողովուրդն է», չի բարեհաճում բացատրել, թե որն է այս պաշտոնյաների ազատման պատճառը։

Ինչպես անհասկանալի ու անհիմն նշանակում են, նույնքան անհասկանալի ու չպատճառաբանված ազատում աշխատանքից։ Սիրանույշ Սահակյանի դեպքում, իհարկե, փոքր-ինչ իրավիճակն այլ է՝ նա նախկին իշխանությունների կողմից էր նշանակվել։ Եվ հիմա, ազատվելով աշխատանքից, հայտարարության տեքստ է տարածել՝ իր ազատմանը գաղափարական հենք տալով եւ մի շարք կարեւոր հարցեր բարձրացնելով։ Դրանցից ամենակարեւորն այն է, որ «չի ձեւավորվել օրենքով նախատեսված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»։

«Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին եւ անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատմամբ ունեցած պատասխանատվությանս հետ: Ուստի, այսօրվանից դադարեցնում եմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնավարումս»,- եզրափակել է նա:

Այնպիսի տպավորություն է, որ վերջին պրոֆեսիոնալներն ու սկզբունքային մարդիկ են հեռանում պաշտոններից։