Ավիախառնաշփոթ կամ անպատասխանատվություն եվրոպական ձեւով
ՄԱՍ 1. ՓԱՐԻԶՈՒՄ
2019թ. օգոստոսի 29-ի կեսօրից հետո Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայանը պատերազմի դաշտ էր հիշեցնում. ուղեւորների մի մասին սննդի կտրոններ էին բաժանվում, հարյուրավոր ուղեւորներ վազում էին օդանավակայանի անծայրածիր տարածքով՝ չվերթների մի անցակետից (GATE) մյուսը, ներգնա գնացքով տեղափոխվում մի տերմինալից մյուսը, մի ավիաընկերությունից՝ մյուսը: «Համակարգչային խառնաշփոթ է»,-ի պատասխան իմ հարցի՝ ասաց AirFrance-ի աշխատակցուհին:
Սոցիալական ցանցերով շփոթահար ուղեւորները քննարկում էին պատճառները, սակայն իրական պատճառը կա՛մ անհայտ էր, կա՛մ գաղտնի էր պահվում ուղեւորներից, թեպետ Միջազգային ավիափոխադրումների Մոնրեալի կոնվենցիայով եւ ԵՄ 261/2004 կարգավորմամբ պատճառների մասին պարտավոր են տեղյակ պահել ուղեւորներին: Համակարգչային խառնաշփոթին հավատալը դժվար էր, մանավանդ որ որոշ ավիաընկերությունների չվացուցակը չէր խախտվել: Օգոստոսի 29-ի կեսօրին Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում ոչ միայն մեծ ավիախառնաշփոթ էր, այլեւ մեծ անպատասխանատվություն:
Նույն օրն առավոտյան Դուբլին մեկնող դստերս հրաժեշտ տալուց հետո նրան նորից հանդիպեցի Փարիզի օդանավակայանում, ապա տեւական ժամանակ կորցրեցի կապը նրա հետ, թերեւս ուղեւորների մեծ կուտակումների պատճառով օդանավակայանի համացանցային ծառայությունը դադարեց գործել: Միայն հասցրեցի տեղեկանալ, որ դեպի Դուբլին նրա չվերթը հետաձգվել է մինչեւ հաջորդ օրվա կեսօր, եւ նրան հյուրանոց են հատկացրել: Երեւանում մնացած հարազատներիս հասցրեցի տեղեկացնել, որ գիշերն օդանավակայան չգան ինձ դիմավորելու, բայց չհասցրեցի ասել, թե ինչու:
Այսպես ավարտվեց այս տարվա ամառային իմ եվրոպական հանգիստը, եւ սկսվեց ավիաչարչարանքների փուլը, քանի որ մեծ ավիախառնաշփոթի եւ եվրոպական անպատասխանատվության հզոր ալիքը հարվածել էր նաեւ ինձ:
Օգոստոսի 29-ի առավոտյան, Շառլ դը Գոլ օդանավակայանում, ժամանակին անցնելով անվտանգության եւ մնացյալ ընթացակարգերը, հասա չվերթների թիվ 62 անցակետին, ուր քիչ անց Լեհական ավիաուղիներով Փարիզ-Վարշավա թռչող ուղեւորներիս անցակետի էկրանը գուժեց՝ թիվ 332 չվերթը հետաձգվել է երկու ժամով: Քիչ անց այդ ավիաուղիների երիտասարդ աշխատակիցն անվրդով ձայնով եւ անտարբեր հայացքով տեղեկացրեց, որ LOT-ը չեղարկել է թռիչքը: Սարսափահար ուղեւորներին, այդ թվում եւ ինձ, նա անվրդով խորհուրդ տվեց նախ անվտանգության փակ պահասենյակից ետ վերցնել մեր գրանցված ուղեբեռը, ապա նոր ավիատմոս ձեռք բերել Star Alliance Connection Service-ից, վերջում՝ նորից հաշվառվել եւ գրանցվել:
