Երեւանում մեծացած ամեն մի տղա, մի քիչ մտածելու ունակություն ունեցող ամեն մի աղջիկ գիտի, որ շանտաժի ու ճնշումների առաջ չի կարելի նահանջել։ Ավելին՝ թշնամուն չի կարելի ցուցադրել, որ վախենում ես։ Որ պահին ցուցադրեցիր քո վախը, արդեն պարտված ես։ Իսկ եթե հանկարծ հիմարություն արեցիր եւ զիջեցիր թշնամուդ՝ կորած ես, հավերժ զիջելու ես եւ հանձնես։ Բայց քանի որ այսօր իշխանության գլխին կանգնածները՝ Նիկոլ Փաշինյան կլինի, թե Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, թե Սուրեն Պապիկյան, բակերում կռիվների մեջ չեն մեծացել եւ մտածելու հետ էլ որոշակի խնդիրներ ունեն, չգիտեն այս տարրական բաները։ Նրանք անգամ իրենք իրենց փորձից ու սխալներից հետեւություններ չեն անում։
Ասենք, օրինակ, երբ փետրվարի 23-ին Ռուբեն Վարդանյանին ազատում էին Արցախի պետնախարարի պաշտոնից, սպասում էինք, որ մի քանի օրվա ընթացքում ճանապարհը կբացվի, որովհետեւ ադրբեջանցիների գլխավոր պահանջը կատարվել է։ Եվ այն, որ մինչ օրս ճանապարհը չի բացվել, հակառակը՝ ավելի հիմնովին է փակվել, արցախցիներին զրկելով տարրական կենսապահովման միջոցներից, արդեն իսկ խոսում է այն մասին, որ թշնամին ոչ թե զիջումներ է պարտադրում, որ ինքն էլ ինչ-որ զիջումների գնա, այլ որպեսզի ամբողջությամբ կլանի Արցախը եւ հպատակեցնի հայերին։ Մի կասկածեք, որ ինչի կարողանան՝ հասնելու են խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթով։ Իսկ ինչի որ չկարողանան հասնել բանակցություններով ու փաստաթղթերով, ստանալու են կռվով, ուժով ու զոռբայությամբ։
Հավատալ, որ ադրբեջանցին եւ թուրքը խաղաղություն են ուզում հաստատել, սահմանների դեմարկացիա անել եւ քաղաքակիրթ հարեւանություն, նույնն է, թե ժամանակին հավատային, որ Հիտլերը բավարարվելու է Եվրոպան գրավելով եւ Ռուսաստանի վրա չի հարձակվելու։