Ուսանողները դասը սկսվելուց առաջ բջջայինները հանձնում են դասախոսին

«Հրապարակ»-ին են դիմել Արևելյան Ուկրանիայի Ազգային Համալսարանի Երևանի կրթական ինստիտուտի ուսանողները։ Համալսարանը հիմնադրվել է Հայաստանում 2001 թվականին, Ուկրաինայի ազգային համալսարանի մասնաճյուղն է: Այս պահին համալսարանում առկա և հեռակա համակարգերում սովորում է մոտ 300 ուսանող: Երկու մասնագիտություն են ուսուցանում` տնտեսագիտություն և համակարգչային ծրագրեր։ Համալսարանը պետական է։
Մեզ դիմած ուսանողները հայտնել էին, որ համալսարանում տիրում են այնպիսի կանոններ, որոնք իրենց համար անընդունելի են: Մասնավորապես նշում են` համալսարանում դասերը սկսվելու պահից 10-15 րոպե ուշանալու դեպքում ստիպված են լինում համալսարանի տնօրենին բացատրագիր գրել: Ուսանողներին թույլ չեն տալիս դասի ժամանակ հեռախոս ունենալ մոտը` դասը սկսվելու պահին ուսանողն իր բջջայինը պարտավոր է թողնել դասախոսի սեղանի վրա։ Եղել են դեպքեր, որ ուսանողը դասի է նստել հեռախոսով՝ չներկայացնելով և երբ դասախոսը հայտնաբերել է բջջայինը, վերցրել է` հանձնել ուսումնական գծով փոխտնօրենին, և հեռախոսը մի քանի օր հետո են վերադարձրել։ Ուսանողներն այս կանոնները համարում են խիստ ոչ դեմոկրատական եւ ոչ ժամանակակից, ուստի ասացին, որ որոշել են հանրայնացնել` հույս ունենալով, որ այս կանոնները կվերացվեն: Նրանց խոսքով, այս ամենը դժվարություններ է ստեղծում իրենց համար` իրենք էլ են ուզում մյուս համալսարանների ուսանողների պես ազատ լինել: Նրանք նաեւ մատնանշում են, որ համալսարանի հետ կնքած պայմանագրում նման կանոններ նշված չեն` եթե իրենք իմանային, որ այսպես է լինելու, չէին դիմի այստեղ սովորելու համար։
Մենք այցելեցինք համալսարան՝ հանդիպեցինք համալսարանի տնօրեն Սահակ Ղուդրատյանի հետ։ Նրան ներկայացրեցինք ուսանողների բողոքները: Ս. Ղուդրատյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման կանոններ են գործում իրենց համալսարանում, ասաց, որ դրա նպատակն է ուսանողին ստիպել, որ կենտրոնանա դասապրոցեսի վրա, քանի որ նրանց ծնողները գումար են վճարում, որ նրանք սովորեն։
«Ես 23 տարի աշխատում եմ այս ոլորտում, և ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ այլ կանոններով հնարավոր է կազմակերպել որակյալ ուսում», -ասաց տնօրենը:
- Ուսանողի և համալսարանի միջև կնքած պայմանագրի մեջ կա՞ն նման կետեր, որ պարտավորվում է ուսանողը դասի մտնելուց բջջայինը թողնել դասախոսի մոտ, որ ուշանալիս պետք է բացատրագիր գրի։
- Ոչ, ուսանողի հետ կնքված պայմանագրում չկան նման կետեր, դա մեր ներքին կանոնադրությունն է, որը փակցված է համալսարանի տարբեր հատվածներում, և նրանք կարդում են, տեղեկանում են այդ կանոնների մասին և պարտավոր են ենթարկվել այդ կանոններին, այլապես, դժվարանում է դասապրոցեսը, և այս կանոնների կիրառման դրական արդյունքները շոշափելի են դառնում պետական քննությունների ժամանակ։
Կարծիքներ