Արայիկ Հարությունյանն ամբողջ ՀՅԴ կառույցի համար կրթության նախարար չէ

Արայիկ Հարությունյանն ամբողջ ՀՅԴ կառույցի համար կրթության նախարար չէ

Երեկ Դաշնակցությունն իր շարքերից արտաքսեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամի՝ Արտակ Մելիքյանին, Վանիկ Չալոյանին եւ Անուշ Մարտիրոսյանին։ Նրանք արտաքսվել են ՀՅԴ կանոնադրությունը խախտելու համար։ Դաշնակցությունում արտաքսելն ամենախիստ պատիժն է՝ արտաքսվածներն այլեւս հետ վերադառնալու շանս չունեն։ Վերոնշյալ երիտասարդներն արտաքսվել են իրենց ներկուսակցական քննարկումների մասին «Ուղղամիտ եւ անվախ դաշնակցականներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելուց, դրանում ՀՅԴ խորհրդաժողովից մանրամասներ հրապարակելուց եւ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց տալուց հետո։ Խնդիրը ՀՅԴ երիտասարդների կազմակերպած նստացույցերն են՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, որին վերոնշյալ երեք անձինք դեմ են արտահայտվել ու հրաժարվել մասնակցել ակցիաներին։

ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ երեք երիտասարդներից երկուսն ուսանողներ չեն, այլ՝ ուսանողական միության անդամներ, եւ որեւէ պատասխանատվություն չունեն Նիկոլ «Աղբալյան» ուսանողական միության մեջ։ «Իրենք լիազորված չեն եղել, իրավասու չեն եղել, որ նման հարցազրույցի մասնակցեն, հատկապես, որ իրենք մինչ այդ բազում առիթներ են ունեցել կուսակցական ժողովներում տարբեր բաների մասին իրենց տեսակետները հայտնելու։ Իսկ իրենք խոսել են բաների մասին, որ իրենք դրանց մասնակից չեն եղել։ Օրինակ, երբ խոսում են էդ ժողովի մասին, որի մասին Գերագույն մարմինը տարածել էր հաղորդագրություն, իրենք ներկա չեն եղել էդ ժողովին եւ ենթադրություններով խոսքեր են ասել, որ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սիմոն Սիմոնյանը։

- Ո՞րը, մասնավորապես, ա՞յն, որ Հրանտ Մարգարյանն ասել է՝ պետք է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։

- Էդ անստորագիր նամակի մեջ, որ գրված է, դրանք իրականության հետ որեւէ ձեւով չեն համապատասխանում, եւ հատկապես էն բաժինը, որ ասում են՝ վախի մթնոլորտ եւ այլն․ ով Դաշնակցությանը ճանաչում է, գիտի, որ Դաշնակցության մեջ նման խնդիր չկա։ Եթե մենք ժողով ենք գումարել, շուրջ 150 մասնակից ենք ունեցել, տեւել է 5 ժամ, ելույթ են ունեցել 60-ից ավելի ընկերներ՝ ամեն մեկն իր տեսակետն է հայտնել, դա ինչպե՞ս կարող ենք վերլուծել որպես վախի մթնոլորտ։ Կեղծ, սուտ տեղեկություններ են տրված էդ նամակում, դա իրականությանը չի համապատասխանում, եւ որեւէ դաշնակցական իրավունք չունի դրանք տարածել։ Իսկ բուն նամակը՝ մեր կանոնագրի մեջ նման գործընթաց չկա, նախաձեռնություն չկա, բոլոր դաշնակցականները կարող են իրենց պատկան ժողովներից ինչ-որ նամակ ժողովների խողովակով փոխանցել։

- Խոսքն ա՞յն նամակի մասին է, որտեղ նշվում է, թե Հրանտ Մարգարյանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու եւ գործող իշխանությանը պարտիզանական հարվածներ հասցնելու մասին։

- Դա ամբողջովին սուտ եւ կեղծ լուր է, որովհետեւ մեր օրակարգում նման բան չի եղել։

- Պարտիզանական հարվածներ հասցնելու մասին որեւէ խոսք չի՞ եղել։

- Ոչ, ոչ, ոչ մի նման բան չի եղել՝ պարտիզանական եւ այլն, եւ այլն․․․ քաղաքական հարցեր են քննարկվել, ամեն մարդ իր կարծիքն ասել է ազատ, որեւէ կաշկանդում դաշնակցականը չունի ներքին հանդիպումների մեջ։ Մեր որոշումները, իհարկե, նման ժողովներում չենք ընդունում, այլ մեր գերագույն ժողովներում, որ արել ենք նախապես, իսկ գերագույն մարմինները պարբերաբար խորհրդաժողովներ են կազմակերպում՝ ընկերների կարծիքն իմանալու։ Էդտեղ կապ չունի՝ պարտիզանական եւ այլն, նման ելույթ ոչ ոք չի լսել։

