ԱՄՆ դեսպանությունը՝ Շուշի չայցելելու մասին․ «Չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները»

ԱՄՆ դեսպանությունը՝ Շուշի չայցելելու մասին․ «Չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները»

Հուլիսի 9-ին Ադրբեջանում 46 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ այցելել էին արցախյան Շուշի քաղաք։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանները հրաժարվել էին այցելել Շուշի։ Դեսպանների հրաժարվելը դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանական պրոպագանդիստական «Հաքքին.az» խմբագրակազմը երեկ հարցեր է ուղղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերին։

Առաջին հարցով լրատվամիջոցը հետաքրքրվել է դեսպանից, թե ինչո՞ւ են մերժել Շուշի այցելելու կառավարության հրավերը: «Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող այցելել որոշ միջոցառումներ: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ օրը Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ովքեր չկարողացան մեկնել Ֆիզուլի [Վարանդա] և Շուշի», - պատասխանել են դեսպանատնից։

Դիտարկմանը, որ «ԱՄՆ-ը տարբեր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ» և հարցին՝ «Ինչու՞ է Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հարցով միաբերան գործում Ռուսաստանի համախմբված դիրքորոշման հետ», դիվանագիտական կառույցը պատասխանել է․ «ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց 2014 թվականին Ուկրաինայի տարածքի բռնազավթման, չարամիտ կիբերգործունեության և հակաահաբեկչական գործողությունների, մարդկանց վաճառքի, զենքի տարածման և այլ վնասակար գործողությունների համար»։

Դեսպանությունը նշել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում: «Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Ռուսաստանը կվերադառնա կարգերի վրա հիմնված միջազգային պարտավորությունների մոդելին, որը մեզ հնարավորություն կտա կառուցել ավելի կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերություններ: ԱՄՆ-ը չի բացառում համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ և՛ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի հետ, և՛ երկկողմ ու գլոբալ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են պատժամիջոցները, սպառազինությունների կրճատումն ու կլիմայի փոփոխությունը»։

Վերջին հարցով «Հաքքին»-ը հետաքրքրվել է, թե «ինչո՞ւ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները նույն դիրքը բռնեցին ու մերժեցին հուլիսի 9-ին Շուշի այցելելու հրավերը»:

Դեսպանատունը պատասխանել է, որ «մենք չենք մեկնաբանում մեր դեսպանի ժամանակացույցի մանրամասները»:

«Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս կապվել Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանությունների հետ՝ այլ դեսպանությունների վերաբերյալ մանրամասն տեղեկության համար», - եզրափակել է պատասխանը։

Հուլիսի 9-ին Շուշի էին այցելել Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Հարավային Կորեայի, Քաթարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալազիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի, Վենեսուելայի դեսպանները և Բելգիայի արտաքին գործերի նախարարության ժամանակավոր հավատարմատարը։

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունն այսօր տարածած հայտարարությամբ դատապարտել է «օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի»։

«Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում», - նշել է Արցախի ԱԳՆ-ն։