Ուղեբեռների խորհրդավոր պահասենյակը հսկայական օդանավակայանում գտնելը դժվար էր, մանավանդ որ որեւէ տեղեկատվության ճշտման համար օդանավակայանի բազմազբաղ աշխատակիցների մոտ մեծ հերթեր էին: Զրկված ավիաչվերթից, հուսահատ ճամպրուկիս անհայտությունից՝ ես սկսեցի վազել օդանավակայանի տարածքով՝ գտնելու իմ տառապյալ ուղեբեռը: Մոսկվացի մի ռուս ընտանիք միացավ ինձ՝ վստահ, որ ես դուրս կբերեմ իրենց այդ իրավիճակից: Ճանապարհին հանդիպում էինք մեր չվերթի այլ ուղեւորների եւս եւ որպես նույն փորձություններով ապրող ճակատագրակիցների՝ հետաքրքրվում միմյանցով: Այդ ընթացքում մոսկվացի այդ ընտանիքին առաջարկեցի աշխատանքի բաժանում կատարել. նրանցից երկուսը մնացին ներքեւում նոր ավիատոմս ձեռք բերելու հերթում, իսկ ես ընտանիքի 20-22 տարեկան տղայի հետ ճանապարհ ընկա՝ գտնելու անվտանգության աշխատակցին եւ ուղեբեռների պահասենյակը: «Որտեղի՞ց գիտեք ռուսերեն»,- անգլերենով եւ ֆրանսերենով հաղորդակցությունս ու շփումներս անտեսած՝ զարմացած հարցրեց ֆրանսիական ոճով հագնված երիտասարդը, որի օտար լեզվի իմացությունը սկսվում եւ ավարտվում էր Je ne parle pas francais-ով: «Ես Հայաստանում եմ ապրում»,- ծիծաղեցի: Իմ պատասխանից երիտասարդի զարմանքը չպակասեց. նա բացարձակ անտեղյակ էր, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ մաս էր կազմել:
Երբ Star Alliance Connection Service-ի մոտ իմ հերթը հասավ, ինձ առաջարկեցին մեկնել Փարիզ-Ստամբուլ-Երեւան ուղղությամբ: Հայկական ազգային ավիափոխադրողի չգոյության, դեպի Երեւան սահմանափակ չվերթների եւ չհամընկնող ժամերի, կուտակված հերթերի պատճառով համաձայնեցի: Սակայն ճամպրուկս հաշվառելիս Turkish airlines-ի աշխատակիցն ասաց, որ իմ ուղեբեռը ուղիղ Երեւան չի գնում, եւ ես պետք է այն ետ վերցնեմ Ստամբուլի օդանավակայանում, նորից գրանցվեմ, քանի որ երկրորդ ավիափոխադրողն այլ ավիաընկերություն է, բայց տրանզիտի ժամանակը կարճ էր օդանավակայանում Թուրքիայի մուտքի արտոնագիր ձեռք բերելու, ճամպրուկ ստանալու, նորից անվտանգության եւ այլ ընթացակարգեր անցնելու համար:
Այդ ընթացքում Star Alliance-ում հերթը նվազել էր, փոխարենն ավելացել էր օդանավակայանի հատակին քնած ուղեւորների թիվը, որոնց հատկացրել էին ավիատոմսեր հաջորդ օրվա համար՝ առանց հյուրանոցի: Գիտակցելով, որ ինձ էլ է սպասվում նույն դաժան հեռանկարը, դարձյալ մոտեցա Star Alliance-ի աշխատակցին եւ ասացի, որ եթե հիմա իմ հարցը չլուծեն, ես միջազգային սկանդալ կսարքեմ:
