Ռուբեն Վարդանյանի անվան շուրջ տարածվող սկանդալը ոչ մի կապ չունի իր հետ

Ռուբեն Վարդանյանի անվան շուրջ տարածվող սկանդալը ոչ մի կապ չունի իր հետ

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ռուբեն Վարդանյանի անվան շուրջ տարածվող սկանդալը Ռուբեն Վարդանյանի և Հայաստանի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականում։ Սա ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության հերթական փուլն է, կոմպրոմատների պատերազմ։ Փորձ է արվում կրկին Պուտինի և ռուսական իշխանական համակարգի կոռումպացված փողերի հետքեր գտնել և Տրոյկա Դիալոգը ներկայացվում է որպես այդ փողերի լվացման գործընթացի մաս։ Իրականում չկա այդպիսի բանկ աշխարհում, որ նմանօրինակ գործառույթներ չի իրականացրել կամ չի իրականացնում այս պահին։ Օֆշորային կազմակերպությունները ռուսները չեն հորինել։

Նրանք ազատ գործում են և օգտագործվում հարկային օպտիմիզացիայի, կամ հարկերից խուսափելու համար ամբողջ աշխարհով մեկ։ Տրոյկան լինելով Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը բնականաբար իրականացրել է բազմաթիվ նմանատիպ գործարքներ, ինչը դեռ չի նշանակում, որ դրանք անօրինական են։ Նման խոշոր գործարքները աննկատ չեն լինում։ Եթե 15 տարի ոչ ոք սրա մասին չի իմացել ու չի հիշել, իսկ այս պահին մեկ էլ այս ամենը ի հայտ եկավ, ուրեմն պետք էր, որ հիմա ի հայտ գա։ Ամեն դեպքում Հայաստանի շահերից չի բխում, այս գործընթացի մեջ որևէ ձև խառնվել։ Կրկնում եմ, սա ռուս-ամերիկյան կռիվներ են»։