Ալիև- Փաշինյան բանավոր պայմանավորվածության շղթան բացվում է

Ալիև- Փաշինյան բանավոր պայմանավորվածության շղթան բացվում է

Դաշտ նետված Ալիև- Փաշինյան բանավոր պայմանավորվածությունների շղթան բացվում է։ Նախ ուշադրություն դարձրեք՝ Ալիևը Նիկոլ Փաշինյանին «փուռը չի տալիս» , ավելին փորձում է  հայկական ներքին լսարանի համար Փաշինյանին դարձնել ոչ թիրախային։ Ահա թե ինչ է հայտարարում․ «Զանգեզուրի միջանցքը կբացվի, չնայած դրանից խուսափելու՝ Հայաստանի փորձերին»։ Ալիևը փորձում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ» եզրույթը հայկական ներքին լսարանի համար վերահաստատել։ Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը «ոտերը դեմ է տալիս, չի ուզում», բայց չնայած նրա անհամաձայնությանը, այն կբացվի․ «Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականցնում ստանձնած պարտավորությունը, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, և ոչ միայն մեզ համար»։  

Այստեղ գործում է Փաշինյանի կողմից դաշտ նետված «խեղճ Նիկոլն ինչ անի» եզրույթը, որը հավանաբար մոտ ժամանակներս ևս ակտիվ կշրջանառվի։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը,  թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում Զանգեզուրի միջանցքի մասին որևէ բառ չկա, Ալիևն անմիջապես ապահովագրում է Նիկոլ Փաշինյանին, ասելով․ «Այո, ես այդ եզրույթը հետո եմ մտցրել աշխարհքաղաքական բառապաշար»։ Եվ որպեսզի Նիկոլին  հայկական ներքին լսարանի համար զրահապատ դարձնի, որ նա ավարտին հասցնի կիսատ թողածը, «քաղաքական կաթոցին» ուժեղացնում է․ «Հայաստանում դա որպես սպառնալիք են ընդունում, թեև նման գաղափար չի եղել, ուղղակի դա անխուսափելի է»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը,  բազմիցս հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ընդգծել է, որ որևէ արտատարածքային միջանցք անընդունելի է։

Հայաստանի իշխանությունները բազմիցս նշել են, որ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են դրանք։ Եվ որպեսզի այս թատրոնը լրիվ լինի, իբր թե Փաշինյանի ու Ալիևի միջեւ լեզվակռիվ է սկսում «Զանգեզուրի միջանցք» եզրույթի մեկնաբանման շուրջ։ Այնուհետև  Ալիևն ասում  է, որ Ադրբեջանը նախաձեռնել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախաձեռնությունը. «Ադրբեջանի իրավունքն է նախաձեռնել այն, ինչ նա համարում է ճիշտ, օրինական, ողջամիտ և ինչն  աջակցություն է գտնում Ռուսաստանի Դաշնության և գործընթացում ներգրավված այլ կողմերի կողմից»: Պատմական պետք է համարել Նիկոլի խաղը՝ իբր լրիվ անտեղյակ նվաղած ասում է․ «Չգիտեի, որ ռուսները կողմ են «Զանգեզուրի միջանցքին»։ Պուտինի հայացքն այդ պահին ուղղված ՆԻկոլին,  այդպես եմ մեկնաբանում՝ դու չգիտեի՞ր, աղվես։

Այնպես որ Փաշինյան- Ալիև բանավոր պայմանավորվածությունների շղթան նման մեխանիզմներով է գործարկվում։  

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։