Անփույթ աշխատակցուհին արաբական առոգանությամբ անգլերենով նեղացած նետեց. ես ձեզ տվել էի ամենալավ ավիատոմսը: Երկար փնտրելուց հետո ինձ հատկացրեցին նոր ավիատոմս՝ նույն օրը AirFrance-ով դեպի Վարշավա, ապա LOT-ով՝ դեպի Երեւան: Վարշավայում ուղեբեռս նորից վերցնելու կարիք չկար, եւ դարձյալ համաձայնեցի: Ներգնա գնացքով, ուղեբեռովս հանդերձ, մոտ 15 րոպե ընթանալով եւ այլ տերմինալ տեղափոխվելով՝ հասա AirFrance-ի հաշվառման կետին, եւ պարզվեց, որ ուղեբեռս չեն ներառել նոր ավիատոմսում, եւ նորից պետք է դրա համար վճարեմ, թեպետ երկու անգամ Star Alliance-ի աշխատակցին զգուշացրել էի, որ հանձնվող ուղեբեռ ունեմ: Ետ վերադառնալ 2-րդ տերմինալից 1-ին՝ արդեն ժամանակ չկար: AirFrance-ի բարեհամբույր աշխատակցուհին առանց լրացուցիչ վճարի հաշվառեց ուղեբեռս, քանի որ այն փոքր էր եւ թեթեւ: Ուղեբեռս հանձնելուց հետո մոտեցա Վարշավա մեկնող անցակետին, սակայն անցակետի համարներն անվերջ փոխվում էին, եւ շփոթահար ու հոգնած ուղեւորները մեծ խմբերով վազում էին մի անցակետից մյուսը: Նույնն էլ նաեւ իմ չվերթի դեպքում: Իմ կողքին նստած մի ֆրանսախոս լեհ տղամարդ համառորեն փորձում էր քնել, սակայն անվերջ փոփոխվող անցակետերի պատճառով ստիպված էր արթուն մնալ: Ի վերջո, ինձ խնդրեց իրեն արթնացնել թռիչքից առաջ: «Ձեզ քնել չի հաջողվի»,-ասացի նրան, հիմա պետք է գնանք մյուս անցակետ: Տղամարդու նյարդերը վերջնականապես տեղի տվեցին, եւ նա սկսեց գոռալ օդանավակայանի աշխատակիցների վրա: Դրանից հինգ րոպե անց էկրանին հայտնվեց նոր գույժը՝ Վարշավայի չվերթը հետաձգվում է երկու ժամով, եւ ես զրկվում էի նաեւ Վարշավա-Երեւան չվերթի հնարավորությունից եւս: Միմյանց ետեւից չեղարկվում էին բազում այլ չվերթներ, համացանց չկար. ավիաչարչարանքներս շարունակվում էին: AirFrance-ի աշխատակցուհին սկսեց նոր տոմս փնտրել ինձ համար, սակայն ոչ մի հարմար տարբերակ չկար. նա խորհուրդ տվեց Վարշավա, այնուամենայնիվ, մեկնել, եւ քանի որ LOT-ը չեղարկել է թռիչքը, պարտավոր են նոր տոմս եւ հյուրանոց հատկացնել:
Իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս երկու ավիաընկերությունները միմյանց են մեղադրում իրավիճակի համար, իսկ Լեհական ավիաուղիներում, դրանից բացի, քար անտարբերությամբ են վերաբերվում ուղեւորներին այսօրինակ փորձությունների ենթարկելուն, չորս ամիս առաջ գնված իմ ավիատոմսի չվերթը չեղարկելուց հետո իմ վերադարձը Հայաստան ապահովելուն:
AirFrance ինքնաթիռում, տեսնելով, որ տղամարդ ուղեկցորդը ռադիոկապով տեղեկացնում է մի ուղեւորի կարճ տրանզիտի մասին, մոտեցա եւ ասացի, որ իմ վիճակն ավելի բարդ է՝ ներկայացնելով այն: Քիչ անց մոտեցավ օդանավի հրամանատարը, ֆրանսիական նրբանկատությամբ ներողություն խնդրեց եւ առաջարկեց ներկայացնել իրավիճակը AirFrance-ի կայքէջում՝ տրամադրելով համացանցին միացած իր համակարգիչը:
Այսպես էին զարգանում իրադարձությունները մինչեւ Վարշավա: Մեծ ավիախառնաշփոթը շարունակվում էր:
Շարունակությունը՝ վաղվա համարում
Կարծիքներ