ԲՀԿ-ն «զադնի» չի դրել․ շարժումը նոր թափով կսկսի ակցիաները

ԲՀԿ-ն «զադնի» չի դրել․ շարժումը նոր թափով կսկսի ակցիաները

Հայրենիքը դեռեւս չի «փրկվել», ավելին՝ գրեթե ամեն օր մի պատառ զիջում ենք թշնամուն, բայց 17 կուսակցությունների ձեւավորած Հայրենիքի փրկության շարժումը վերջին շաբաթներին պասիվացել է՝ ո՛չ հանրահավաք են անում, ո՛չ երթեր, ո՛չ բողոքի ակցիաներ։ Նոր՝ 2021 տարում գրեթե ոչ մի ակցիա չի իրականացվել։ Փրկության շաժումից մնացած միակ «ապացույցը» Հանրապետության հրապարակում տեղադրված վրանն է, որտեղ հերթափոխով գիշերում են ընդդիմադիր գործիչները։ Մամուլում էլ տեղեկություններ կան, որ շարժման նախաձեռնող խումբն առաջվա ինտենսիվությամբ նիստեր չի հրավիրում, հիասթափվել են, որ իրենց պայքարն արագ արդյունք չտվեց՝ Փաշինյանը կամովին հրաժարականի դիմում չգրեց։ 

17 կուսակցությունների տեսակետները տարբերվում են նաեւ արտահերթ ընտրությունների հետ կապված. մի քանիսը գտնում են, որ ծայրահեղ դեպքում պետք է ընդունել Փաշինյանի առաջարկած օրակարգը եւ մասնակցել արտահերթ ընտրությունների, մյուսները կատեգորիկ դեմ են։ Հատկապես պասիվացել են ԲՀԿ-ականները։ Հիշեցնեք, որ Ամանորի նախօրեին Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին ու թեեւ հանդիպումից հետո հայտարարեց, թե իրենք չեն հրաժարվել շարժման օրակարգից ու կարծում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը նոր ընտրություններ կկազմակերպի, սակայն գործընկերներից ոմանք ի սկզբանե դեմ են եղել այդ հանդիպմանը։ Մեր տեղեկություններով, մտնելով հանդիպման սենյակ՝ Ծառուկյանը, իմանալով, որ իրենց խոսակցությունը գաղտնալսվում է, թույլ չի տվել, որ Փաշինյանը բերանը բացի, միանգամից հայտարարել է՝ պահանջում եմ հրաժարական, ու արագ դուրս է եկել։  

Հայրենիքի փրկության շարժման անդամները, սակայն, վստահեցնում են, որ իրենք չեն հիասթափվել, չեն նահանջել շարժման հայտարարած օրակարգից եւ առաջիկայում նոր մարտավարությամբ, նոր թափով են բողոքի ակցիաներ սկսելու։ Որտե՞ղ եք հիմա, ինչո՞ւ բողոքի ակցիաներ չեք անում՝ հարցրինք «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանին։ «Վրանում»,- պատասխանեց նա։ Իսկ վրանում նստելով հնարավո՞ր է փրկել հայրենիքը։ «Վրանային ակցիան ընդդիմության շարժման ակցիաներից ընդամենը մեկն է, մենք իրականացրել ենք, իրականացնում ենք շատ ակցիաներ եւ նոր թափով էլ բազմաթիվ այլ ակցիաներ եք իրականացնելու»,- ասաց Բաբայանը՝ չցանկանալով փակագծերը բացել, թե երբվանից ու ինչպիսի ակցիաներ են ծրագրում։ Մարտավարությո՞ւն եք փոխելու։ «Այո, ավելի կոշտ մարտավարության ենք անցնելու»։ Ձվերին ի՞նչն է փոխարինելու։ «Ինչին ինչը կփոխարինի, ժամանակի ընթացքում կտեսնեք»։ Արսեն Բաբայանի ասելով՝ նույն ինտենսիվությամբ նիստեր են հրավիրում, եւ տարաձայնություններ չկան։ «Մենք նիստերից նիստեր ենք հասցնում սնվել եւ կենսական այլ պահանջներ բավարարել։ Շատ անդադար նիստեր ենք անում, տարբեր հանձնաժողովներ, հանձնախմբեր ազատ չեն մնում»։ Ինչ վերաբերում է շարժման ներսում տարաձայնություններին, ապա քանի դեռ որեւէ կուսակցություն չի հեռացել շարժումից, համաձայն է շարժման հայտարարություններին։ «Մենք պետք է չմոռանանք, որ Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները նույն քաղաքական գիծ վարողները չեն։ Շարժումը, այո, այս պահին միավորել է կուսակցություններին, հանրային դեմքերին, որոնք ունեն հիմնական նպատակ՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ձեւավորել ժամանակավոր կառավարություն, այնուհետեւ անցկացնել արտահերթ ընտրություններ»,- ասաց նա։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով շարժման քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչ է եւ մասնակցում է նիստերին, նույնպես վստահեցրեց՝ ԲՀԿ-ի օրակարգում ոչինչ չի փոխվել, կուսակցությունը «զադնի» չի դրել․ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ մի ձեւով ո՛չ փոխվել է, ո՛չ մեղմացել, օրեցօր վիճակը գնալով ծանրանում է։ Կոնկրետ մեր մասով կարող եմ ասել, որ ոչ մի բան չի փոխվել»։ Բայց ընդդիմությունն առաջվա պես հավաքներ չի անում, բողոքի ակցիաներ չեն կազմակերպվում։ «Ես Ձեզ հետ չեմ համաձայնի, կարող եմ ասել մի բան՝՝ թույլ տվեք առայժմ չմանրամասնել գործողությունների տրամաբանությունը»։ Հատկապես ԲՀԿ-ի մասով են ասում՝ մի կողմ եք քաշվել, ակտիվ չեք փրկության շարժման աշխատանքներում։ «Ոչ, ոչ, առավել քան ակտիվ ենք։ Դրսի պայքարից զատ, գոյություն ունի խորհրդարանի պայքար, հազար ձեւի այլ հարթակներ։ Իրավական եւ օրենսդրությանը համապատասխանող բոլոր հարթակները մեր կողմից օգտագործվել են եւ օգտագործվելու են»։ Տեղեկություններ կան, որ հատկապես ԲՀԿ-ն հակված է արտահերթ ընտրությունների ճանապարհով լուծում տալ ստեղծված իրավիճակին։ «Ես հիմա չեմ ուզում մանրամասնել՝ հասկանալի պատճառներով․ պիտի կրկնեմ, որ մեզ մոտ պրինցիպիալ առումով  բան չի փոխվել, այն, որ իշխանությունը պետք է հեռանա, դա փաստ է, Փաշինյանը պետք է հեռանա։ Մենք ոչ մի դեպքում «զադնի» չենք դրել ու չենք էլ դնելու, որովհետեւ այստեղ իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, երկիրը փրկելու խնդրի առջեւ ենք կանգնած»։