Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը» դեռ սպասում են ԶՈՒ հրամանատարության ցուցումներին

Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը» դեռ սպասում են ԶՈՒ հրամանատարության ցուցումներին

Արդեն չորրորդ օրն է՝ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ պատերազմական գործողություններ են ընթանում, բազմաթիվ մարդիկ են կամավորագրվում եւ մեկնում Արցախ՝ պաշտպանելու հայրենիքը, իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, դեռ սպասում են ՀՀ ԶՈՒ հրամանատարության ցուցումներին։
Սեֆիլյանը, որն ապրիլյան պատերազմից հետո խոստանում էր գնալ եւ ազատագրել մեր կորցրած 800 հեկտար տարածքը, այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կամավորների ցուցակագրմամբ է զբաղված, նաեւ հայրենասիրական բնույթի գրառումներ կատարելով։

Չնսեմացնելով ո՛չ Սեֆիլյանի, ո՛չ նրա թիմակիցների ավանդն արցախյան գոյամարտում, կասկածի տակ չդնելով նաեւ նրանց հայրենասիրությունն ու վճռականությունը՝ գնալ եւ կռվել հանուն հայրենիքի, այդուհանդերձ, մի փոքր տարօրինակ է նրանց պահվածքն այսօր։ Ու այդ տարակուսանքն առաջացել է շատերի մոտ, ովքեր նույն այդ համացանցում հիշեցնում են, որ շատերն արդեն խմբերով մեկնել են Արցախ, իսկ Սեֆիլյանը ֆեյսբուքյան ստորագրահավաքով է զբաղված։

Փորձեցինք այս թեմայով մի քանի հարց ուղղել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին։ Նա նախ մեզ հորդորեց նորից կարդալ Սեֆիլյանի հայտարարությունը՝ ակնարկելով, որ այնտեղ մեր հարցերի պատասխանը կա, թե ինչու դեռ չեն մեկնել։ Մեզ թվաց, թե նոր բան է ասել Սեֆիլյանը, պարզվեց՝ Չուգասզյանը նկատի ուներ ցուցակագրման առնչությամբ Սեֆիլանի տարածած այն հայտարարությունը, որտեղ «Սասնա ծռերը» դիմում է ՀՀ ԶՈՒ հրամանատարությանը եւ սպասում նրա ցուցումներին՝ կամավորագրվածների ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակով։

Ուստի Գարեգին Չուգասզյանին հարց ուղղեցինք հանրության մոտ առաջացած տարակուսանքների հետ կապված, որ, թվում էր՝ Ժիրայր Սեֆիլյանը պետք է իր ջոկատով առաջինը մեկներ առաջնագիծ՝ չսպասելով ՊՆ-ի ցուցումներին կամ հրավերին։
«Ուրեմն դա Նարեկ Մալյանի եւ իր նմանների կարծիքն է, եւ մենք նարեկմալյանականների մեկնաբանություններին չենք պատասխանում։ Հայտնի է՝ իրենք ովքեր են եւ ինչու են այդպիսի ստահոդ լուրեր տարածում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Ժիրայր Սեֆիլյանն ինչ է անում, ինքն անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ դիմել էր ՀՀ ԶՈՒ հրամանատարությանն այն ժամանակ, երբ որ կային հակասություններ գործող իշխանության հետ, ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ինքը կամավորագրություն էր ապահովել՝ 1000 հոգուց ավելի մարդ էր հավաքագրվել, նա դիմել էր ԶՈՒ հրամանատարությանը, որովհետեւ առանց ԶՈՒ ցուցումների այդ ներուժը հնարավոր չէ արդյունավետ օգտագործել»,- ասաց պարոն Չուգասզյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ ապրիլյանի ժամանակ մենք բազմաթիվ զոհեր ունեցանք կամավորագրվածների անկազմակերպվածության պատճառով։ «Բարեբախտաբար, հիմա ԶՈՒ հրամանատարությունը, ի տարբերություն առաջվա, ամեն ինչ շատ ավելի կազմակերպված է անում, եւ անգամ, եթե Ժիրայր Սեֆիլյանն ապրիլյանից հետո է դիմել ԶՈւ հրամանատարությանը, առավել եւս հիմա պետք է դիմել ԶՈւ հրամանատարությանը, որովհետեւ ինքը՝ որպես պրոֆեսիոնալ զինվորական, գիտի, որ միասնական հրամանատարության տակ է այդ բոլորը կատարվում։ Ես կարծում եմ՝ սպառիչ պատասխան տվեցի»,- ասաց Չուգասզյանը։

