Համայնքապետի թեկնածուի նկարը «լայքելու» համար ստիպել են դիմում գրել

Համայնքապետի թեկնածուի նկարը «լայքելու» համար ստիպել են դիմում գրել

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն անցել է ծայրահեղ միջոցների․ նեոբոլշեւիկյան մոտիվներով՝ ՔՊ-ականները ցանկանում են վարչական համակարգում կանխել ցանկացած այլախոհություն, եւ նման յուրաքանչյուր դրսեւորում արժանանում է վերջիններիս դաժան հակահարվածին։ Մասնավորապես, տեղեկություն ստացանք, որ գործող մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ աշխատանքից ազատվել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանը, քանի որ պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը հանդգնություն է ունեցել «լայքելու» նախկին քաղաքապետ, ընտրություններում համայնքապետի թեկնածու առաջադրված Մամիկոն Ասլանյանի լուսանկարը։

Մենք տեղեկությունը փորձեցինք ճշտել Սյուզաննա Բալայանից, սակայն նա վստահեցրեց, որ տեղեկությունը սխալ է, ինքն աշխատում է, եւ «լայքելու» հետ կապված որեւէ խոսակցություն չի եղել։ Սակայն Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սյուզաննա Բալայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, թեեւ այս պահին շարունակում է մնալ պոլիկլինիկայի տնօրեն։ Մենք կրկին կապվեցինք Սյուզաննա Բալայանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դիմում գրելու պատճառը, սակայն մեր տեղեկությունները ջանասիրաբար հերքող Բալայանն ասաց, որ մենք խլում ենք իր աշխատանքային ժամանակը, եւ ինքը չի պատրաստվում որեւէ հարցի պատասխանել։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ․ հարցրինք` տեղյա՞կ է, որ իր լուսանկարը «լայքելու» համար մարդ են աշխատանքից ազատում։  «Ճիշտն ասած՝ կան նման տեղեկություններ, բայց կոնկրետ պոլիկլինիկայի մասով չգիտեմ, այլ տեղերից կան մարդիկ, որոնց նման մոտեցումներ են ցուցաբերվել՝ դիմումի պարտադրանք եւ այլն»,- պատասխանեց Ասլանյանը։ Նրան հարցրինք՝ ուրիշ ի՞նչ տվյալներ ունի։ «Այս պահին չեմ ցանկանում հրապարակել, որպեսզի մարդկանց ուղղակի չվնասեմ»։ Իսկ իր նկատմամբ ճնշումներ կա՞ն, եւ եթե այո` ո՞ւմ կողմից են դրանք, ՔՊ-ի՞, թե՞ մյուս թեկնածուների։ «Ինձ վրա՝ չէ, բայց թիմակիցների նկատմամբ փորձում են, բայց մենք ճնշումների չենք տրվելու։ Իսկ թե ում կողմից է, չեմ մեկնաբանում, մյուս թեկնածուներն ինչպե՞ս կարող են ճնշել, կամ ո՞վ կարող է ճնշել... ով մտածում է, որ կարող է ճնշել, իրենց կողմից են ճնշումները»,- պատասխանեց Ասլանյանը։