Մեծ ցավով եմ լսում իշխանություններին, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Շահրամանյան
Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ 10 ամիս շրջափակման հետևանքով, այնուհետև 4 ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր նահատակներին, մեր զոհերին, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը և իրենց ընտանիքները:
Ռազմական գործողությունների արդյունքում մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը, և մենք մշտապես մեր հիշողություններում ունենալու ենք այն նվիրյալների անունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը և հնարավորություն են ստեղծել, որ հարյուր հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից», - ընդգծեց նախագահը:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, Արցախի նախագահը նշեց, որ ցավով է լսում նման արտահայտություններ:
«Ցավով եմ լսում նման արտահայտությունները այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք ՀՀ-ում, որոնք համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ հաղթանակ է: Մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և ՀՀ ժողովուրդն է այդպես մտածում: Ես ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց, իրենց պատասխաններն իրենք պետք է տան այն քաղաքացիներին, ովքեր ձևավորել են իշխանություններին»,- շեշտեց նա:
Կարծիքներ