- Իսկ ինչո՞ւ ԶՈւ հրամանատարությունը մինչ օրս նրա կարիքը չի զգացել։

- Էդ արդեն Դուք պիտի դիմեք ԶՈՒ հրամանատարությանը, որ իրենք պատասխանեն։

- Ապրիլյանից հետո Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում էր, որ մեր կորցրած 800 հեկտարն իրենք պատրաստ էին հետ վերադարձնել։

- Եվ նորից դիմում էր ԶՈւ հրամանատարությանը, որպեսզի նա արդյունավետ կերպով օգտագործեր այդ ներուժը։

- Ստացվում է՝ ՀՀ ԶՈւ հրամանատարությունը Սեֆիլյանի եւ նրա ներուժի կարիքը չի՞ զգում կամ չի՞ ուզում օգտագործել։

- Ոչ, էդպիսի բան չի ստացվում։ Որպեսզի Ձեր հարցերին պատասխան ստանաք, պետք է դիմեք ԶՈՒ հրամանատարությանը, որովհետեւ միգուցե իրենք են որոշում՝ երբ եւ ինչպես էդ ամեն ինչն արդյունավետ օգտագործել։

- Բայց արդեն երկրապահները, Շմայսը, Ծաղիկ Ռուբոն եւ էլի շատ-շատերը մեկնել են առաջնագիծ։

 - Դուք դա Շմայսին հարցրեք՝ ինչպես է մեկնել։ Գիտե՞ք ինչ, ինչպես եղել է անկազմակերպ անցյալ անգամ, նույն ձեւով էլ որոշ մարդիկ կարող է անկազմակերպ գնում են։ Բայց դրա մասին չէ խոսքը, խոսքն արդյունավետ կազմակերպելու մասին է։

- Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ երիտասարդներին, անփորձներին ծանուցագրեր են ուղարկում եւ հավաքագրում են, բայց Սեֆիլյանը, որը պրոֆեսիոնալ զինվորական է, ինչպես Դուք նշեցիք, եւ մեծ թիմ ունի, արդեն չորրորդ օրն է՝ սպասում է, որ իրեն կանչեն։

- Էդ Ձե՛զ համար կարող է տարօրինակ լինել, էստեղ տարօրինակություն չկա, նորից եմ ասում՝ եթե ԶՈւ հրամանատարությունը պիտի պատասխանի Ձեր հարցին, խնդրում եմ՝ դիմեք իրենց։ Ի՞նչ կա տարօրինակ էդտեղ։ Մարդիկ բազմաթիվ հարցեր ունեն էստեղ, եւ էդ հարցերից մեկն էլ էսօր արդյունավետ կազմակերպումն է թիկունքի։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հո բոլոր ուժերը միանգամից չե՞ն գցում առաջնագիծ, դա կազմակերպված պիտի լինի։ Էդ արդեն ԶՈՒ հրամանատարությունն է որոշում՝ ում եւ ինչպես օգտագործի։

- Իսկ տեղյա՞կ եք՝ արդեն քանի՞ հոգի է կամավորագրվել։

- Դրա մասին արդեն առանձին հայտարարություն կլինի։ Ի դեպ, ես ուզում եմ ասել, որ «Սասնա ծռերի» դատավարությունը շարունակվում է, եւ մարդիկ, որոնք ձերբակալված են, իրենք էլ են դիմել ռազմաճակատ մեկնելու համար։ Իսկ նրանք, ովքեր ազատության մեջ են, առանց սպասելու ինչ-որ բանի, ցուցակագրվել եւ գնացել են առաջնագիծ։