- Բայց ասում են, որ իրականում եղել է նման ելույթ։

- Ոչ, ոչ, չի եղել… իսկ էդ գրությունը հակականոնագրային ընթացք է, մենք չունենք նման գրություն, մեր կանոնագրով ուրիշ ձեւ են մեր գրությունները։ Էդ գրությունը մի քանի հոգու մեջ է տարածվել, որոնք հիմնականում նման ժողովի չեն ներկայացել։ Իսկ պարտիզանական կամ նման ելույթ մենք չենք լսել, Քոչարյանի մասին որեւէ բան չենք լսել, որովհետեւ օրակարգը դա չէր։

- Այսինքն՝ հորինվա՞ծ է այդ նամակը։

- Այո, մենք տեղյակ ենք նամակ գրողից, խմբագրողից եւ տարածողներից։ Եվ մեր զարմանքն այն է, թե ինչու իշխանություններն էսպես ուրախությամբ, ամեն ուժով լծվել են էս հարցին։ Եթե մենք զրո տոկոսանոց կուսակցություն ենք, ինչո՞ւ ենք այդքան ուշադրության առարկա դարձել երկրում։ Ուրեմն մենք ուժ ենք երկրում, որ շատ ավելի բարձր է, մենք ուժ ենք համահայկական։ Եվ շատերն էդ հարցի մեջ շատ մեծ սխալներ են անում։

- Հիմա այդ երեք երիտասարդներն արտաքսվել են ՀՅԴ շարքերից այն պատճառով, որ Հանրայինով ելո՞ւյթ են ունեցել, թե՞, որ ի սկզբանե դեմ էին արտահայտվում ցույցերին։

- Նրա համար, որ ունեցել են հակականոնագրային ընթացք։ Դաշնակցության մեջ, անկախ ամեն ինչից, դու ժողովներում ազատ ես՝ քո տեսակետն արտահայտել, քո խոսքն ասել, վերջում որոշում է կայացվում։ Էդ որոշմանը բոլորը պետք է ենթարկվեն։ Ով չի ենթարկվում նման որոշումներին, կանոնագիրը նախատեսություն ունի դրա համար։

- Իրենք կոնկրետ ո՞ր որոշմանը չեն ենթարկվել, ցույցերին մասնակցելո՞ւ։

- Այո, ցույցերին, ակցիաներին մասնակցելու հարց է եղել, եւ հակառակ ոմանց, մեր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել ցույցերին եւ նստացույցին։ Նույնիսկ ձերբակալության ժամանակ էդ 25-26 հոգուց բավականին թվով ընկերներ ՆԱՈՒՄ-ի անդամներից էին։ Այսինքն՝ էնպես չէ, որ չեն մասնակցել։

- Բայց երիտասարդներն ասում են, որ ՆԱՈՒՄ-ի մեծ մասը դեմ է եղել ցույցերին, եւ որ ձեզ հաջողվել է հազիվ մի 50 հոգու հավաքել։

- Բայց նստացույցի համար ինչո՞ւ պիտի ավել հավաքեինք, թվո՞վ ենք մենք ճշտում, թե՞ բովանդակությամբ։ Մենք նման խնդիր չենք դրել։ Նախ՝ այդ ցույցերը լրիվ կազմակերպել է ՀՅԴ երիտասարդական միությունը։ Որեւէ խնդիր Դաշնակցությունը կամ երիտասարդական միությունն իր առջեւ չի դրել, որ հազարավոր մարդիկ հավաքվեն էդտեղ։

- Հիմա ձերբակալվածներից կա՞ն մարդիկ, որոնք դեռ անազատության մեջ են, եւ որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը։

- Ոչ, մեր երիտասարդները բոլորն էլ այդ գիշեր ազատվեցին։ Նախաձեռնությունը մնում է։ Արայիկ Հարությունյանը ոչ թե մեզ համար, այլ ամբողջ ՀՅԴ կառույցի համար կրթության նախարար չէ, եւ մենք մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ նրա հրաժարականը։