Կադրային իրարանցում՝ ԱԱԾ-ում. քննչականի նոր պետը «սև գործ անող» է

Կադրային իրարանցում՝ ԱԱԾ-ում. քննչականի նոր պետը «սև գործ անող» է

Անվտանգության մարմիններում կտրուկ փոփոխություններ են սպասվում: Համառորեն լուրեր են տարածվում, թե պատրաստվում են հրաժարական տալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը եւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Պաշտոնական հիմք այս լուրերը դեռեւս չունեն: Մամուլի պատասխանատուները դրանք հերքում են, նաեւ վստահեցնում, որ այս օրերին բազմաթիվ ԶԼՄ-ներից են նման հարցումներ ստացել: Սա նշանակում է, որ կա՛մ ինչ-որ մարդիկ տեղեկատվական արշավ են սկսել իրավապահ կառույցների դեմ, կա՛մ էլ դրանց ներսում լուրջ հակասություններ են հասունացել երկրի քաղաքական ղեկավարության հետ: 

ԱԱԾ մամուլի կենտրոնը երեք օր շարունակ հերքում էր մեր լուրը, թե աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ են գրել մի շարք ղեկավար աշխատակիցներ, այդ թվում՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը եւ նրա տեղակալ Արտյոմ Գրիգորյանը: Այսպիսով, կարեւորագույն քրեական գործերի ընթացքը կախվում է օդում: Աղաջանյանի հրաժարականին նպաստում էր նաեւ այն, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ մտերիմ հարաբերություններ ուներ։ Եվ քանի որ ԱԱԾ փորձառու աշխատողների աշխատանքը պետք է համակարգեր տնօրենի 28-ամյա տեղակալ Արգիշտի Քյարամյանը, բնական է, որ նրանք ընդվզելու էին, եւ աշխատանքից ազատման դիմումները նաեւ այս կոնտեքստում են գրվել։ Մյուս կողմն էլ՝ իշխանությունը եւ նրա կադր Քյարամյանը, թերեւս, սիրահոժար համաձայնել են՝ թեթեւացած շունչ քաշելով, որ ազատվեցին հներից։ Մեզ հայտնի էր, որ արդեն մի քանի օր է, ինչ Աղաջանյանի եւ նրա տեղակալի հրաժարականներն ընդունվել են, բայց, չգիտես ինչու, չեն հրապարակվում:

ԱԱԾ մամուլի կենտրոնը կեղծ հերքումներ էր տարածում՝ պաշտոնական կեղծիք: Կամ էլ մամուլի կենտրոնից, որը, ի դեպ, արդեն մի քանի ամիս է, չունի ղեկավար, թաքցնում էին ինֆորմացիան: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը նոր պետ ունի՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, Քյարամյանի ընկերներից: Նրանք մտերմացել են, երբ Քյարամյանը Շիրակի դատախազությունում էր աշխատանքի նշանակվել: Թե՛ Շիրակի մարզում, թե՛ ավելի վաղ՝ Լոռու դատախազությունում, երկրորդական դերերում է եղել եւ, ըստ դատախազության նախկին աշխատակիցների, այն ֆիգուրը չէ, որ կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել եւ ղեկավարել այնպիսի բարդ մարմին, ինչպիսին ԱԱԾ քննչականն է: «Նա սեւ գործ անող, ղեկավարության հետ միշտ լավ հարաբերություններ ունեցող է»,- ասում են նրա մասին: Մյուսներն էլ, թե՝ աշխատող է: Նախկինում Արթուր Պողոսյանն օգնականի կարգավիճակ է ունեցել, հետո նրան սկսել է առաջ տանել Րաֆֆի Ասլանյանը՝ Շիրակի նախկին դատախազը, որը 2016 թվականին նշանակվեց Երեւանի դատախազ: Նախկին իշխանությունների օրոք նա երբեք մեղադրանք չի պաշտպանել, վառ դրվագներ կամ աղմկահարույց գործեր կենսագրականում չունի: 

ԱԱԾ-ում կադրային իրարանցման երկու դրդապատճառ է շրջանառվում: Առաջինն այն է, որ վարչապետ Փաշինյանին բարկացրել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող Գուրգեն Խաչատրյանի փախուստը, եւ նա իր հավատարիմ մարդուն` ՊՎԾ պետի նախկին ԺՊ Արգիշտի Քյարամյանին գործուղել է ԱԱԾ, հրահանգելով ԱԱԾ շարքերը մաքրել անվստահելիներից: Եվ երկրորդ պատճառը, որ նշում են՝ ԱԱԾ աշխատողները չեն ցանկանում աշխատել Քյարամյանի, Քյարամյանն էլ՝ նախկին աշխատողների հետ: