Ալեքսանդր Սոկուրովը հրաժարվել է մագիստրատուրայի երեւանյան իր կուրսից 

Ալեքսանդր Սոկուրովը հրաժարվել է մագիստրատուրայի երեւանյան իր կուրսից 

Այս տարվա սեպտեմբերից Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում պետք է գործեր կինոյի ճանաչված վարպետ Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը: Դրա համար արվել էր ամեն ինչ․ հանդիպումներ, պայմանավորվածություններ, ուսանողների ընդունելություն՝ 2 փուլով։ Ավելին՝ օգոստոսի վերջին 3 օրով Սոկուրովը իր ստեղծագործական կազմով ժամանել էր Երեւան եւ անձամբ ընդունել քննություններն՝ ընտրելով իր արվեստանոցի ուսանողներին, որոնց թվում ոչ միայն հայեր էին, այլ նաեւ օտարազգի ռեժիսորներ։ 

Սակայն, օրեր առաջ Ա․ Սոկուրովը անսպասելիորեն չեղարկել է իր մագիստրատուրայի կուրսը, քանի որ ռեժիսորի պահանջները չեն բավարարվել ինստիտուտի կողմից։

Թատերականի ռեկտոր Սառա Նալբանդյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Սոկուրովը վերջին պահին հրաժարվել, ո՞րն է պատճառը, ի՞նչ պահանջներ են ներկայացվել, որոնց լուծում չի տրվել․ «Ինքս շատ եմ տխրել, որ այդպես ստացվեց․․․, նրա պահանջները ուղղակի շատ անսպասելի էին ու անընդհատ փոփոխվող, մենք էլ պետական կառույց ենք եւ չենք կարող այդքան արագ փոփոխություններ անել, հատկապես, որ դրա արդյունքում բյուջեն կրկնապատկվում էր, ինքը հավանաբար դրանից նեղվեց․․․, բայց մենք ամեն ինչ արել ենք՝ ինչ ինքն ասել է՝ մենք արել ենք․․․մենք այնպիսի մեդիատեկա ստեղծեցինք, որը իր լսարանն էր լինելու եւ որի բացումը շուտով կանենք․․»,-ասում է Ս․ Նալբանդյանն ու ընդգծում, որ ցանկացած հիմնարկում բյուջեն հաստատվում ու կազմվում է նախորդ տարվա վերջից, որից հետո փոփոխություններ անելը, այն էլ՝ «զգալի» չափով բավական բարդ է դառնում բուհի համար։ Ռեկտորը նշում է, որ այս ծրագրի համար այլ հովանավոր չունեին, ինստիտուտն իր ուժերով էր այն իրականացնելու։ 

Այնուհանդերձ, հնարավո՞ր չէր այլ լուծումներ գտնել եւ ընդառաջ գնալ ռեժիսորի պահանջներին․ «Ամեն դեպքում կրթական համակարգը իր տրամաբանությունն ունի եւ հնարավոր չէ իրեն շատ աղավաղել»։ Վերջին խոսակցության ժամանակ, ռեժիսորը նորից ցանկացել է դասերի սկզիբը տեղափոխել, բայց․ «Ես նրան ասացի, որ դա արդեն հնարավոր չէ, քանի որ սկզբից համաձայնեցված էր ամսի 2-ը, հետո ամսի 9-ը, հետո՝ ավելի ուշ, ես ասացի, որ չենք կարող այդքան հետաձգել»։ 

Թատերականի ռեկտորն ասում է՝ ռեժիսորը մի քանի անգամ փոփոխել է պայմանավորվածությունները․ նախօրոք պայմանավորվել էին, որ Կինոյի տան Կապույտ դահլիճը իր հարակից տարածքներով տալու էին իրեն, որ իր դասերն այդտեղ անցկացնի, բայց Սոկուրովը որոշել է ինստիտուտում անցկացնել իր դասերը․ «Նույն վայրկյանից մենք վերանորոգումը սկսեցինք, ամեն ինչ պատրաստ էր՝ պայմանագրերը հաստատված, բայց գնաց ու նորից ինչ-որ պահանջներ ավելացվեցին»։ 

Ս․ Նալբանդյանը չուզեց նշել, թե ինչքան էր նախատեսված ռեժիսորի հոնորարը, միայն հավաստիացրեց, որ խնդիրը հաստատապես դրա հետ կապված չի եղել։ 

Թե ի՞նչ է լինելու ձեւավորված կուրսի հետ, ցրվելո՞ւ է, թե՞ այլ փոխարինող վարպետ են գտնելու, ռեկտորը դեռ չգիտի։ Ասում է՝ հանդիպել է ուսանողների հետ, նրանք թեպետ հասկացել են իրեն, բայց ասել են՝ վարպետի հետ են ու նրա հետ են կապը պահելու, հավանաբար՝ նաեւ համաձայնեցնելու կուրսի հետագա ճակատագիրը։