Ալյուր, բրինձ, ձեթ՝ ընտրությունից առաջ

Ալյուր, բրինձ, ձեթ՝ ընտրությունից առաջ

Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ։ Այս մասին ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան ետնամասը։ 

Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը։ «Ես այս օրերին անընդհատ գյուղերում եմ՝ քարոզարշավի, քաղաքապետարանում շատ քիչ եմ լինում, զանգեք իմ խորհրդականին», - ասաց նա։ 

Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ չժխտեց, որ օգնություն են բաժանում, բայց միայն արցախցի փախստականներին, որոնք ընտրելու իրավունք չունեն։ «Սնունդ ու հիգիենիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին», - ասում է քաղաքապետի խորհրդականը։ 
Իսկ մեր աղբյուրը պնդում է, որ Արցախից տեղահանվածները միայն «ատմազկա» են։ «Ատմազկի համար տենց են ասում, որ տեղահանված արցախցիներին են տալիս, բայց իրանց ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանն օգնություն ա բաժանում արցախցիներին։ Բա եթե արցախցիների համար ա մենակ, բա մինչև հիմա ինչո՞ւ չէին անում»:
 
Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին։